Արմեն Գրիգորյանի ելույթը՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

Արմեն Գրիգորյանի ելույթը՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին
Մայիսի 24-ին Աստանայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Հանդիպման ժամանակ երկու քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր ներդնել ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Արմեն Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Մինչ քննարկման թեմային անմիջապես անդրադառնալը՝ մի քանի խոսք եմ ուզում ասել հետևյալի վերաբերյալ. առանց չափազանցության կարող ենք ասել, որ վերջին շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է եղել մեր երկրում տեղի ունեցող գործընթացների և իրադարձությունների վրա:

Հայաստանում խաղաղ ժողովրդական շարժման առանձնահատկությունն այն է եղել, որ ներկայիս Սահմանադրության դրույթների ոչ մի խախտում չի արձանագրվել, երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ընթացել են պետության հիմնական օրենքի դրույթներին համաձայն:

Տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում՝ երկրում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, կոռուպցիան արմատախիլ անելու, արդարություն, օրինականություն և իրավահավասարություն հաստատելու նպատակով:

Այս գործընթացը ստեղծել է մի այնպիսի միջավայր, որում նախկին նախագահ և հրաժարական տված վարչապետ Սերժ Սարգսյանն ամբողջ ընթացքում գտնվել և այժմ էլ գտնվում է Հայաստանում՝ փաստացի հանդիսանալով նախկին իշխող Հանրապետական կուսակցության նախագահ, իսկ պետության նախկին ղեկավարի կարգավիճակին համապատասխան, օրենսդրությամբ նախատեսված բոլոր արտոնությունները ամբողջ ծավալով պահպանվելու են:

Վստահությամբ կարելի է ասել, որ ապրիլ և մայիս ամսի սկզբին Հայաստանում կատարված իրադարձությունները հանդիսացել են երկրի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներ՝ ժողովրդական զանգվածների ամենալայն մասնակցությամբ, ինչը և, սահմանադրական նորմերի պահպանման հետ մեկտեղ, ապահովել է այդ գործընթացների անվիճելի լեգիտիմությունը:

Հարկ եմ համարում հատուկ նշել, որ Հայաստանում ազգային շարժումը հանդիսացել է բացառապես ներքաղաքական գործընթաց և հաջողությամբ է պսակվել շնորհիվ այդ առանձնահատկության:

Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ այս ամբողջ ժամանակաշրջանում Հայաստանում ակտիվ գործունեություն է իրականացրել հանրապետության նախագահը, որը հանդիսանում է երկրի ղեկավար, գործել է Ազգային ժողովը, որը մայիսի 8-ին ընտրել է նոր վարչապետ՝ բոլոր սահմանադրական և օրենսդրական նորմերի խստիվ պահպանմամբ:

Պետք է արժանին մատուցել նաև նախկին իշխանություններին, որոնք չընդդիմացան ժողովրդի կամքին, խոհեմություն և պատասխանատվություն ցուցաբերեցին, ինչի արդյունքում հնարավոր եղավ խուսափել իրավիճակը հաղթահարելու ուժային սցենարից և ամենակարևորը՝ արյունահեղությունից:

Իշխանության խաղաղ փախանցման նպատակը կայացել է սիրո, հանդուրժողականության և ազգային համերաշխության մթնոլորտի ձևավորման մեջ:

Միևնույն ժամանակ, Հայաստանը միտված է խորացնել բաց և փոխշահավետ համագործակցությունը բոլոր բարեկամ երկրների հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:

Հարկ է ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության անդամ և սերտ համագործակցություն է զարգացնելու Ռուսաստանի հետ: Այս խոսքերը ապացուցվել են գործով: Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ առաջիններից շնորհավորել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: Հետագայում, ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հանդիպեց Ռուսաստանի, Բելառուսի Ղրղզստանի, Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների ղեկավարների հետ:

Վերը ասվածի համատեքստում տեղին կլիներ ընդգծել ՀԱՊԿ հավատարմությունը այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, նրանց օրինական շահերը հաշվի առնելու և փոխադարձ հարգանքի ու հավասարության հիմնարար սկզբունքներին, ինչով հերթական անգամ ներկայացավ որպես հուսալի խաղացող միջազգային ասպարեզում:

Այս առումով ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեր պետությունների ղեկավարություններին՝ անաչառ և կառուցողական պաշտոնական դիրքորոշման համար, որն արտահայտվեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին որպես երկրի ներքաղաքական գործընթացներ օբյեկտիվ և հավասարակշռված գնահատական տալու մեջ:

Ցանկանում եմ նաև երախտիքս հայտնել ՀԱՊԿ անդամ պետություններից այստեղ ներկա գտնվող իմ բոլոր գործընկերներին, որոնք այս դժվարին օրերին անկեղծորեն մտահոգվել են մեզ համար և ուշադիր հետևել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ ակնկալելով բարեհաջող հանգուցալուծում:

Օրակարգում քննարկվելիք հարցի շրջանակներում կցանկանայի նաև ընդգծել, որ չնայած Հայաստանում տեղի ունեցող բուռն զարգացումներին՝ մենք պահել և պահում ենք ուշադրության կենտրոնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների համատեքստում՝ հատուկ նշանակություն տալով իրադարձությունների զարգացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանը մեծապես կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում հավաքական ջանքերի ավելացումը տեղեկատվական անվտանգության ոլորտում արդի սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարում: Մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Միջազգային լարվածության օջախ է շարունակում մնալ նաև Մերձավոր Արեւելքը: Մասնավորապես, դա վերաբերվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակին:

Այդ համատեքստում և այդ կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել մեր աջակցությունը Ռուսաստանի Դաշնության գործողություններին, որի հետևողական ջանքերի շնորհիվ Սիրիայում ահաբեկիչների դիրքերին անդառնալի վնաս է հասցվել և նրանք, ըստ էության, զրկված են իրենց կողմից վերահսկվող տարածքներից:

Մենք նաև բարձր ենք գնահատում ռուսական և ղազախական կողմերի նախաձեռնությունները և գործողությունները Աստանայի ձեւաչափով սիրիական խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ: Համոզված ենք, որ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները թույլ տվեցին նվազեցնել զինված հակամարտության լարվածությունը և խթանել քաղաքական կարգավորումը:
Մենք նաև ուշադրության կենտրոնում ենք պահում Աֆղանստանի Իսլամական Հանրապետության տարածքից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը շարունակելու նպատակով, այդ մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու համար հայկական կողմն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի գործունեության մեջ:

Մենք նաև լրջորեն մտահոգված ենք պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրացումով և Գազայի հատվածի սահմանին բռնության աճով, ինչի հետևանքով եղան տասնյակ զոհեր և հազարավոր վիրավորներ: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հակամարտող կողմերը պետք է առաջին հերթին զերծ մնան որևէ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը, և, իհարկե, պետք է բոլոր ջանքերը գործադրել, նախ և առաջ միջազգային՝ արաբա-իսրայելական հարաբերություններում կուտակված խնդիրների խաղաղ լուծման ուղղությամբ:

Որպես վերջաբան՝ կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը, մշտապես կարևորելով ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացումը և խորացումը, պատրաստ է համակողմանիորեն աջակցել կազմակերպության մեր գործընկերների նախաձեռնությունների խթանմանն ու իրականացմանը՝ ուղղված հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելուն:

Be the first to comment on "Արմեն Գրիգորյանի ելույթը՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին"

Leave a comment

Your email address will not be published.


*