Մ. Մանուշյանի անվան դպրոցի տնօրենը կասկածվում է լիազորությունները չարաշահելու մեջ. նա բերման կենթարկվի

Մ. Մանուշյանի անվան դպրոցի տնօրենը կասկածվում է լիազորությունները չարաշահելու մեջ. նա բերման կենթարկվի
Ոստիկանությունը բերման կենթարկի Միսաք Մանուշյանի անվան N 48-րդ դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանին: Նրան բերման ենթարկելու որոշումը քննչական կոմիտեն ուղարկել է ոստիկանություն, քանի որ վերջինս քննչական մարմնի կանչով չի եկել հարցաքննության:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Հետք»-ին փոխանցեց, որ օրեր առաջ կոմիտեն Ժասմենա Արիստակեսյանին գրավոր ծանուցագրով հրավիրել է հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, և քննիչը որոշել է վերջինիս բերման ենթարկելու որոշում կայացնել, որի համար դիմել է ոստիկանություն:

Միսաք Մանուշյանի անվան դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ոստիկանությունում քրական գործ է հարուցվել ՝ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով: Կասկածի հաստատման դեպքում` տնօրենը կպատժվի 200.000-300.000 դրամ տուգանքով, կամ հինգ տարի ժամկետով կզրկվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշ գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ կկալանավորվի 2-3 ամիս ժամկետով, կամ էլ կազատազրկվի առավելագույնը 4 տարի ժամկետով:

Քրեական գործը հարուցվել է դպրոցի ուսուցիչներից մեկի՝ մայիսի 23-ին ոստիկանություն ներկայացրած դիմումի հիման վրա: Սակայն, թե ինչ բողոք է ներկայացրել ուսուցիչը, ոստիկանությունից չմանրամասնեցին: Մեր տեղեկություններով՝ բացի այդ մեկ ուսուցչից` ոստիկանություն նաև այլ ուսուցիչներ են դիմել՝ բողոքելով տնօրենի կատարած անօրինություններից, պաշտոնական լիազորությունների չարաշահումներից, դպրոցում կատարված ապօրինություններից:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հավաստիացրեց, որ ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել և հարցաքննվում են տարբեր անձիք:

Մեզ հաջողվեց պարզել, որ մայիսի 23-ին ոստիկանություն դիմել է դպրոցի 8 տարվա անգլերենի ուսուցիչ Լուսինե Գասպարյանը: Տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի որոշմամբ` նա մայիսի 17-ին ազատվել է աշխատանքից:

Ուսուցիչը ոստիկանություն բողոք է ներկայացրել այն մասին, որ տնօրեն Ժասմենա Արիստակեսյանն իրեն ապօրինի կարգով, հետին ամսաթվով նկատողություն է տվել և աշխատանքից ազատել: Այս ուսուցչի դիմումից հետո դպրոցի այլ ուսուցիչներ էլ են դիմել ոստիկանություն և պատմել դպրոցում կատարվող անօրինականությունների մասին:

Ուսուցիչ Լուսինե Գասպարյանը պնդում է, որ տնօրենն իրեն աշխատանքից հեռացրել է ապօրինի ձևով, քանի որ ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է «Իմ քայլը» շարժման ցույցերին և իր գործունեության ընթացքում մշտապես բարձրաձայնել տնօրենի կատարած ապօրինությունների և չարաշահումների մասին. «Դպրոցում գումարներ է հավաքվել, ես չեմ տվել, աշխատավարձից ամեն ամիս 200-500 դրամ գումար է հավաքվել, ես չեմ տվել: Ասում է՝ դպրոցի հիգիենայի պարագաների համար է այդ գումարը հավաքում, բայց ընդհանրապես չեն եղել այդ պարագաները»:

Ժ. Արիստակեսյանը անգլերենի ուսուցչուհուն հեռացրել է` մեկ ամսում 4 նկատողություն տալով, որոնք բոլորն էլ ուսուցիչը համարում է ապօրինի և չհիմնավորված: Ասում է՝ տնօրենը նկատողություն տալուց առաջ պետք է իրենից բացատրագիր վերցներ, սակայն չի արել և առանց իրեն տեղեկացնելու` նկատողություններ է տվել. «Մի նկատողություն էլ հետին թվով է տվել, որի մասին ես ընդհանրապես տեղյակ չեմ: Չորսը նկատողություն տվել է ու աշխատանքից հեռացրել: Բայց դա եղել է ցույցերի հիման վրա: Ես գնացել եմ ցույցի, միշտ իր թերությունները ասել եմ, ինչ ինձ դուր չի եկել, բարձրաձայնել եմ, էդ էլ ոնց որ առիթ է հանդիսացել »,- նշում է նախկին ուսուցիչը:

Լուսինե Գասպարյանը
Լուսինե Գասպարյանի փոխանցմամբ՝ մի նկատողությունը ստացել է այն հիմքով, թե վիրավորել է տնօրեն Արիստակեսյանին: Ասում է՝ դասադուլի օրերից մեկի ընթացքում, երբ դասին մեկ աշակերտ է եղել, տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը որոշել է, որ պետք է գա դասալսման, ուսուցիչը տնօրենից ներողություն է խնդրել և հորդորել դուրս գալ դասասենյակից, քանի որ աշակերտները դասից բացակայում են:

Ուսուցչի փոխանցմամբ՝ երկրորդ նկատողությունը ստացել է տնօրենի քրոջ դասղեկական դասարանի չորս ծնողների բողոքի հիման վրա: Ասում է՝ այս նկատողության մասին իրեն որևէ բան տնօրենը չի ասել:

Մյուս նկատողությունը անգլերենի ուսուցիչը ստացել է այն պատճառով, որ ցույցերի օրը` 7-րդ դասաժամին, մի աշակերտի թողել է դասարանում և գնացել ցույցի: Ուսուցիչն ասում է՝ ընդամենը դասաժամից 20 րոպե շուտ դուրս է եկել, այն դեպքում, երբ երեխան եղել է հատուկ խնդիրներով, և դասին համատեղ պետք է ներկա լիներ նաև դպրոցի սոցաշխատողը, ով տնօրեն Արիստակեսյանի քույրն է. «Ես պետք է հանձնարարություն տայի, իր քույրը օգներ, այդ երեխան կատարեր: Ինքը դպրոցի սոցաշխատողն է, բայց չի եղել և երբեք չի էլ լինում: Այդ երեխային միայնակ չեմ թողել, թողել եմ դասղեկի հետ»:

Լուսինե Գասպարյանն ասում է՝ աշխատանքից հեռացման օրը՝ մայիսի 17-ին, տեղեկացել է, որ մի նկատողություն էլ ստացել է այն բանի համար, թե իբրև երեխայի գնահատական է փոխել: Ասում է՝ ծնողը իրեն դիմել էր երեխայի գնահատականը բարձրացնելու համար, սակայն ծնողին հայտնել է, որ այդ հարցով դիմի տնօրենին և փոխտնօրենին, նրանք որոշեն:

Գասպարյանն ասում է՝ուսուցիչներից ոմանք անգամ օրեր առաջ դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով հատուկ ուշադրություն դարձնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քննվող գործին, քանի որ ամիսներ առաջ իրավապահ մարմինները կարճել էին այս դպրոցի վերաբերյալ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ այն հարուցվել էր մեր հրապարակման հիման վրա:

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իրեն քննչական կոմիտեից կանչել են հարցաքննության և չի ներկայացել: Ասում է՝ հարցաքննության գնալու համար որևէ ծանուցագիր չի ստացել: Տնօրենը նաև հերքում է այն փաստը, որ ուսուցչին հետին ամսաթվով նկատողություն է տվել:

«Չկա, նման բան չկա»,- ասում է տնօրենը` ի պատասխան Լուսինե Գասպարյանի այն դիտարկման, թե աշխատանքից հեռացվել է քաղաքական պատճառներով:

Տնօրենը պարզաբանում է, որ ուսուցչին նկատողություններ է տվել ներքին կարգապահական կանոններ խախտելու, երեխաների նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունք դրսևորելու համար:

Ժասմենա Աիստակեսյանը

Դպրոցի տնօրենն առաջին անգամ է լսում բողոք այն մասին, թե դպրոցում տարբեր պատճառներով գումարներ են հավաքվում. «Նման բան չկա, հարգելիս, ուղղակի չգիտեմ` ինչ պատասխանեմ այդ անհիմն մեղադրանքներին»,- ասում է տնօրենը:

Տնօրենը նաև հերքում է ծնողների և ուսուցիչների այն պնդումը, որ իր քույրը դպրոցում դասղեկական դասարան ունի, որի մատյանում այլ ուսուցչի անուն է գրված: Ասում է՝ քույրը դպրոցի սոցաշխատողն է, դասղեկական դասարան չունի. «Չկա նման բան: Իրականությանը չի համապատասխանում: Զուտ զրպարտանք է և մեղադրանք»:

Ժասմենա Արիստակեսյանը խնդրում է՝ թե կան ապացույցներ, ծնողների անուններ, ովքեր տեղյակ են դպրոցում հավաքվող ֆոնդի գումարներից, նրանց տվյալները իրեն փոխանցենք: Մենք դեռևս հունվար ամսին հայտնել էինք դպրոցում հավաքվող ֆոնդի գումարների մասին, դպրոցի արդեն նախկին ծնողներն իրենց անուններից ներկայացել և բարձրաձայնել էին, որ դպրոցում տարբեր պատճառով գումար է հավաքվում. «Եթե ունեք այնպիսի ապացույց, որ ծնողը ասում է՝ ֆոնդի գումար է հավաքվում, ես խնդրում եմ ծնողների անուններն էլ ասեք, ես մի հատ տեսնեմ՝ այդ որ մի ծնողն է, որ նման անհիմն մեղադրանք է ներկայացնում: Ընդհանրապես էստեղ ֆոնդի գումար բացառված է»,-ասաց դպրոցի տնօրենը:

Ոստիկանությունը դեռևս հունվարին այս դպրոցի վերաբերյալ քրեական գործ հարուցեց, ամիսներ անց՝ Քննչական կոմիտեն կարճեց

Ոստիկանությունը մեր հոդվածի հիման վրա այս դպրոցով զբաղվում էր նաև փետրվարին: Հունվար ամսին գլխավոր դատախազությունը «Ծնողներն ահազանգում են՝ դասվարը պարբերաբար հարվածում է երեխաներին» վերտառությամբ «Հետք»-ի հրապարակումն ուղարկել էր ոստիկանություն՝ ուսումնասիրելու համար: Ոստիկանությունը նյութերն ուսումնասիրելուց հետո այն ուղարկել էր քննչական կոմիտե, որն էլ որոշել է քրեական գործի վարույթը կարճել:

Հունվարին տեղեկացրել էինք, որ այդ դպրոցի դասվար Անահիտ Նազանյանը, բարկանալով երեխաներից մեկի վրա, փորձել է մաթեմատիկայի դասագրքով հարվածել նրան, սակայն երեխան մի կողմ էր քաշվել, և գիրքը դիպել է այլ երեխայի՝ 9-ամյա Աննա Մուրադյանին: Երեխայի քիթը սկզբում կարմրել է, հետագայում արդեն` կապտել և ուռել: Ուսուցիչն այդպես էլ չէր ընդունել երեխային հարվածելու մեղքը, որքան էլ դասարանի երեխաները փաստել էին դա: Բացի այս դեպքը, աշակերտներից Հայկ Վարդանյանի մայրը՝ Սոնա Հովհաննիսյանը, հայտնել էր, որ ուսուցիչը պարբերաբար հարվածել է տղային: Իսկ մեկ այլ ծնող՝ Տաթևիկ Ամիրյանը, պնդել է, որ դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի քույրը դասղեկ է մի դասարանում, որի մատյանին այլ ուսուցչի անուն է գրված: Ծնողները նաև բողոքել էին դպրոցում հաճախ հավաքվող պատճենահանման գումարներից:

Մինչ ոստիկանությունը ուսումնասիրում էր դեպքը՝ այս ծնողներն իրենց երեխաներին հեռացրել էին դպրոցից, քանի որ դպրոցում անառողջ մթնոլորտ էր ստեղծվել և չէին ցանկանում` իրենց երեխաները ուսումը շարունակեն այդ դպրոցում:

Չնայած ծնողները այդ ժամանակ խոսել էին դպրոցում կատարված չարաշահումների մասին, սակայն ոստիկանությունը սկսել էր ուսումնասիրել միայն աշակերտ Հայկ Վարդանյանին պարբերաբար հարվածելու դեպքը: 9-ամյա Աննա Մուրադյանին, ում ուսուցիչ Անահիտ Նազանյանը գրքով հարվածել էր հունվարի 15-ին, գործի քննության ընթացքում տուժող չէր ճանաչվել, թեև եղել է նրա կապած քթի լուսանկարը և դատաբժշկական փորձաքննություն է տեղի ունեցել:

Աննայի մայրը՝ Լուսինե Սարգսյանը, դժգոհ է գործի քննությունից: Ասում է՝ գործի քննությունը հինգ ամիս ձգձգվեց, վերջում տեղեկացավ, որ գործը կարճվել է: Լուսինեն գործի կարճման մասին տեղեկացել է մեր հրապարակումից, իրեն որևէ կերպ չեն տեղեկացրել ո՛չ գործի քննությունից, ո՛չ էլ ավարտից, թեև իր երեխան դեպքից ամենաշատն է տուժել: Լուսինեն զանգահարել է քննիչն և հավաստիացել գործի կարճման մասին, գնացել կարճման որոշումը վերցրել և կարող էր մեկ շաբաթվա ընթացքում բողոքարկել որոշումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի բողոքել:

Ծնողը գործի կարճման որոշումից տեղեկացել է, որ գործի քննության ընթացքում ինքը եղել է ոչ թե տուժող կողմ, այլ վկա. «Այսինքն՝ տուժող չեմ, բողոքող չեմ, բոլորը սուտ է, երեխային հարված չի եղել, դա ծեծ չի որակվում»,- զարմանում է Լուսինեն:

Նա մտահոգվում է, որ չնայած գործի ընթացքում ծնողներն ու դասարանի աշակերտները հարցաքննվել են և ոստիկաններին հայտնել, որ ուսուցիչը գրքով հարվածել է իր երեխային, սակայն այդ փաստը ոստիկանությունում այդպես էլ չապացուցվեց, և իր երեխային հարվածելու դեպքը մնաց անպատիժ, անհետևանք:

Be the first to comment on "Մ. Մանուշյանի անվան դպրոցի տնօրենը կասկածվում է լիազորությունները չարաշահելու մեջ. նա բերման կենթարկվի"

Leave a comment

Your email address will not be published.


*