Լոռու մարզի դատախազությունում ընտանեկան բռնությունների փաստերով քրեական գործեր են հարուցվել

Լոռու մարզի դատախազությունում ընտանեկան բռնությունների փաստերով քրեական գործեր են հարուցվել
Գործադրելով քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի լրացված 4-րդ մասով սահմանված իրենց լիազորությունները՝ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ առերևույթ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։

Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Քարաձոր գյուղի բնակչուհի Տ. Հ.-ն, վեց տարվա համատեղ կյանքից հետո ամուսնու՝ Գ.Գ.-ի հետ ունեցած խնդիրների պատճառով, վերցնելով մանկահասակ երեխային, 2018թ. փետրվարին վերադարձել է հայրական տուն: Մայիսի 16-ին այցելելով նրանց, Գ. Գ.-ն հաջորդ առավոտյան կնոջից մերժում ստանալով վերադառնալու և համատեղ ամուսնական կյանքը շարունակելու իր առաջարկի վերաբերյալ, ձեռքերով դիտավորությամբ բազմակի հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով առողջությանը թեթևի հատկանիշներ չպարունակող վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գ. Գ.-ի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Ընդ որում, կինը հաղորդմամբ և տված բացատրությամբ հայտնել է, որ նախքան ամուսնալուծվելն ու անգամ դրանից հետո, ամուսնու կողմից բազմիցս ենթարկվելով ծեծի, մի քանի անգամ երեխայի հետ գնացել է իր հայրական տուն, սակայն ամուսինը սպառնացել է ամուսնալուծվելու դեպքում իրենից վերցնել մանկահասակ երեխային, ինչից վախեցած՝ վերադարձել է նրա մոտ: Նշված փաստական տվյալները վկայում են, որ ամուսինների միջև ձևավորվել են ընտանիքում ֆիզիկական և հոգեբանական բռնությանը բնորոշ փոխհարաբերություններ: Իսկ ամուսնու կողմից կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելը, նրանից երեխային վերցնելու սպառնալիքներ տալը վկայում են ինչպես Գ.Գ.-ի կողմից կնոջ նկատմամբ կրկին բռնություն գործադրելու հավանականության բարձր աստիճանի փաստի ուժով վերջինիս անօգնական վիճակում գտնվելու, իր իրավաչափ շահերն ինքնուրույն պաշտպանելու հնարավորությունից կնոջ զրկված լինելու մասին:

Մյուս դեպքի առթիվ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018 թվականի ապրիլի 16-ին մոր՝ Ֆ. Պ.-ի կողմից մերժում ստանալով խանութից օղի գնելու իր պահանջի կատարման կապակցությամբ, որդին՝ Վ.Պ-ն, վերցնելով դանակն ու փակելով տանից հեռանալու փորձ կատարող մոր ճանապարհը՝ նրա հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ: Ապա դանակը նետել է մոր հետևից, որը չի դիպել նրան:

Ելնելով այն բանից, որ Ֆ.Պ.-ն դիմում է ներկայացրել ոստիկանության Տաշիրի բաժին՝ հայտնելով, որ Վ. Պ.-ի նկատմամբ բողոք, պահանջ չունի՝ խնդրելով, որպեսզի վերջինս քրեական պատասխանատվության չենթարկվի, իսկ Վ. Պ.-ն ընդունել է իր կողմից կատարած արարքը, լրացուցիչ բացատրությամբ իր համաձայնությունն է տվել դիմողի բողոքի բացակայության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի հարուցումը մերժելու համար՝ ոստիկանության Տաշիրի բաժնի տեսուչի կողմից որոշում է կայացրել նշված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Սակայն ստուգելով նշված որոշման օրինականությունը և ուսումնասիրելով նախապատրաստված նյութերը՝ Լոռու մարզի դատախազության դատախազը գտել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, անտեսվել են նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքներ:

Մասնավորապես չի պարզվել՝ արդյոք դեպքից առաջ և հետո Վ.Պ-ն մոր նկատմամբ բռնություն գործադրե՞լ, է, կամ գործադրելու սպառնալիքներ տվե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ նյութերով պարզվել է, որ Վ. Պ.-ն «հոգեկան և վարքի խանգարումներ ալկոհոլի գործածման հետևանքով» ախտորոշմամբ հաշվառված է եղել «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբույժի մոտ և հաշվառումից հանվել է 2017թ. հուլիսին՝ բնակության վայրը փոխելու կապակցությամբ։

Վարույթն իրականացնող մարմինը չի պարզել նաև, թե արդյոք Ֆ. Պ.-ն որդու նկատմասմբ բողոք չունենալու մասին դիմումը ներկայացրել է կամովի՞ն, թե՞ սպառնալիքի, համոզելու արդյունքում:

Լոռու մարզի դատախազությունում ընդունելության ընթացքում Ֆ. Պ.-ն հայտնել է, որ որդին երբեմն անիմաստ բռնկվում է, քանի որ ունի հոգեկան խանգարում, զայրանում է, երբ ինքը փող չի ունենում նրա համար օղի, ծխախոտ գնելու, հեռախոսը լիցքավորելու համար, տան իրերը շպրտում է։ Դանակի գործադրմամբ իրեն սպառնալիքներ տալու դեպքից հետո շուրջ 2 ամիս անց եղել է նմանատիպ դեպք, որի ժամանակ ինքը, մտավախություն ունենալով, որ որդին կարող է նաև իրեն վնասել, տանից դուրս է եկել, այնուհետև 1 օր հետո, երբ նա հանգստացել է, վերադարձել է տուն:

Ակնհայտ է եղել, որ Վ. Պ.-ն հակում ունի դանակի գործադրմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու: Եվ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ առկա է Վ. Պ.-ի կողմից Ֆ. Պ.-ի կյանքին և առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգ, հետևաբար վերջինիս վիճակը պետք է գնահատել որպես անօգնական։

Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` դատախազն իրավասու է ընտանիքում բռնության դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններով, (այդ թվում նաև ծեծը, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Նման դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է քրեադատավարական օրենքով սահմանված ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ Լոռու մարզի դատախազության դատախազները, կայացրել են նշված դեպքերով քրեական գործեր հարուցելու որոշումներ: Առաջին դեպքում՝ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Իսկ երկրորդ դեպքում դատախազը վերացրել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործերն ուղարկվել են քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Be the first to comment on "Լոռու մարզի դատախազությունում ընտանեկան բռնությունների փաստերով քրեական գործեր են հարուցվել"

Leave a comment

Your email address will not be published.


*