Նախիջևանում իրավիճակը սրելու հիմնական երկու պատճառ եմ տեսնում

Նախիջևանում իրավիճակը սրելու հիմնական երկու պատճառ եմ տեսնում
Հայ-ադրբեջանական սահմանի՝ նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի դիտարկում ունեմ: Ուզում եմ կիսվել:

Նախ` ինչու՞ է Ադրբեջանի իշխանություններին պետք իրավիճակ սրել Նախիջևանում: Հիմնական երկու պատճառ եմ տեսնում՝

ա) բարենպաստ պայմանների դեպքում Արցախում պատերազմ սկսելիս նրանք վստահ կլինեն, որ հայկական կողմը չի կարողանա ուժեր հանել նախիջևանյան ուղղությունից և տանել Արցախ: Այսինքն՝ մեր դիմադրության ծավալներն են փորձում փոքրացնել:

բ) Նախիջևանում շոուներ անելով Ալիևը, ըստ էության, բարձրացնում է ինքնավար այդ մարզի մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հեղինակությունն ադրբեջանցիների շրջանում:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի իշխանական համակարգում նախիջևանցիների կլանի գլխավոր ներկայացուցիչ Ռամիզ Մեհթիևը բավական ծերացել ու զգալիորեն պասիվացել է, Ալիևը պարզապես ստիպված է նրա հնարավոր փոխարինողին, որը հենց Թալիբովն է, պատրաստել այդ գործին:

Նախօրեին մի շարք բլոգերներ ու փորձագետներ Նախիջևանի սահման են գնացել: ՊՆ-ն էր կազմակերպել: Մարդիկ իրենց աչքով տեսել և համոզվել են, որ զգալի փոփոխություններ առաջնագծում չեն եղել: Ու չնայած լայնամասշտաբ պատերազմի դեպքում էդ փոքր առաջխաղացումներն ու նահանջները մեծ դեր չեն խաղում, այնուամենայնիվ դա ուրախացնող փաստ է:

Նախիջևանի հարցում միշտ պետք է հիշենք հարցի աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին: Ասում ենք Նախիջևան, հասկանում՝ Թուրքիա: Սա չի կարելի երբեք մոռանալ:

Be the first to comment on "Նախիջևանում իրավիճակը սրելու հիմնական երկու պատճառ եմ տեսնում"

Leave a comment

Your email address will not be published.


*