ՀՔԾ-ն խնդրում է ոստիկանների կողմից փաստաբան Ավագ Լալայանին ծեծի ենթարկելու միջադեպի ականատեսներին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն

ՀՔԾ-ն խնդրում է ոստիկանների կողմից փաստաբան Ավագ Լալայանին ծեծի ենթարկելու միջադեպի ականատեսներին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում` պարզելու 2018թ.-ի ապրիլի 21-ին ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից փաստաբան Ավագ Լալայանի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ հանցագործության դեպքի բոլոր հանգամանքները:

Հիշյալ դեպքը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում փաստաբան Ավագ Լալայանը հայտնել է, որ 2018թ.-ի ապրիլի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազ-Սիլիկյան փողոցների խաչմերուկի մոտ նկատելով իրենց թաղամասի բնակիչներին ու ոստիկանության մեծաքանակ ծառայողների, ավտոմեքենան կայանել և մոտեցել է նրանց: Այդ պահին տեսնելով, որ երկու ոստիկան փորձում են բերման ենթարկել, իր կարծիքով, անչափահասի, որպես փաստաբան փորձել է միջամտել և հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ նրանցից, սակայն 7-8 ոստիկաններ հարձակվել են իր վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ավագ Լալայանը քրեական գործով ճանաչվել է տուժող:

Վերը նշված դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում առկա տեսագրություններից առանձնացվել են մի շարք լուսանկարներ, որոնցում պատկերված են միջադեպին, հավանաբար, ականատես անձինք:

Ինչպես հիշյալ անձանց, այնպես էլ վերը նկարագրված դեպքի մասին որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին ՀՔԾ-ն խնդրում է ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա) կամ զանգահարել (+374) 99 060 266 հեռախոսահամարով` քննությանն աջակցելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Be the first to comment on "ՀՔԾ-ն խնդրում է ոստիկանների կողմից փաստաբան Ավագ Լալայանին ծեծի ենթարկելու միջադեպի ականատեսներին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն"

Leave a comment

Your email address will not be published.


*