Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հունիսի 13-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Այս մասին հաղորդում է ՊՆ պաշտոնական կայքը:

Զրուցակիցների խնդրանքով՝ պաշտպանության նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի: Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիրքերի տեղաշարժին:

Նախարարը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ:

Be the first to comment on "Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին"

Leave a comment

Your email address will not be published.


*