Հակակարկտային կայանների ՕԳԳ-ն զրոյական է. գիտնականներ

Հակակարկտային կայանների ՕԳԳ-ն զրոյական է. գիտնականներ
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելով, որ գազագեներատորային կայանների ներգործության արդյունքում ոչ միայն կարկտաբեր ամպերը չեն ցրվում, այլեւ երբեմն դրան հաջորդում է ավերիչ կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հակակարկտային ցանցի անարդյունավետության հարցը շարունակվում է քննարկվել։ Հայաստանի կառավարությունը վերջին տասը տարիներին միլիոնավոր դոլարներ է ծախսել հակակարկտային կայաններ ձեռք բերելու եւ դրանք սպասարկելու համար, սակայն դեռ հարցականի տակ է դրանց արդյունավետությունը։

Աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը գազագեներատորային կայանների բացասական ազդեցությունը հիմնավորելու նպատակով ուսումնասիրել է Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում 2013-2018 թվականներին հակակարկտային կայանների կողմից ներգործության ենթարկված կարկտավտանգ պրոցեսները եւ եկել հետեւյալ եզրակացության. կայանների կողմից պաշտպանվող տարածքներում, ներգործությունից հետո երբեմն ոչ կարկտավտանգ ամպը զարգանալով դառնում է կարկտավտանգ, իսկ առանձին դեպքերում` հզոր կարկտային ամպ, ինչը նշանակում է, որ այդ կայանների կողմից ամպի վրա ներգործության ազդեցությունը զրոյական է` նույնիսկ վտանգավոր:

Ուսումնասիրությունն իրականացվել է ըստ ռադիոլոկացիոն կայանի եւ արբանյակային լուսանկարների փաստացի տվյալների:

«Մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանում տարիներ շարունակ գազագեներատորային կայանների կողմից կարկտաբեր ամպերի վրա կիրառվող ներգործության արդյունավետությունը խիստ ցածր է, իսկ առանձին դեպքերում` զրոյական»,- ասում է Սուրենյանը եւ բերում կոնկրետ փաստեր:

Այսպես, 2013թ մայիսի 12-ին Արմավիրի մարզի գրեթե բոլոր գյուղերում դիտվել է ուժեղ կարկտահարություն, կարկտահատիկի տրամագիծը տատանվել է 1-2 սմ սահմաններում, պրոցեսը տեւել է 20-30 րոպե: Մայիսի 12-ին ժամը 13։00 դրությամբ, ըստ արբանյակային լուսանկարից ստացված տվյալների, Արմավիրի մարզի սահմանամերձ հատվածում նկատվում է հզոր կարկտավտանգ ամպերի զարգացում:

Նկ.1 Կարկտավտանգ ամպերի զարգացումը արբանյակային լուսանկարի վրա ժամը 13։00 (կարկտաբեր ամպը օղակի մեջ վերցված դեղին մակերեսն է)

Ժամը 15:45 դրությամբ, ըստ արբանյակային լուսանկարի, կարկտաբեր ամպը ոչ միայն չի թուլանում ներգործվող տարածքում, այլ հզորանում է` տարածվելով Արմավիրի մարզից դեպի Արագածոտն, Գեղարքունիք եւ Տավուշ։

Նկ.2 Կարկտավտանգ ամպերի զարգացումը արբանյակային լուսանկարի վրա ժամը 15։45: Կարկտաբեր ամպը օղակի մեջ վերցված դեղին մակերեսն է:

Արդյունքում, հանրապետության մի շարք մարզերում արձանագրվում է ուժեղ կարկտահարություն, որից ամենաշատը տուժում է Արմավիրի մարզը: Ընդ որում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, գյուղացիները լսել են հակակարկտային կայանների կրակոցները, սակայն դրանց արդյունավետությունը առանձնապես բարձր չի եղել եւ վնասները մեծ չափերի են հասել: Բերքաշատ համայնքի ղեկավար Հարություն Չվչյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է. «Կարկուտը 100 տոկոս ամեն ինչ տարել է: Ոչինչ չի մնացել: Ժողովուրդը պետք է նորից ամեն ինչ ցանի»:

2014 թվականի մայիսի 26-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, որը պաշտպանվում է հակակարկտային կայանների կողմից, 2 անգամ դիտվել է ուժեղ կարկտահարություն: Այդ օրը ժամը 15։16-ի սահմաններում Արտենիի տարածքում նկատվել է ամպրոպային ամպամածության զարգացում, որից, ըստ ռադիոլոկացիոն կայանի տվյալների, այդ պահին տեղացել է թույլ անձրեւ:

Նկ․ 3 Օղակի մեջ վերցված կարմիր մակերեսը։

15։45-ի դրությամբ, հենց Արտենու տարածքում, այդ ամպը կտրուկ զարգանում է՝ դառնալով կարկտաբեր։ Կարկտի գոտին ցայտուն երեւում է ռադիոլոկացիոն կայանից ստացված նկարի վրա։ Այսինքն, պաշտպանվող տարածքում կարկտաբեր ամպի թուլացման փոխարեն նկատվում է այդ ամպի կտրուկ զարգացում, որից տեղում է կարկուտ։

Նկ․ 4, Օղակի մեջ վերցված մուգ կարմիր մակերեսը։

Արտենու գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքերն են. հակակարկտային կայաններից երկու ժամ կրակել են, բայց ապարդյուն: Բերքի մեծ մասը վնասվել է՝ մոտ 500 հա պտղատու ծառեր, խաղողի, ծիրանի, խնձորի այգիներ, հացահատիկի եւ առվույտի ցանքատարածքներ:

2015թ. մայիսի 15-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերում ժամը 16։00-17։00 ընկած ժամանակահատվածում տեղացել է կարկուտ։ Ինչպես երեւում է արբանյակային լուսանկարում, ժամը 15։00-ի դրությամբ Արմավիրի մարզում նկատվում է ամպրոպային ամպամածության զարգացում (նկ. 5ա՝ օղակի մեջ վերցված սպիտակ մակերեսը), իսկ ժամը 16։00 դրությամբ նրա մակերեսը կրկնակի մեծանում է (նկ. 5բ, օղակի մեջ վերցված սպիտակ մակերեսը)։

Այսինքն, կրկին Արմավիրի մարզի սահմանի ողջ երկայնքով, որտեղ տեղադրված են հակակարկտային կայաններ, կարկտաբեր ամպը ոչ միայն չի թուլանում, այլ կրկնակի մեծացնում է իր մակերեսը: Արդյունքում, մայիսի 15-ին տեղացած կարկուտի հետեւանքով Արմավիրի մարզի՝ Արգինա, Քարակերտ, Շենիկ, Արտամետ, Բաղրամյան, Կողբավան, Հուշակերտ, Արագածոտնի մարզի՝ Արագածավան եւ Արտենի, Վայոց ձորի մարզի՝ Ռինդ, Աղավնաձոր եւ Չիվա, Արարատի մարզի՝ Կանաչուտ եւ Այգեստան համայնքներում տուժել են շուրջ 1454 հեկտար տարածքներ, այդ թվում` շուրջ 1059 հեկտար պտղատու այգիներ եւ 395 հեկտար խաղողի այգիներ:

2016 թվականի մայիսի 18-ի երեկոյան Արմավիրի մարզի մի շարք գյուղերում, որոնք համարվում են պաշտպանվող տարածքներ, տեղացել է ուժեղ կարկուտ, ընդ որում կարկտահարությունը կրկնվել է մի քանի անգամ։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիրի մարզի սահմանային գոտում նկատվում է ամպրոպային ամպ, որից, ըստ ռադիոլոկացիոն կայանի տվյալների, տեղում է անձրեւ, կարկտի որեւէ կուտակում ամպում չի նկատվում (նկ. 6, օղակի մեջ վերցված բաց կարմիր մակերեսը)։

Արդեն ժամը 19։58-ի դրությամբ, այդ ամպը, հենց հակակարկտային կայանների գլխավերեւում կտրուկ զարգանում է` դառնալով հզոր կարկտային ամպ (նկ. 7 , օղակի մեջ վերցված մուգ կարմիր եւ դեղին մակերեսը)։

Արդյունքում, երեկոյան Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ գյուղերում ուժգին կարկուտ է տեղում, ինչի պատճառով գյուղացիների մշակաբույսերը, պտղատու ծառերը գրեթե ամբողջությամբ վնասվում են։ Գագիկ Սուրենյանի ուսումնասիրության մեջ նշված են մեկ տասնյակից ավելի նմանատիպ օրինակներ։

«Կատարվածն ուշագրավ է այն իմաստով, որ դեռ տարիներ շարունակ պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում ողջ Արարատյան դաշտը հակակարկտային կայաններով ապահովելու համար, որպեսզի մարդիկ նման դեպքերից պաշտպանված լինեն, փաստորեն՝ իզուր։

Այս պրոցեսները հատկանշական են այն առումով, որ կարկտաբեր ամպերը ոչ թե ներթափանցել են Թուրքիայի տարածքից, այլ գերհզոր կարկտային ամպեր են դարձել հենց հակակարկտային կայանների կողմից պաշտպանվող տարածքներում: Տարբեր պաշտոնյաներ, ուժեղ կարկտահարություններից հայտնել են, հակակարկտային կայաններն աշխատել են, բայց արդյունավետությունը զրո տոկոս է եղել»,- ասում է Գագիկ Սուրենյանը:

Գիտնականը նաեւ նկատել է, որ ներգործության են ենթարկվում բոլոր ամպրոպային ամպերը, որոնցից կարող է տեղալ միայն անձրեւ, իսկ կարկտի ձեւավորումը նման ամպերում գիտականորեն անհնար է։ Սա, ըստ Սուրենյանի, հակակարկտային ցանցը սպասարկող պաշտոնյաների կողմից արվում է մեկ բանի համար՝ մարդկանց ներշնչել, թե իբր որոշ դեպքերում կարողանում են կանխել կարկտահարությունը։

Իսկ առանձին դեպքերում պաշտպանվող տարածքներում կարկտավտանգ ամպի թուլացումը, ըստ աշխարհագրական գիտությունների թեկնածուի, ոչ թե կայանների ազդեցությամբ է պայմանավորված, այլ ուղղակի ամպի ինքնաբեռնաթափմամբ:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ հանրապետության որոշ շրջաններ չեն պաշտպանվում գազագեներատորային կայանքների կողմից, բայց տարիներ շարունակ այստեղ կարկտահարության դեպքեր չեն արձանագրում։ Խոսքը, օրինակ, Կապանի, Մեղրու, Իջեւանի, Վարդենիսի մասին է։

Սուրենյանն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Գիտնականն առաջարկում է հակակարտային պայքարի նպատակով պետական եւ համայնքային բյուջեներից ծախսվող հսկայածավալ գումարներն ուղղել հակակարկտային ցանցերի ձեռքբերմանը, որոնց կիրառումը ամբողջ աշխարհում ճանաչվել է կարկտից գյուղատնտեսությունը պաշտպանող միակ հուսալի միջոցը:

Ֆիզիկոսները հաստատում են
Գագիկ Սուրենյանի զեկույցից հետո, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն առաջարկել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանի ղեկավարությանը՝ կազմել ՀԱՊՀ մասնագետներից կազմված հանձնաժողով եւ գիտականորեն ուսումնասիրել գազագեներատորային կայանների արդյունավետությունը:

Հանձնաժողովի նախնական եզրակացությունը նույնպես հուսադրող չէ՝ այս կայանների օգտակար գործողության գործակիցը մոտ է զրոյի: Հանձնաժողովի նախագահ, ՀԱՊՀ ֆիզիկայի ամբիոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ չորս ֆիզիկոսներ մի քանի շաբաթ աշխատել են ուսումնասիրության վրա, պրոցեսը վերլուծել տարբեր բանաձեւերով, գազադինամիկայի եւ այլ հավասարումներով:

«Գազագեներատորային կայանների հարվածային ալիքներով կարկտաբեր ամպը չեզոքացնելը նույնն է, թե հակատանկային ականի պայթյունով կանխես կարկուտը»,-ասում է Խաչատրյանը:

«Գազագեներատորային կայանները կատարում են ուղղորդված պայթյուն, միջինը՝ 40-50 գրամ գազ: Պայթյունը ուղղորդվում է մարմնային անկյան միջոցով, կոնի բացվածքով: Եթե 10 կգ-ոց հակատանկային ականը պայթեցնես, եւ նույն չափի մարմնային էներգիան ուղղորդես երկինք, ինչպե՞ս կազդի կարկտաբեր ամպի վրա: Պատասխան. ոչ մի ազդեցություն չի ունենա: Սա նոնսենս է: Եթե հակակարկտային ականով կարողանում են կարկուտ չեզոքացնել, ուրեմն գազագեներատորային կայաններով էլ կարող են»,- ասում է Աշոտ Խաչատրյանը: Գազագեներատորային կայանների ալիքը հասնում է մինչեւ 1-1,5 կիլոմետրի, այնինչ հակակարտային ամպերը ձեւավորվում են անհամեմատ ավելի մեծ բարձրության վրա: Գազագեներատորային կայանների ձայնային ալիքները որքան բարձրանում են` պայմանավորված ծանրության ուժով, նույնքան փոքրանում է դրանց ուժը:

Ավելին, ըստ Խաչատրյանի, հարվածային ալիքները կարող են նաեւ ուժեղացնել կարկտաբեր ամպերը, հատկապես եթե օդում խոնավությունը բարձր է:

Նրա խոսքով՝ դժվար չէ օդապարիկ կամ դռոն ուղարկել երկինք` դրանց տեղադրելով քամու արագությունը չափող սարք, պարզելու համար, թե որպեսզի կայանների ներգործության արդյունքում ինչ էներգիա է գործում:

«Սա շատ պարզ միջոց է: Եվ արտադրողները պետք է հենց փորձով ստուգեն կայանների արդյունավետությունը»,- ասում է Աշոտ Խաչատրյանը:

«Հայ աշխարհագետ գիտակրթական կենտրոն» ՀԿ հիմնադիր-նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանն ասում է, որ Հայաստանում տարիներ շարունակ զբաղվել են բլեֆով` զրոյական ազդեցություն ունեցող հակակարտային համակարգը ներկայացնելով որպես փրկության միջոց:

«Որպեսզի ջրային գոլորշիները վերածվեն կարկուտի հատիկների, պետք է լինեն գոնե 1-10 կիլոմետրի վրա: Իսկ Հայաստանի խոնավության պայմաններում, կարկտաբեր ամպերի բարձրությունը հասնում է մինչեւ 15-18 կիլոմետր բարձրության: Այս գազագեներատորային կայաններով ներքեւից խփում են, ոչ թե պատճառ են դառնում այդ պրոցեսի չեզոքացման, այլ հակառակը, սառցե բյուրեղիկների ավելի օպտիմալ դառնալուն եւ առաջանալուն:

Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում, էն պրոցեսները, որ տեղի են ունենում էնպիսի չորային երկրում, ինչպիսին Հայաստանն է, աստիճանավար բերում են կատաստրոֆիկ հետեւանքների: Բնակլիմայական աղետներ, հրդեհներ, երաշտ, Արարատյան դաշտի ցրտահարություններ, կարկուտ, որ ահռելի վնասներ է հասցրել մեր գյուղացիական տնտեսություններին… Մեր երկիրը դարձել է ռիսկային գոտի: Մենք վաղուց ենք ահազանգել, որ այս կայանները մեզ կարկուտից չեն փրկելու: Նախկին նախարարները, կառավարությունները չընդունեցին ահազանգը: Բոլորը համարեցին, որ էս բոլոր սպառնալիքները գիտականորեն այնքան էլ հիմնավորված չեն»,- ասում է Խոյեցյանը:

Հ․Գ․ Այն, որ գործող հակակարտային համակարգի արդյունավետությունը, մեղմ ասած, այն չէ, տարբեր հայտարարություններով նշել են նաեւ ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյաները։ Հիմա էլ մեծ մասշտաբի լոբբինգ է իրականացվում Ռուսաստանից բերված հակակարտային հրթիռային համակարգի վերաբերյալ, որի առաջին օրինակը Հայաստանում խափանումներով է աշխատում։ Դրա մեկ համակարգի արժեքը ավելի քան 70 միլիոն դրամ արժե։ Սակայն մի քանի օր առաջ Արմավիրի մարզում տեղի ունեցած ուժեղ կարկտահարությունը ցույց տվեց, որ հրթիռային համակարգի արդյունավետությունը նույնպես կասկածելի է։ Համայնքները, որոնք հունիսի 20-ին կարկտահարվեցին, որքան էլ զարմանալի է, գտնվում են ԱԻՆ-ի ներմուծած հրթիռային համակարգի գոտում։ Կառավարությունում մտադիր են եւս հրթիռային եւս 70 համակարգ գնել Ռուսաստանից։

Be the first to comment on "Հակակարկտային կայանների ՕԳԳ-ն զրոյական է. գիտնականներ"

Leave a comment

Your email address will not be published.


*