Նոր Հայաստանում՝ գրքի և գրականության հին հարցերի շուրջ

Նոր Հայաստանում՝ գրքի և գրականության հին հարցերի շուրջ
Արմեն Հայաստանցի (Օհանյան)

Արձակագիր, Հայաստանի ՊԷՆ կենտրոնի նախագահ
Հոդվածաշարը նվիրված է գրականություն և գրահրատարակչության ոլորտի մի շարք խնդիրների։

Գրաշուկան

Թեպետ և անհիմն չեն շատերի պնդումները, թե մեր գրաշուկան «օլիգոպոլիկ» է, բայց հարկ է նշել, որ գրքի «օլիգարխներն» ամենևին էլ մականունավոր դեգեներատներ ու թալանչիներ չեն։ Գրաշուկայի առկա վիճակի առաջին «մեղավորը» իր իսկ փոքրությունն է, ապա՝ գողապետական քաղաքականությամբ թելադրված տնտեսության ընդհանուր զարգացման միտումը։

Արտադրողին ու ներկրողին տարիների ընթացքում հաջողվել է առաջընթաց գրանցել ու երբեմն նույնանալ։ Խոշոր հրատարակիչները թուղթ են ներկրում, ունեն տպարան և գրախանութների ցանց։ Առնվազն մի գրավաճառի հաջողվել է նույն սցենարով բարգավաճել, հիմնել տպարան, դառնալ նաև հրատարակիչ։ Ի հետևանս, «ազատ» շուկայի մրցակցությանը չդիմանալով` մանր ու միջինը խաղից գրեթե դուրս են մղվել ու բողոքում են դաշտը զավթած «օլիգարխներից»։ Ցավալի է, իհարկե, որ խախտվել է գրաշուկայի գրող-գրական գործակալ-հրատարակիչ-տպարան-գրախանութ-ընթերցող տրամաբանական շղթան։ Ըստ էության, միջանկյալ օղակները ձուլվել են մեկ ընդհանուր բիզնեսի մեջ։ Բայց գրաշուկայի հիմնախնդիրը խոշորների առկայությունը չէ։

Պետությունը դաշտում խաղացել է իբրև փայատեր կամ մրցակից, մանրումիջինի նկատմամբ կիրառել «հումանիտար օգնության», իսկ ավելի կոպիտ՝ «բերան փակելու» սկզբունք, որպես համընդհանուր մոտեցում էլ գործի է դրել փայադարձերի («ատկատ») հին ու լավ ավանդույթը։ Մեկին տվել է, տասին նեղացրել, բաժանել ու տիրել և երբեք փաստարկված չի հիմնավորվել գրքի սուբսիդավորումը։ Հայտնի չէ՝ «գրականության հրատարակում» (նույն ինքը՝ պետպատվեր) և «աջակցություն գրականության հրատարակմանը» (կարճ՝ պետաջակցություն) ծրագրերով ոլորտի զարգացմանն ավելի շատ նպաստե՞լ է, թե՞ վնասել։

Գրաշուկայի նկատմամբ անլուրջ պետական վերաբերմունքի հետևանք է նաև, որ ներկայումս հրատարակչին ավելի ձեռնտու է մեծ տպաքանակները պատվիրել դրսում, ասենք, Չինաստանում և ներմուծել, քան թե տեղում կազմակերպել արտադրություն։ Հիշեցնենք, որ հարկաբյուջետային քաղաքականության հետ կապված տարբեր պատճառաբանություններով գիրքը շարունակում է հարկվել 20 % ԱԱՀ-ով, ինչպես ցանկացած այլ ապրանք, օրինակ՝ ծխախոտն ու զուգարանի թուղթը:

Մշնախը
Մշնախը տարեկան ստանում է պետբյուջեի 1%-ը գերազանցող, իսկ ՀՆԱ-ի զրո ամբողջ ինչ-որ մի թիվ կազմող գումար՝ կոպիտ հաշվարկով 30 միլիոն դոլար, որի 90%-ը բաշխում է իրեն ենթակա 70-ից ավելի ՊՈԱԿ-ներին՝ լուծելով ոչ այնքան մշակույթի զարգացման, որքան եղածը մի կերպ պահել-պահպանելու, իսկ հիմնականում շուրջ 50 հազար մարդու սոցիալական զբաղվածության խնդիր։ 2018-ի գրատպության սուբսիդավորումը ճոխացրած 200 հազար դոլարը չի գերազանցի, նախարարության բյուջեի 0,1 %-ից էլ քիչ։ Պարզ է, հարցը փողը չէ, այլ քաղաքականությունը։

Երկրում իրավիճակ է փոխվել, ուստի շահագրգիռ հանրույթը դրական տեղաշարժեր է ակնկալում նաև այս ասպարեզում։

Չնայած մշակույթի նախարարության կայքում թարմացվել է «գրահրատակչական գործ և տեղեկատվություն» էջը, բայց նոր տեքստը կառավարության ծրագրի հեղափոխական ոգուն և մշակութային քաղաքականության շուրջ վարչապետի ներկայացրած տեսլականին համահունչ չէ։

Նախ «տեղեկատվությունը» «գրահրատարակչության» պոչից կպցնելու կարիք չկա։ Հանրությունն այլևս հիմնական տեղեկատվությունը գիրք ու տպագիր մամուլից չի ստանում, մանավանդ որ կայքում առանձին էջ է նվիրված «տեղեկատվական ոլորտին»։ Իսկ որ ավելի կարևոր է՝ իբրև քաղաքական նպատակ ձևակերպված «գրահրատարակչական գործի» զարգացումն անպայմանորեն չի ենթադրում գրականության առաջխաղացում, որն ըստ առկա բաժանման հիմքի՝ հարկ է ներառել թվարկված արվեստների շարքում, ինչպես «կերպարվեստը», «թատերարվեստը» և այլն, քանի որ բուն թեման գիրն ու գրականությունն է, արտադրական արդյունքը՝ գիրքը։

Իրականում նախարարությունը ոլորտի զարգացնողը չէ, լավագույն դեպքում նպաստավոր մթնոլորտ և պայմաններ ապահովի։

Մեղադրելու չէ, բայց փաստ է. պետությունն առ այսօր չունի

գրաշուկայի զարգացման տեսլական,

ընթերցանության խրախուսման համալիր ծրագիր,

գրականության առաջխաղացման հայեցակարգ,

բայց առկա են իրավիճակը փոխելու քաղաքական կամք, ոլորտը ստվերից հանելու և հրապարակային գործելու դրական միտում։

Ասվածի վկայությունն է վերջերս պետպատվերով և պետաջակցությամբ հրատարակությունների հաշվետվությունների հրապարակումը։

2005-2018 թթ. հրատարակությունները պետպատվերով՝ շուրջ 2.8 միլիոն դոլար,

2009-2018 թթ. հրատարակությունները պետաջակցությամբ՝ շուրջ 760 հազար դոլար:

Կլորացրած՝ պետպատվերով տարեկան շուրջ 200-250 հազար դոլար է հատկացվել, իսկ վերջին տարիներին թիվը նվազել է՝ պտտվելով 100 հազարի շուրջ։ Պետաջակցությամբ հատկացվել է միջինը 80 հազար դոլար։

Նախարարությունը գրաշուկայում որպես պատվիրատու և աջակցող չի կարող այս երկու ծրագրով զարգացում ապահովել, ինչի վկայությունն է վերջին երեք տարիների պարզ վիճակագրությունը։

ISBN ստացած գրքերի թիվը կարելի է համեմատել պետպատվերով և պետաջակցությամբ հրատարակվածների հետ։

2015 թ.՝ 1650 գիրք, պետպատվեր՝ 40, պետաջակցություն՝ 61:

2016 թ.՝ 2427 գիրք, պետպատվեր՝ 27, պետաջակցություն՝ 92:

2017 թ.՝ 2327 գիրք, պետպատվեր՝ 39, պետաջակցություն՝ 15:

Նշում.

IBSN-ը գրքերի հաշվառման և նույնականացման համակարգ է. նշված թվերը տվյալ տարում փաստացի լույս տեսած գրքերի հետ կապ չունեն, այլ ցույց են տալիս շուկայի ընդհանուր հավակնությունը։ Օրինակ՝ ակտիվ հրատարակչությունները, որպես կանոն, միանգամից «բլոկով» մի քանի հարյուր ISBN են ձեռք բերում, որ ամեն հերթական գրքի համար չվազեն գրապալատ։

Թե իրականում քանի անուն գիրք է տարեկան տպագրվում, թերևս միայն ՊԵԿ-ը կարող է մոտավոր ասել՝ ըստ դաշտի հարկման։ Հաշվի առնելով շուկայի ստվերը՝ արտադրանքի համընդհանուր՝ տպաքանակների հանրագումարային ստույգ և վստահելի վիճակագրական թիվ այս պահի դրությամբ չկա։

Այնուամենայնիվ ակնառու է, որ գրքեր և լավ, որակյալ գրքեր երկրում արտադրվում են, առավելապես ներկրվում, վատից-լավից վաճառվում, հասնում սպառողին։ Պատերազմող, հարստահարված երկրի համար մենք ունենք բավական լավ ցուցանիշներով գրաշուկա, որտեղ ըստ սահմանման՝ շարքային, թեկուզ և շատ հպարտ ու ընթերցասեր քաղաքացու սպառողական զամբյուղում դժվար թե գիրքը կայուն տեղ գտներ, եթե չլինեին գրքի նկատմամբ որոշակի մշակութային կարծրատիպեր ու քարացած պաշտամունք, և ինչքան էլ զարմանալի հնչի, հենց այդ նույն «գրքի օլիգարխները», որ սայլը տեղից շարժողներն են։

Գրքի պետպատվեր եւ պետաջակցություն
Պետպատվերն ու պետաջակցությունը տրամաբանորեն տարբեր խնդիրներ լուծող ծրագրեր են և պետք է հստակ սահմանազատվեն։

Առաջինի դեպքում նախարարությունն ինքն իրեն կամ մասնավորին պատվիրում է պետական և ազգային կարևորության գիր-գրականություն։ Եթե պատվիրում է ինքն իրեն՝ նախապատվությունը տալով իր ենթակայությամբ գործող համապատասխան հիմնարկներին, ապա այս գրքերը պետք է միանշանակորեն դառնան հանրային սեփականություն, իսկ մասնավորին կարող է պատվիրել բացառապես կոմերցիոն ներուժ չունեցող գրականություն։ Այստեղ բիզնես տրամաբանությունը չի կարող լինել առաջնային։

Պետաջակցության իմաստը բոլորովին այլ է։ Պետությունը՝ որպես աջակցող, օգնության ձեռք է մեկնում հեղինակին ու հրատարակչին՝ ելնելով գրականության առաջխաղացման իր տեսլականից, կարևորելով, օրինակ, այս կամ այն ժանրը, մեղմելու համար կոմերցիոն ռիսկերը։

Ուստի առաջին դեպքում պետությունն ամբողջ «ռիսկը» վերցնում է իր վրա և չի առաջնորդվում բիզնես շահերով, իսկ երկրորդ դեպքում կիսում է ռիսկը մասնավորի հետ։

Ըստ հրապարակված ցուցակների՝ պետպատվերով հիմնականում լույս է տեսել հանրագիտարանային, հոբելյանական, ալբոմային, գիտահանրամատչելի, մանկական, թարգմանական, գեղարվեստական և այլ տիպի գրականություն։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

Հանրագիտարանային գրականություն
Նշված տարիների ընթացքում պետպատվերի առյուծի բաժինը հասել է «Հայկական հանրագիտարան» ՊՈԱԿ-ին՝ շուրջ 870 հազար դոլար տարբեր հանրագիտարանների նախապատրաստման և հրատարակման համար։

Հանրագիտարանային գրականություն պետպատվերով տպագրել են նաև մի շարք այլ հրատարակչություններ, ինչն անընդունելի է։ Եթե պետությունը հանրագիտարան ունենալու համար հատուկ հիմնարկ է պահում, ապա ինչո՞ւ պիտի իր կառույցը թողած՝ հանրագիտարան պատվիրի մասնավորին։ Լավագույն դեպքում կարող է աջակցել, ոչ թե պատվիրել։

Անտրամաբանական է, երբ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետպատվերով լույս տեսած արժեքավոր հանրագիտարանները չեն դառնում հանրության սեփականությունը։ Մարդիկ օգտվում են Wikipedia-ից, ոմանց տներում մինչև հիմա հանրագիտարան ասվածը «Հայկական սովետականն» է։ Հարկ է իրականացնել առկա բոլոր հանրագիտարանների թվայնացման ծրագիր, որի շնորհիվ անվճար էլգրքի տեսքով դրանք ներբեռնելու հնարավորություն կընձեռվի հանրությանը։ Բացի դրանից, կարելի է թվայնացված հոդվածներով հարստացնել հայերեն Wikipedia-ն, Armeniapedia-ն կամ ստեղծել մեկ այլ էլեկտրոնային հանրագիտարանային հարթակ։

Տպաքանակի մեծ մասն անհրաժեշտ է բաշխել գրադարաններին։

Մեր մոտեցմամբ ցանկացած պետպատվերով հրատարակված գրքի վաճառքի ենթակա տպաքանակը չի կարող գերազանցել ամբողջի 30%-ը։

Պետպատվերով լույս տեսած գրքերը հանրության սեփականությունն են և պետք է տպագիր տարբերակով գրադարաններում, անվճար էլգրքերի տեսքով առցանց հասանելի լինեն յուրաքանչյուրիս։ Ինչ խոսք, գնողունակներն էլ չպիտի զրկվեն դրանք ձեռք բերելու հնարավորությունից։

Թե՛ պետպատվերով, թե՛ պետաջակցությամբ բոլոր տպագիր գրքերում անհրաժեշտ է պարտադիր նշել պայմանագրային տպաքանակը և համապատասխան միջգերատեսչական մարմնի կողմից հաստատված գինը (ներառյալ վաճառողի սահմանված տոկոսը):

Ոչ միայն հանրագիտարանների, այլև պետպատվերով լույս տեսնող բոլոր գրքերի պարտադիր էլեկտրոնային տարբերակների անվճար հասանելիությունը կարող է կիրառվել որպես ընդհանուր սկզբունք։

Պետաջակցության ծրագրով քվոտաներ սահմանելով՝ հնարավոր է նպաստել սաղմնային վիճակում գտնվող էլեկտրոնային գրաշուկայի կայացմանը։

Ալբոմային գրականություն
Ալբոմային գրականության նկատմամբ հեշտությամբ կարելի է կիրառել նույն սկզբունքները, ինչ հանրագիտարանայինի դեպքում։

Ճոխ ալբոմները տպագրում ենք, որ նվիրենք երկրի հյուրերին, սևերես չմնանք։ Վատ չէ, բայց գնումների քաղաքականությամբ կարելի է հիմնական հարցը փակել։ Գնեք՝ նվիրեք։

Եթե մեկը պնդի, որ իր արտակարգ պոլիգրաֆիական որակով, Հայաստանի մշակույթը հավուր պատշաճի ներկայացնող ալբոմը ևս «կոմերցիոն ներուժ» չունի, քանի որ թանկ է և չի վաճառվի, ուրեմն չի վստահում հայ ժողովրդի իմաստնությանը․ տաշած քարը գետնին չի մնա։ Կան թանկարժեք գրքի պոտենցիալ սպառողներ։

Որակյալ ալբոմային գրականությունը նաև արտերկրում վաճառվելու շանս ունի, և այս հարցում պետությունն արդեն իսկ օգնում է մասնավորին՝ միջազգային գրաշուկաներում հարկատուների հաշվին տաղավարներ վարձակալելով։ Բացի դրանից, նախարարությունը կարող է հոգ տանել, որպեսզի Հայաստանում լույս տեսած նման գրքերը լինեն պետության կողմից իր հյուրերին տրվող ամենաթանկ նվերների շարքում՝ առանց դրանց պատվիրատուն դառնալու, պարզապես դրանց հետևողական «գովազդողը» լինելով։

Հոբելյանական գրականություն
Պետպատվերով հոբելյանական գրականության հրատարակման արդյունավետությունը կասկածելի է և վերանայման խիստ կարիք ունի։ Գիրքը հոբելյանի կամ տարելիցի նշման պարտադիր ատրիբուտ չէ, եթե արդարացված չէ, ուրեմն անտեղի ծախս է։

Ընդհանրապես նախկինում հոբելյաններին ու տարելիցներին մշնախը հանդես է եկել անվերջանալի հոգեհացի սեղանի թամադայի կարգավիճակով՝ հայ մեծերի ծննդյան ու մահվան կամ պատմական որևէ իրադարձության տարելիցի առիթն օգտագործելով որպես ֆինանսական չարաշահումների «բարոյական» ֆոն։ Մեծերի մեծարումն ինքնին տավտոլոգիա է, իսկ սեփական պատմության տարեգրությունը հիշելու և նշելու համար ժողովուրդը պետության հրովարտակին ու հուշմանը չի սպասում։ Եթե հոբելյանը միայն պետությունն է կարևորում, իսկ հանրությունը խոշոր հաշվով անտարբեր է դրա նկատմամբ (այս կոնկրետ դեպքում ընթերցողական լսարանը չի սպասում տվյալ հոբելյանական գրքին), ուրեմն խնդիր ունեք կամ հանրային գիտակցության մակարդակի կամ հոբելյարի հանրային վարկանիշի հետ։

Թարգմանական գրականություն
Թե՛ պետպատվերով, թե՛ պետաջակցությամբ թարգմանական գրականության հրատարակումն անիմաստ խառնաշփոթ է առաջացնում։ Թարգմանական գրականության ուղղությունները (հայերենից դեպի այլ լեզուներ և հակառակը) պետք է ներառվեն մի առանձին, լրջորեն մշակված թարգմանական դրամաշնորհային ծրագրի մեջ՝ որպես երկու ենթածրագիր։

Թարգմանական դրամաշնորհային ծրագրի շուրջ առավել մանրամասն կխոսենք հաջորդիվ։

Սփյուռքահայ գրականություն
Սովետահայ գրականագիտության երկնած «սփյուռքահայ գրականություն» եզրը վիճելի է, քանի որ անգամ մասնագետները միակարծիք չեն դրա հստակ սահմանման շուրջ։ Հայկական սփյուռքն ինքնին բազմաշերտ իրողություն է, որտեղ չկա համապարփակ սփյուռքահայ ինքնություն։ Եթե մարդը բնակվում է Հայաստանում ու գրում է արևմտահայերեն վեպ, դա սփյուռքահա՞յ գրականություն է։ Իսկ ռուսաստանցի հայի օտարագիր (ռուսերեն) վե՞պը։

Գրականության առումով չափորոշիչները պետք է հստակ լինեն ՝ անկախ հեղինակի ազգային պատկանելությունից, հաշվի պետք է առնվի կամ լեզուն (արևմտահայերեն), կամ թեման (հայկական)։

Ժամանակն է, որ արևմտահայերենի պաշտպանությունը պետական պատշաճ մակարդակով իրացվի։ ՀՀ Սահմանադրությունը, որ գրված է գրական հայերենով, այսինքն՝ արևելահայերեն և ժամանակակից ուղղագրությամբ, հռչակում է հայերենը որպես պետական լեզու՝ ըստ էության իր իսկ տառով հաստատելով լեզվի մի ճյուղի գերակայությունը մյուսի նկատմամբ։ Լեզվի մասին օրենքը, որ գրված է «մեկ ազգ, մեկ մշակույթ» տրամաբանությամբ, օրենսդրական լուրջ նախադրյալներ չի ստեղծում արևմտահայերենի պաշտպանության և պահպանման համար։ Հուսանք, որ այս ուղղությամբ Մշակույթի նախարարությունը Սփյուռքի նախարարության և Լեզվի կոմիտեի հետ համատեղ քայլեր կձեռնարկի։ Իսկ մինչ այդ պետպատվերով անհրաժեշտ է տպագրել ոչ թե անորոշ «սփյուռքահայ», այլ բացառապես արևմտահայերեն գրականություն՝ առաջնայնությունը տալով ժամանակակից գրողներին և անտիպներին։

Օտարալեզու սփյուռքահայ գրականությունը այլ լեզուներից դեպի հայերեն թարգմանական ենթածրագրով կարող է հավակնել դրամաշնորհի։ Այստեղ երկակի ստանդարտների կիրառումն անթույլատրելի է։ Եթե մարդը հայ է, բայց թույլ գիրք է գրել, ապա ինչո՞ւ պիտի պետաջակցություն ստանա պարզապես ծագումով հայ լինելու համար։ Ճապոնացի հեղինակի արժեքավոր գիրքը հայկական որևէ թեմայով ոչ պակաս կարևոր է հասցնել հայ ընթերցողին։ Ուստի բոլորը հավասարապես պետք է մրցակցեն թարգմանական դրամաշնորհի համար, որտեղ առաջնայնությունը կարող է տրվել հայկական թեմային՝ անկախ գրողի հայ, թե ճապոնացի լինելուց։

Առաջին գիրք եւ երիտասարդ գրողների ստեղծագործություններ
Պետաջակցությամբ վերջին տարիներին ֆինանսավորում են նաև դեբյուտային գրքեր և այսպես կոչվող՝ երիտասարդ գրողների ստեղծագործություններ։ Իհարկե, ողջյունելի է, որ պետությունը հոգ է տանում սկսնակ գրողի համար, բայց ի՞նչ հիմնավորմամբ (բնականաբար բոլոր սկսնակների հավակնությունները չի կարող բավարարել)։ Այդ դեպքում ինչո՞ւ պիտի ընդհանուր մրցույթի տրամաբանությունը խախտվի։ Ի վերջո, այստեղ տարիքային հարց էլ չկա, քանի որ սկսնակը կարող է լինել 80 տարեկան։

Մյուս կողմից էլ երիտասարդ գրողներին որպես գրականության դաշտի երիտթև առանձնացումը կոմսոմոլական մոտեցում է։

«Առաջին գիրք» տողի մասով պետությունը կարող է աջակցել սկսնակներին էլեկտրոնային անվճար գրքերի հրատարակմամբ՝ այդ կերպ նախ զարգացնելով էլեկտրոնային գրաշուկան և հանրայնացնելով առաջին գիրքն ամենալայն իմաստով։ Եթե հեղինակը պատրաստ է խորհրդանշական հոնորարի դիմաց իր առաջին գիրքն ընթերցողին հասցնել անվճար, ապա պետական օժանդակությունը կլինի հասցեական։ Իսկ եթե սկսնակը կարծում է, որ գլուխգործոց է հեղինակել, որն իրեն մեծ փող ու ճանաչում պիտի բերի, կարող է դիմել մասնավորին և համոզել նրան դրանում։

Երիտթևի առնչությամբ նույնպես կարիք չկա տուրք տալ էյջիզմին և տարիքային խտրականություն դրսևորել, քանի որ անտաղանդ երիտասարդը տաղանդավոր ծերունուց, որ տարիներով համեստաբար սպասում է իր վերջին գրքի հրատարակմանը, «առավել» է միայն մի բանով. նրա կյանքը դեռ առջևում է։

Ի վերջո, «երիտասարդ գրողների ստեղծագործությունը» գրական ժանր չէ։ Հեղինակի տարիքը կապ չունի, եթե խոսքը վերաբերում է երիտասարդական գրականության՝ իբրև նոր սերնդի ընթերցողների շրջանակի ընդլայնման համար կարևոր ժանրի խրախուսմանը։

Մանկական գրականություն
Պետաջակցությամբ, ոչ էլ առավել ևս պետպատվերով մանկական գրականություն հրատարակելու ծանրակշիռ հիմնավորում չկա։

Մանկական գրքերը գրաշուկայում ամենից լավ են վաճառվում։ Այլ հարց է, որ ժամանակակից հայ մանկագիրների գործերը, ցավոք սրտի, հաճախ մրցունակ չեն թարգմանական և դասական հայկական մանկագրության համեմատ։

Էական չէ՝ գիրքը մանկական է, թե մեծահասակների համար. եթե արժեքավոր է, ընդհանուր մրցութային կարգով հաղթելու և պետաջակցություն ստանալու բոլոր շանսերն ունի (այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը ռոտացիոն կարգով կարող է տրվել մասնագիտացված փոքր հրատարակչություններին)։ Իսկ եթե գիրքը շատ լավն է, հրատարակիչներն իրե՛նք վազելով կտպագրեն, քանի որ ինչպես արդեն ասվեց, մանկական գրականությունը լավ է վաճառվում և չի հարկվում (Կրթության ազգային ինստիտուտի համապատասխան եզրակացության հիման վրա)։

Մանկական գրքերի հիմնական առանձնահատկությունը նկարազարդումներն են։ Իսկ նկարազարդումները թանկ հաճույք են և կարող են էականորեն ազդել գրքի ինքնարժեքի վրա։ Հայաստանում հրաշալի նկարազարդողներ կան, որոնք ի զորու են շուկայի կարիքները բավարարել։ Ուստի մանկական գրքերի մասով պետաջակցությունը հիմնականում անհրաժեշտ է ուղղել նկարազարդումներին և այս սեգմենտի առկա ներուժի խրախուսմանը։

Իսկ արդի մանկագրության զարգացման ու տարածման համար արժե վերանայել մանկապատանեկան մամուլի ֆինանսավորման արդյունավետությունը, ինչպես նաև մանկապատանեկան ընթերցանության ծրագիր իրականացնել ընթերցանության խրախուսման համապետական համալիր ծրագրերի շրջանակներում։

Նախարարության անմիջական ենթակայությամբ գործող՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը թե՛ իր շենքային պայմաններով, թե՛ կազմակերպչական հնարավորություններով մանկագրական լրջագույն կենտրոնի վերածվելու բոլոր նախադրյալներն ունի։ Մանկագիրների համար Հայաստանով մեկ (մանկապարտեզներ, դպրոցներ, գրադարաններ) շրջագայության մեկամյա ընթերցումների ծրագիրի հոնորարներ ստանալու և սեփական ընթերցողական լսարանն ընդլայնելու առումով ավելի նպաստավոր են, քան պետպատվերով տպագրված խղճուկ մի գրքույկ։ Ծրագրի շնորհիվ ընթերցողական մեծ ճանաչում ձեռք բերած և արդեն իսկ պոտենցիալ սպառողի սերը վայելող արդի մանկագիրը հետագայում իր գիրքը տպագրելիս անգամ պետաջակցության կարիք առանձնապես չի ունենա։

Ընթերցանության խրախուսման համալիր ծրագրի մասին առավել մանրամասն կխոսենք հաջորդիվ։

Որոշումների կայացման գործընթաց
Նախկինում Մշակույթի նախարարությունը գործել է կամայականորեն, հաճախ նախարարի անձնական քմահաճույքով կամ էլ պատասխանատվությունից խուսափել է՝ որոշումների կայացման բեռը գցելով իրեն կից մասնագիտական խորհրդի վրա։ Քաղաքականություն չի իրականացվել, չեն սահմանվել առաջնահերթություններ ու չափորոշիչներ։

Արվեստի ասպարեզում անաչառ հանձնաժողով չի կարող լինել ըստ սահմանման, քանի որ սա ամենասուբյեկտիվ ոլորտն է, և խոսքը բացարձակ կաշառակերության մասին չէ, այլ շատ ավելի նուրբ հարցերի, ասենք՝ գրական ճաշակի։

Նախարարությունը չպիտի խուսափի որոշումներ կայացնելու պատասխանատվությունից. պետպատվերի դեպքում որոշումները պիտի կայացվեն սեփական ուժերով, առաջնորդվելով սահմանած չափորոշիչներով և առաջնահերթություններով, աջակցության մասով՝ անկախ հանձնաժողովի կամ հանրային խորհրդի արդարացված ներգրավմամբ։

Երբ երկրի քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ գործելու է հրապարակայնորեն ու բաց, այս համատեքստում գաղտնի մասնագիտական խորհուրդ ունենալն ուղղակի ամոթալի է։ Խորհրդի ձևավորման կարգն ու սկզբունքները, աշխատանքի հրապարակայնությունը կազմակերպող կողմի՝ Մշակույթի նախարարության անմիջական պարտավորությունն է։ Եվ իհարկե, հարկ է մտածել բողոքարկման մեխանիզմի շուրջ, որպեսզի որոշում կայացնող խորհուրդն էլ հասկանա, որ պետբյուջեի թեկուզ մի լումայի բաշխման հարցով իր կայացրած անհիմն որոշման համար կարող է հավաքական պատասխանատվություն կրել հանրության առաջ։

Ինչո՞ւ են վաճառվում պետպատվերով գրքերը։ Նախկինում, երբ կար Գրքի հիմնադրամ, այնուհետև ՊՈԱԿ (որը վերջերս լուծարվեց՝ աչքի ընկնելով շուրջ 34 մլն դրամի չարաշահումով), բացատրվում էր, որ վաճառքից գոյացած գումարը հետ է գալիս ոլորտ, որպեսզի հաջորդ տարիներին օգտագործվի։ Նման փաստարկը երբևէ թվերով չի հիմնավորվել։

Առաջարկում ենք պետպատվերով գրքերի իրացման կարգը վերանայել՝ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելով, ինչպես նաև նույն որոշմամբ սահմանել առանձնացված կարգ՝ պետաջակցությամբ հրատարակվող գրքերի իրացման մասով, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այս երկու ծրագրերը տրամաբանորեն տարբեր են և նույն ընդհանուր կարգով չեն կարող բաշխվել ու իրացվել։ Տե՛ս այստեղ:

Եթե հրատարակիչը կամ հեղինակն առանց պետության աջակցության է գիրք տպագրել, ինչ գին ուզում է դնի, դա իր գործն ու ռիսկն է։

Եթե պետությունն աջակցել է, ուրեմն իրավունք ունի իրացման գինը որոշել և թույլ չտալ, որ պետաջակցությամբ տպագրված գիրքը վաճառվի մեկ այլ գնով։ Գրքի թե՛ պայմանագրային տպաքանակը, թե՛ միջգերատեսչական հանձնաժողովով հաստատած գինը պատրադիր կերպով պետք է նշվեն։ Պայմանագրային (առաջին) տպաքանակի սպառումից հետո հրատարակիչն ազատ է վերաթողարկել տվյալ գիրքն արդեն առանց գնի նշման և վաճառել իր նախընտրած շուկայական գնով։

Եթե սահմանված երեք տարվա ընթացքում Մշակույթի նախարարության և հրատարակչի միջև կնքված պայմանագրում նշված գնով տպաքանակն ամբողջովին չի իրացվել, ապա պետությունը պարտավորվում է ետ գնել ու բաշխել գրադարաններին չիրացված մասը՝ մեկ օրինակի համար վճարելով գրքի ինքնարժեքից հանած պետաջակցության մասնաբաժինը բանաձևով։ Ինչո՞ւ։ Եթե պետությունը աջակցել է մի գրքի հրատարակմանը, որի նվազագույն տպաքանակի կեսն անգամ երեք տարում չի սպառվել, ուրեմն սխալվել է և ոչ թե կոմերցիոն ռիսկն է կիսել հրատարակչի հետ, այլ ձախողումը։ Եթե պայմանագրային տպաքանակն ամբողջովին վաճառվել է, ուրեմն վերստին սխալվել է. աջակցությունը եղել է գերարդյունավետ։ Պարզ տրամաբանությամբ, եթե ամբողջ տպաքանակը վաճառվել է, ուրեմն տվյալ գրքի կոմերցիոն ներուժը թերագնահատվել է, և հաջորդ՝ երկրորդ թողարկումից պետությունը կարող է մասնաբաժին ակնկալել ոչ թե գումարի, այլ գրադարանային պետական ֆոնդերի հարստացման համար առաջին տպաքանակի 5 — 10% ապրանքային տեսքով։ Այլ դեպքերում գրքի հետագան թող որոշեն հեղինակային իրավունքների տերերը։

Ֆորսմաժորային իրավիճակները, ինֆլյացիան և այլն չեն կարող փաստարկ լինել, թե վաճառքի գնի նշումը շուկայական տեսակետից արդարացված չէ, եթե պետաջակցությամբ սահմանափակվի տպաքանակը։ Այսօրվա շուկայի դինամիկայից ելնելով՝ 500-1500 օրինակ։ Այստեղ երեք տարի սահմանված ժամկետում մեծ ու անդառնալի կորուստներ չեն լինի։ Մյուս ռիսկը, որ հրատարակիչը կարող է թերանալ գրքի վաճառքի կազմակերպման հարցում և տպաքանակի մեծ մասը երեք տարի թողնել պահեստում, ապա վաճառել պետությանը կամ լավ վաճառվելու դեպքում վերջին օրինակները չուղարկել գրախանութներին, առողջ բիզնես տրամաբանությունից դուրս է, կարող է համարվել նաև պայմանագրային պարտավորությունների խախտում և հրատարակչին պատասխանատվության կանչելու հիմք դառնալ։ Ի վերջո, պետությունն էլ պիտի էշի ականջում չքնի և իր հերթին որոշակի վերահսկում իրականացնի։

Կարելի է սահմանել նաև իրացման ներքին շեմ հետևյալ կարգով․ հրատարակիչը, որը պետաջակցությամբ տպագրված գրքի առաջին տպաքանակի 50%-ը երեք տարվա ընթացքում չի իրացրել, համապատասխանաբար երեք տարով կզրկվի պետաջակցություն ստանալու հնարավորությունից։ Այս դեպքում թե՛ հայտերը ներկայացնելիս, թե՛ որոշումներ կայացնելիս երկու կողմն էլ հազար անգամ կչափեն, մեկ անգամ կկտրեն։

Այստեղ չարաշահումների հնարավորություն կարող է ունենալ այն հրատարակիչը, որն ունի նաև տպարան և թուղթ է ներկրում։ Բայց խոշոր հրատարակիչը երկու կոպեկի համար նման աճպարարության հազիվ թե դիմի։ Ի վերջո, կարելի է հաշվառել բոլոր ռիսկերը, իսկ նախարարության իրավաբանները կարող են խոշոր և մանր ու միջին հրատարակիչների համար պետաջակցության տարբերակված պայմանագրերի ձևեր մշակել՝ ելնելով հռչակված ընդհանուր տնտեսական քաղաքականության տրամաբանությունից։

Հարցերի համակողմանի հանրային ու փորձագիտական քննարկումների շնորհիվ անշուշտ կգտնվեն է՛լ ավելի պարզ ու արդարացված լուծումներ, բայց խնդիրն այստեղ հստակ է․ վերջ տալ պետությունից ամեն գնով գրքի տպագրման պատրվակով փող պոկելու, անպիտան գրքեր հրատարակելու, պետբյուջեի միջոցները գրպանելու կամ վատնելու արատավոր պրակտիկային։

Be the first to comment on "Նոր Հայաստանում՝ գրքի և գրականության հին հարցերի շուրջ"

Leave a comment

Your email address will not be published.


*