ԻՆՉ Է` ՄԵՆՔ ԷԼ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՆՔ, ՈՐ ԱՅԼԵՒՍ ՍԵՐ ԵՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ՞

ԻՆՉ Է` ՄԵՆՔ ԷԼ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՆՔ, ՈՐ ԱՅԼԵՒՍ ՍԵՐ ԵՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ՞
«Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն ԱԺ ներկայացնելը առաջացրել է «Ծառուկյան դաշինքի» բուռն վրդովմունքը։ Հայաստանի թիվ մեկ բարերարի համբավ վաստակած Գագիկ Ծառուկյանի թիմում օրենքն ընդունել են որպես Ծառուկյանի անձին ուղղված անարգանք։ Բանն այն է, որ օրենքի փոփոխությունները ենթադրում են բարեգործական նախաձեռնությունների վերահսկողության խստացում, իսկ Ծառուկյանի կուսակցության հաջողության գրավականը Գագիկ Ծառուկյանի բարեգործություններն են, որով էլ ձեւավորվել է նրա քաղաքական կապիտալը։ Նախագծի հեղինակը նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն է, նոր կառավարությունը կարող էր չներկայացնել այն ԱԺ, եթե դեմ էր, սակայն Նիկոլ Փաշինյանի թիմը հայտարարել է առանց ընտրակաշառքի, մրցակցային ընտրություններ անցկացնելու մասին, հետեւաբար, այս օրենքին նրանք կաջակցեն երկու ձեռքով։ Թե ինչու են մտահոգված Ծառուկյանի թիմակիցները, փորձեցինք պարզել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ զրույցում։

— Պարոն Բագրատյան, «Բարեգործության մասին» օրենքը, կարծում եք, միտված է ընտրությունների՞ն, ինչո՞ւ «Ծառուկյան դաշինքն» անձնավորված դա ընդունեց, եղան մի շարք հայտարարություններ։

Որեւէ օրենք չի կարող կիրառվել ի հակառակ հասարակական հարաբերությունների։ Եթե մենք սոցիալապես, տնտեսապես ապահովված երկրում ապրեինք, բարեգործության մասին չէինք էլ մտածի։ Այսօր չեմ կարծում, թե այդ խնդիրն այնքան գերակա է, որ նման նախագիծը պետք է առաջ տանենք։ Հատկապես, որ այդ օրենքի նախագիծը մշակվել է նախկին կառավարության կողմից։ Իրենք դա պետք է անեին, քանի որ մենք գտնվում էինք ընդդիմության դաշտում, իրենք մեզ պետք է հարվածեին ու ուզում էին ունենալ որոշակի դրսեւորումներ, որոնցով հնարավոր էր լինելու քաղաքական նենգության որոշակի դրսեւորումներ ցուցադրել։ Հիմա այս կառավարությունը պետք է շատ զգույշ լինի, ի վերջո, պետությունն ի վիճակի չէ, մենք ունենք շատ խոցելի խմբեր, պատկերացրեք՝ Գյումրիի տնակների հետ կապված բարեգործություններն ինչքան կարեւոր են եւ այլն։ Սա միայն Ծառուկյանին չի վերաբերում, բոլոր բարեգործներին է վերաբերում։ Փաստորեն, սա մի օրենք է, որ մարդը պետք է հավատաքննության ենթարկվի բարեգործություն անելու համար։ Այսինքն՝ մենք ասում ենք սիրո եւ համերաշխության հեղափոխություն, դե եկեք մեկնաբանենք նաեւ «բարեգործություն» բառը՝ բարի գործ անել, ի՞նչ վատ բան կա դրա մեջ, մի՞թե հենց բարեգործությունը չի տեղավորվում սիրո եւ համերաշխության մեջ, ինչ է, մենք չար գո՞րծ պիտի անենք։

— Խոսքն առհասարակ բարեգործության մասին չէ, այլ նախընտրական, քաղաքական նպատակներ հետապնդող բարեգործությունների, որոնք պետք է վերահսկվեն։ Տեսակետ կա, թե բարեգործության շնորհիվ է Ծառուկյանը բոլոր ընտրություններում կարողանում ձեւավորել քաղաքական կապիտալը։

Օրենքի մեջ, իհարկե, նշված չէ, որ դա վերաբերում է պարոն Ծառուկյանին, եթե նշվի, մենք այլ կերպ կարձագանքենք։ Մենք սա համարում ենք դաշնակից կառավարություն, եւ կարծում ենք, որ պետք է համատեղ քննարկենք օրենքը, ներկայացնենք մեր մոտեցումները։ Միգուցե ես եւ Դուք բարեգործության կարիք չունենք, բայց հազարավոր ընտանիքներ ունեն դրա կարիքը։ Չի կարելի միակողմանի մտածել։ Մենք կարող ենք ամենահեշտ լուծումը գտնել, պարոն Ծառուկյանը հրաժարվի բարեգործությունից, բայց պատկերացնո՞ւմ եք՝ մենք հազարավոր հայ ընտանիքների վնաս ենք հասցնելու։

— Կա կարծիք, որ եթե բոլոր հարկատուները բարեխղճորեն կատարեն իրենց հարկային պարտավորությունները, բարեգործության կարիք չի լինի, իսկ նոր իշխանությունները շարժվում են այդ ուղղությամբ։

Այդ տրամաբանությամբ եվրոպական զարգացած ու կայացած պետություններում բարեգործություններ չպետք է լինեին, բայց ամենամեծ բարեգործությունները հենց այդ երկրներում են, հաճախ դրանք արվում են անանուն բարեգործների կողմից։

— Փոխարենը՝ Ծառուկյանի կատարած բարեգործությունները գիշերուզօր թմբկահարվում են հեռուստատեսությամբ։

Ո՞նց անանուն ասենք, որ որեւէ մեկը կարկուտի վնասների պատճառով զիջել է գյուղացիներին պարարտանյութեր, թունաքիմիկատներ կամ՝ խաղողագործներին, բայց ո՞վ է զիջել, մենք պետք է ասեինք՝ անանուն մա՞րդն է զիջել։ Էսթետիկ պահ գուցե կա, ես չեմ կարող բանավիճել, պետք է քննարկենք։

— Խնդրո առարկան քաղաքական նկրտումներով իրականացված բարեփոխումներն են, հենց այս հարցում է լինելու սահմանափակում, չե՞ք կարծում, որ այդ «բարեգործությունները» ընտրությունների նախաշեմին ոչ մրցակցային պայմաններ են ստեղծում։

2015-ից, երբ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, բայց շարունակեց բարեգործությունները, ինչո՞ւ որեւէ մեկն այդ օրենքը չէր բերում։ Ձեռնտու էր։ Վստահեցնում եմ, որ շատերը տարիներ հետո չեն էլ հիշում, որ Ծառուկյանն իրենց բարեգործություն է արել, բայց մենք լավ արարքում փորձում ենք վատը փնտրել։ Դե թող Մանթաշովներ չլինեին, Քրքորյաններ չլինեին, արդյոք դա կօգնե՞ր մեզ բարեկեցիկ ապրելու։ Եթե մեր պետությունն այսօր ի վիճակի է խնդիրները լուծելու, քավ լիցի, մենք խնդիր չունենք։ Բայց պատկերացնո՞ւմ եք՝ բարեգործության կարիք ունեցողները հավաքվեն ու բացատրություն պահանջեն այդ որոշումն ընդունողից։

— Եթե գործող կառավարությունն այդ նախագիծն ուղարկել է խորհրդարան, կարող ենք ասել, որ Փաշինյանի թիմում ձեր հետ կապված մտահոգություններ կան, հատկապես այն հայտարարությունից հետո, որ ընտրություններում հավակնում եք 50+1 հավաքել։

Ես չեմ կարծում, այս կառավարությունը, կարծում եմ, այնքան ողջախոհություն ունի, որ լավագույն գործընկերոջ նկատմամբ նման պատեհապաշտ վերաբերմունք չի կարող դրսեւորել։

— Բայց դրսեւորել է, օրենքն անվանական հասցեատեր չունի, բայց առանց դրա էլ ամեն ինչ պարզ է։

Եկենք չշտապենք, սպասենք իրենց պարզաբանմանը, մենք էլ ուսումնասիրենք օրենքը։ Վստահ եմ, որ ժողովրդական շարժման արդյունքում ձեւավորված կառավարությունը հակաժողովրդական որոշումներ չի ընդունի, եւ հակառակը՝ շահագրգռված պետք է լինի սոցիալական բոլոր խմբերի կարիքների լուծման հարցում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի խմբեր բողոքի ձայն կբարձրացնեն՝ հաշմանդամներ, անապահով ընտանիքներ եւ այլն։

— Դուք ինչո՞ւ եք մտահոգվում, թող իշխանությունը, կառավարությունը մտահոգվի։

Որովհետեւ մենք այս կառավարության համակիրներն ենք եւ նույնպիսի շահագրգռվածություն ունենք, որ կառավարությունը հաջողի, ինչ իրենք։ Սա հանրային լայն ընդգրկում ունեցող խնդիր է, ու պետք է հանրային քննարկում ծավալել ուսանողների, խաղողագործների, հաշմանդամների եւ այլ խմբերի հետ։

— Եթե չլինեին Ծառուկյանի բարեգործությունները, իր ղեկավարած քաղաքական ուժը վերջին խորհրդարաններում նման ներկայացվածություն կունենա՞ր։

Ես առավել քան համոզված եմ, որ Ծառուկյանի բարեգործությունները ընտրություններին ազդեցություն չեն ունենում։ Որեւէ քաղաքական ուժ, գործիչ չի կարող ասել՝ ես բարեգործություն եմ արել, ձեր ձայնն ինձ պետք է տաք։

— Քաղաքացու մոտ է բարոյական պարտավորվածություն առաջանում։

Համաձայն չեմ։ Պարոն Ծառուկյանն էլ միշտ շեշտում է, որ դրանք քաղաքական ուղղվածություն չեն կարող ունենալ։

— Եթե Ծառուկյան բարեգործի իմիջը չէ ձեր ուժի հաջողության գրավականը, ապա ի՞նչն է։

Ես հետեւյալ կերպ մեկնաբանեմ․ ըստ Ձեզ՝ մենք ո՞ր շերտերի հոգսերն ենք այստեղ բարձրաձայնում, ես անձամբ՝ գյուղացիների, սահմանամերձ շրջանի բնակիչների հոգսերը, Զոհրաբյան Նառան բարձրաձայնում է քաղաքական խնդիրների վերաբերյալ, վերլուծություններ, Միքայել Մելքումյանը՝ տնտեսական շրջանակների մոտեցումները, Գեւորգ Պետրոսյանը՝ իրավական եւ այլն։

— Այսինքն՝ Ծառուկյանի անձով պայմանավորված չէ հաջողությունը։

Այդ հարցերը կապ ունե՞ն պարոն Ծառուկյանի հետ։ Օրինակ՝ իրավական հարցերը երբ բարձրաձայնում ենք, պարոն Ծառուկյանն ըտեղ մեղք ունի՞։

— Հստակեցնենք․ ձեր՝ օրենսդիրների աշխատանքի արդյո՞ւնքն է, որ ընտրողը ձեզ ձայն է տալիս, թե՞ Ծառուկյանի բարեգործությունների։

Դա նույնն է , թե ասեք՝ մեքենան լավն է ղեկի՞ շնորհիվ, թե՞ անվադողերի։ Մենք ունենք հասարակության մեջ բացարձակ ընդունելի, խարիզմատիկ լիդեր։

— Ո՞ր հատկանիշների շնորհիվ։

Իր պարզության, իր մարդկայնության, իր բարության, իր՝ ժողովրդի նկատմամբ սիրով, հոգատարությամբ։

— Որը դրսեւորվում է բարեգործությա՞մբ։

Եթե այդ հոգատարությունը դրսեւորվում է նաեւ օգնությամբ, ի՞նչ է եղել, մենք հասել ենք նրան, որ այդ ամենում վատ բա՞ն ենք տեսնում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն էլ իր քաղաքական պայքարի հիմքում դրեց սերն ու համերաշխությունը, հանդուրժողականությունը, ինչ է, մենք էլ օրենք ընդունենք, որ այլեւս սեր եւ հանդուրժողականություն չլինի՞, չէ՞ որ դրանք համամարդկային արժեքներ են։

Be the first to comment on "ԻՆՉ Է` ՄԵՆՔ ԷԼ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵՆՔ, ՈՐ ԱՅԼԵՒՍ ՍԵՐ ԵՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ՞"

Leave a comment

Your email address will not be published.


*