Այսեր Ղազարյան. «Անտառի ոլորտ մեկ օր շուտ պետք է բերվեն անտառագիտական մասնագիտությամբ երիտասարդներ»

Այսեր Ղազարյան. «Անտառի ոլորտ մեկ օր շուտ պետք է բերվեն անտառագիտական մասնագիտությամբ երիտասարդներ»
«Հետքի» հարցերին պատասխանում է անտառագետ Այսեր Ղազարյանը
-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում սկսված անտառային բարեփոխումները:

-Ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների մասով ուսումնասիրություններ շատ ենք արել: Փորձել ենք առողջացնել անտառի կառավարումը, կայունացնել ռեսուրսների համակարգը, պարզել՝ անտառում մասնագիտական լուրջ շերտ կա՞, թե՝ ոչ: Տվյալ դեպքում կարևորում ենք նաև անտառների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ունենալը:

Բարեփոխումներով հատումներ են պլանավորվում անտառում, առանց հասկանալու, թե իրականում մենք այնտեղ հատելու ռեսուրսներ ունե՞նք, թե՝ ոչ: Ես այդ հարցը բարձրաձայնել եմ, որովհետև մեզ մոտ կա մարդկանց մի խումբ, որոնք գտնում են, եթե անտառում ապօրինի հատում է գնում, ուրեմն ապօրինի հատումը պետք է բերել չակերտավոր օրինական դաշտ և էդ փողը բերել բյուջե: Բայց դա կոռուպցիայի վատագույն տարբերակն է:

Մենք հիմա ունենք այն իրավիճակը, երբ մեր անտառը հիվանդ է և իրական ախտորոշում չի տրվում հիվանդությանը: Դեռ 2000թ.-ից անընդհատ արծածվում էր անտառային ոլորտի կադրային վակուումը, ասում էին ոլորտում մասնագետ կադրերը 6-7 տոկոս են և դրանց առույծի բաժինը արդեն թոշակառուներ են: Խնդիր դրվեց անտառային կադրեր պատրաստելու համար ամբիոն ստեղծել:

Շվեդիայի միջազգային համագործակցության աջակցությամբ Հայաստանի ագրարային ազգային համալսարանում ստեղծվեց անտառագիտական ամբիոն: Կադրերը սկսեցին պատրաստվել: Բայց 17-18 տարի է անցել, ոլորտում մասնագետների ներգրավվածություն չունենք: Բավականին լավ ուսանողներ ունեինք, դասավանդել եմ ագրարային համալսարանում, նրանց ուղղակի չընդունեցին համակարգում: Մենք անընդհատ քայլեր ենք արել ոլորտը թափանցիկ դարձնելու, բայց մյուս կողմից կա մարդկանց խումբ, որոնք ուզում են ոլորտը մութ պահել: Եթե մենք չենք գնում վերոնշյալ խնդիրների լուծմանը, չենք կարող ունենալ անտառի իրական ախտորոշում, ոլորտի ռեսուրսների իրական տեղեկատվություն:

-Հայաստանում անտառների կառավարումը ինչպե՞ք եք պատկերացնում, ի՞նչ նոր քայլեր պետք է ձեռնարկել:

-Անտառային ոլորտը պետք է երիտասարդներով համալրել և փորձել գնալ ոլորտի առողջացման: Այստեղ հասարակությունն էլ պետք է իր սահմանադրական իրավունքն իրացնի: Գյուղերում ապրող մարդիկ իրավունք ունեն հասկանալու, թե ինչ են անում իրենց գյուղից վերև գտնվող լանջի հետ, որն ապագայում ազդելու է իրեն ոռոգման ու խմելու ջրի որակի և քանակի, նաև շրջակա միջավայրի վրա:

Հայաստանում ինովացիոն (նորարական) մեթոդաբանության կիրառմամբ մենք կարճ ժամանակահատվածում կարողացանք հասկանալ անտառի փոխությունները: Այդ մեթոդաբանությունով նույն Լոռիում մենք վեր հանեցինք, որ այնտեղ անտառը ոչ թե կտրելու, այլ վերականգնելու խնդիր ունի: Շատ լուրջ հիվանդացած անտառ է: Ինովացիոն մեթոդաբանությամբ վեր հանեցինք նաև անտառի շատ այլ խնդիրներ: Մոտ 8-9 տարի էդ մեթոդաբանությամբ փորձում ենք կատալիզել գործընթացներ, որ փոխենք համակարգը: Բայց կառավարությունը չունեցավ պրոցեսը դադարեցնելու քաղաքական կամք:

-Հատատեղերը ստացած անհատ-ձեռներեցների մի մասը ունեն փայտամշակման արտադրամասեր: Նրանց հատատեղեր տալու գործում վտանգներ չե՞ք տեսնում:

-Ես կտրականապես դեմ եմ աճուրդային եղանակով հատատեղեր տալ այլ իրավաբանական անձի: Դա կոպիտ սխալ է, մանավանդ, եթե խոսքը գնում է խնամքի և մասնագիտական համապատասխան իմացություն պահանջող հատումներին: Դրանք պետք է իրականացվեն մասնագիտական գիտելիք ունեցող լիցենզավորված խմբերի կողմից: Ինչպես դա արվում է եվրոպայում և նմանատիպ երկրներում: Անտառի աշխատողի հատումն ենք տեսել, սարսափել ենք, թե ոնց են անտառը կտրում, ուր մնաց 3-րդ կողմը պայմանագրով գա:

-Անտառում փայտանյութ պատրաստողները թեքված ծառեր չեն ուզում կտրել, կտրում եմ անտառի ամենաառողջ, սաղարթախիտ ծառերը: Դա անտառի համար սպառնալիք չէ՞:

-Ինչ որ դուք ասում եք փայլուն օրինակներից մեկն է, որ հատումները մեր անտառներում հիմնականում կրել են կոմերցիոն բնույթ: Այսինքն՝ անտառից փայտի գողերը ինքնակամ հանում են լավը: Մինչդեռ դա պետք է թողնել, որ լավ անտառ ձևավորվի: Ժամանակին շատ հատատեղեր մտել ենք, տեսել ենք ինչ են անում: Ասածս այն մասնագետ երիասարդների մասով կրկնում եմ, որ նրանք ոլորտում չեն ընդունվել, որովհետև այդ երիտասարդների 10-ից 4-ը հաստատ ողնաշարով կլիներ և կընդիմանար:

-«Հայանտառի» պատասխանատուները պնդում են, թե պետք չէ ռեֆորմ ասելով՝ խոսել միայն անտառի ապօրինի հատումների մասին, այնտեղ նաև «օրենսդրական խութեր» են ուղղում իրենք: Ի՞նչ նկատի ունի «Հայանտառը» :

-Այդ մարդկանց, ովքեր խոսում են անտառի բարեփոխումների մասին, ես կոչում եմ հեքիմներ: Իրենք իրականում չեն հասկանում անտառի քաղաքականությունը ինչ է նշանակում, ուղղակի ինչ-որ ճռճռան, այստեղից, այնտեղից հավաքածի պատկեր են ստացել և խոսում են բարեփոխումների մասին: Այդ անտառտնտեսվարման մեխը մինչև այսօր, եղել և մնում են հատումները: Ավելին, մարդիկ այնքան են լկտիացել, խոսում են Հայաստանի անտառածածկի կրկնապատման մասին: Անտառում այսօր այնքան դեգրադացված տարածք կա, որ անտառվերականգնման անհապաղ անհրաժեշտություն ունեն: Եթե նայում ենք հեկտարային քանակով, դրանք ահռելի թվեր են, ռեսուրսները և առկա ծավալները չեն համապատասխանում: Եվ այս դեպքում խոսում են գյուղատնտեսական նոր հողերի վրա նոր անտառ հիմնելու մասին:

-Ռեֆորմի հեղինակներն ուզում են փայտանյութի վաճառքով «Հայանտառը» դարձնել շահութաբեր մարմին: Դա հնարավոր համարու՞մ եք:

-2009թ.-ին երբ աշխատում էի գերմանացիների հետ, առաջարկեցին լավ գնով մի քանի վագոն ընկույզ տանել մեր անտառներից: Նրանք իրենց մանկապարտեզներում վակուումի ճանապարհով յուղը հանում են ընկույզից: Դա նրանց երեխաների օրական ռացիոնի մեջ մտած է: Ես գիտեմ, որ մեր անտառներում ընկույզ կա՝ մասնավորապես Նոյեմբերյանում: Գնացի անտառի տնօրենին առաջարկեցի սկսել այս գործընթացը: Հղում արեցի, որ ԽՍՀՄ-ի ժամանակ «Հայանտառ» կոմիտեն իր ոչ բնափայտային հավաքը՝ մասուր և այլն, տարեկան մի քանի մլն ռուբլու իրացնում էր: Եվ հավանականությունը մեծ է, որ մենք կարողանանք անտառի հատապտղավոր, կորիզապտղավոր, ընկուզավոր տեսակներով ահագին հարց լուծել, անտառին էլչնայենք որպես փայտանյութի պահեստ: Չհամաձայնեցին:

-Անտառի հարեւանությամբ գտնվող գյուղերի մեծ մասը գազաֆիկացված չեն, բացի այդ գազը թանկ է, այդ պատճառով մարդիկ անտառից են փայտ տանում:

-Կան վառարաններ, որոնց արդյունավետությունը բարձր է: Եթե գյուղաբնակ միջին մեծության ընտանիքը մեկ ձմեռվա ընթացքում միջինը 7-8 և ավելի խմ վառելափայտ է վառում, ապա այդ նոր վառարանները, մոտավորապես 2 անգամ իջեցնում են ծախսատարությունը: Դրանք կոչվում են պիրոլիզային վառարաններ: Պետք է գնալ պիրոլիզային վառարաններին: Մասնավորապես մանկապարտեզները, դպրոցները գնան այդ տարբերակին:

Բացի այդ, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, որոնք հացահատիկային կուլտուրաների մասով մեծ ցանքատարածքներ ունեն, ծղոտ շատ է առաջանում: Ծղոտը, աթարը և մյուս օրգանական մնացորդները կարելի է վերածել պելետների, որոնք կարելի է պրեսային տարբերակով ստանալ: Դրանք լավ են այրվում: Եթե ընդունենք, որ այդ տարածքներում վատագույն տարբերակով 500 հազար տոննա ծղոտ կարելի է պելետների վերածել, մենք կլուծենք Շիրակի մարզի վառելիքի հարցը, կամ Լոռիից փայտ տանող մյուս համայնքերի հարցը: Անտառի պահպանությունը ուժեղացնելով ալտերնատիվներ պետք է առաջարկել, այլապես դա չի լուծվի: Փայտանյութը պետք է շուկայի համար դառնա ոչ գայթակղիչ, բայց դրա հետ զուգահեռ անտառի ոլորտը պետք է առողջացնել:

-Ի՞նչ կառաջարկեք Հայաստանի կառավարությանը՝ անտառների պահպանության և արդյունավետ օգտագործման համար:

-Կառավարությանը առաջինը կհիշեցնեմ, որ երկրի անվտանգության համար առաջին կարևոր պայմանը բնական ռեսուրսները, առողջապահությունը և կրթությունն է: Սրանք փոխկապակցված են: Մեկը մյուսի մեջ համեմված: Երբ մենք անկախացանք, Ղարաբաղյան պատերազմ, բլոկադա եղավ, անտառն ու Սևանը փրկեցին ժողովրդին: 20-25 տարի դրանից օգտվել ու մոռանալ անտառին արդարացի չէ: Անտառի ներկա վիճակը խփում է մեր ազգային անվտանգությանը: Անտառին հիմա օգնության կարիք կա: Այսինքն մենք պետք որոշակի ձևով անտառին փոխհատուցենք: Եթե չփոխհատուցեցինք, դա բնության կողմից չի ներվի: Ոլորտ մեկ օր շուտ պետք է բերվեն հայրենասեր, անտառագիտական մասնագիտությամբ երիտասարդներ:

Կառավարությանը հիմնական մեսիջս այդ է: Անտառ կտրողներին էլ կհիշեցնեմ, որ անտառը նման է ջրհորի, որի մեջ չի կարելի թքել: Եվ, եթե դուք երեխաների կենաց եք խմում, դա չպետք է ուղղակի խմել, խմելու համար: Դա նշանակում է երեխաները իրավունք ունեն վայելել բնությունը, այն գեղեցկությունը, ինչ դուք տեսել եք:

Be the first to comment on "Այսեր Ղազարյան. «Անտառի ոլորտ մեկ օր շուտ պետք է բերվեն անտառագիտական մասնագիտությամբ երիտասարդներ»"

Leave a comment

Your email address will not be published.


*