Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Վաղը՝ հուլիսի 11-ին, Բրյուսելում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս հանդիպման մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության թվիթերյան միկրոբլոգից: Հանդիպման մասին հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ ասելով, որ նախարարներ Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը կհանդիպեն Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Բանակցություններ՝ հեղափոխությունից առաջ և հետո

Այլ մանրամասներ արտգործնախարարների հանդիպման մասին չեն հաղորդվում: Հայտնի միայն այն, որ սա Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումն է Մամեդյարովի հետ արտգործնախարար նշանակվելուց հետո: Սա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից և Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» և նոր կառավարության ձևավորումից հետո:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին բանակցությունները տեղի էին ունեցել հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում: Այդ հանդիպման ընթացքում կողմերին հաջողվել էր համաձայնության հասնել արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության նվազեցմանն ու միջադեպերի կանխարգելմանը ուղղված քայլերից մեկի իրականացման՝ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ: Այլ խոսքերով՝ սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը, որը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների առանցքային կետերից մեկն էր: Սակայն հետագա ամիսները ցույց տվեցին, որ այս պայմանավորվածության կատարման ուղղությամբ գործնական քայլեր չեն իրականացվել: Եվ այս փաստը Երևանում փետրվարի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձանագրեց Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Է. Նալբանդյանը՝ ասելով, որ ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի՝ Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել Կրակովում ձեռքբերված համաձայնության վերաբերյալ:

Ի՞նչ է ասում Փաշինյանը

Փոխարենը ադրբեջանական կողմը ակտիվ էր բանակցությունների վերսկսման մասին հայտարարություններում: Մարտի սկզբին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե կողմերը որոշել են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ավելի եռանդուն կերպով շարունակել քննարկումները, և «երբ երկու պետություններում նոր կառավարություններ ձևավորվեն, մենք ինտենսիվ կերպով կշարունակենք բանակցությունները»: Սակայն խնդիրն այն է, որ ապրիլից հետո Հայաստանում շրջադարձային իրադարձություններ են եղել, կտրուկ կերպով փոխվել է իրավիճակը: Իշխանության են եկել մարդիկ, որոնք բոլորովին այլ կերպ են նայում հայ-ադրբեջանական բանակցություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Իհարկե, խոսքն առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է, որը դեռ մինչև վարչապետ ընտրվելը Ազգային ժողովում հայտարարեց՝ մի իրավիճակում երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, փոխզիջման մասին խոսելը մի փոքր տարօրինակ է: Թավշյա հեղափոխության առաջնորդն ընդգծեց, որ բանակցությունները ձևական բնույթ են կրում այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը, ի դեմս Իլհամ Ալիևի, որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը և նույնիսկ խոսում է Հայաստանի մայրաքաղաքը գրավելու իր մտադրության մասին, և սա պետք է հասկանանք մենք բոլորս: Ավելին, վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Փաշինյանը հանդես եկավ նորամուծությամբ՝ Ստեփանակերտում հայտարարելով, որ ինքը՝ որպես երկրի ղեկավար, կարող է բանակցել միայն Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի պաշտոնական Ստեփանակերտը, այսինքն՝ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ՝ ինչպես 1990-ականներին էր:

Բանակցությո՞ւն, թե՞ ծանոթություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, նախորդ շաբաթ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, հայտարարեց, որ այս հարցի շուրջ Հայաստանից բանակցողը վարչապետն է, իսկ բանակցային քաղաքականություն ձևավորողը՝ վարչապետն ու արտգործնախարարը: Այնուամենայնիվ, այս իրավիճակում այնքան էլ պարզ չէ, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու պաշտոնական Երևանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, և որքանո՞վ Փաշինյանի տեսակետները կարտացոլվեն արտգործնախարար Մնացականյանի մոտեցումներում և գործողություններում: Թեև եթե Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառման սպառնալիքից և չի ուզում մտնել կառուցողական դաշտ, կարելի է հարցն այլ կերպ դնել՝ ի՞նչ է ընդհանրապես Զոհրաբ Մնացականյանը խոսելու Մամեդյարովի հետ: Այս հանդիպման նպատակը երկու նախարարների ծանոթությո՞ւնն է: Նրանք խոսելու են հայ-ադրբեջանական սահմանին, արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասի՞ն, թե՞ նաև քննարկելու են երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը կազմակերպելու հարցը:

Կառուցողական Հայաստանը և ոչ-կառուցողական Ադրբեջանը

Մեզ հետ զրույցում խոսելով այս հարցերի շուրջ՝ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը հիշատակեց Զոհրաբ Մնացականյանի վերջին՝ բավական կառուցողական հայտարարությունն այն մասին, որ պետք չէ շեղվել բանակցային գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի տրամաբանությունից:

Նույնը չի կարելի Ադրբեջանի մասին, որի գործելաոճից արդեն պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ոչ կառուցողական քաղաքականությունը: Հովհաննես Իգիթյանը մատնանշեց այն փաստը, որ ադրբեջանական կողմը հայտարարում է հակամարտության վերջնական կարգավորման տարրերի մասին բանակցություններից առաջ: Խոսքը Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարության մասին է, թե «հայկական կողմը պետք է իր զորքերը հանի գրավյալ տարածքներից»: Փորձագետը շեշտեց, որ տարածքային խնդիրը հիմնախնդրի կարգավորման տարրերից մեկն է, բայց այն չի կարող դիտարկվել առանձին, այլ պիտի կյանքի կոչվի ընդհանուր փաթեթի մեջ՝ այլ տարրերի հետ միասին:

«Դա կլինի միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավարարված կլինի իրեն տրամադրված կարգավիճակով, և կողմերը կորոշեն այլ դետալներ»,- շեշտեց Իգիթյանը:

Մնացականյանի ուղղությունը

Ադրբեջանը, կարծես, մոռացել է, որ այսօր ոչ թե ինչ-որ մի բանակցային փաթեթ է քննարկվում, այլ այն պայմանները, որոնք պետք է ստեղծվեն՝ Ադրբեջանի կողմից 2016 թ. սանձազերծված ապրիլյան պատերազմից հետո առաջացած լարվածությունը չեզոքացնելու համար: Խոսքը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է: Հաշվի առնելով այս ամենը՝ Իգիթյանը կարծում է, որ Հայաստանի արտգործնախարարը հենց այս ուղղությամբ պետք է փորձի տանել բանակցությունները:

Մեր զրուցակցի կարծիքով՝ նորանշանակ արտգործնախարարն, իհարկե, իրականացնելու է քաղաքական այն կուրսը, որը հայտարարել է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը դեռ մինչև ընտրվելը հայտարարել էր, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և ագրեսիվ վարքագծի պայմաններում բանակցությունները ձևական բնույթ են կրում:

Էժանագին դեմագոգիա

Ադրբեջանական կողմի վարքագծի մասին․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ինքն է օգնել «Սերժ Սարգսյանի տապալմանը»: Բաքվի բռնապետն ասել է, թե նախկինում Հայաստանում իշխել է «կրիմինալ ռեժիմ», «խունտա», և ինքը հույս ունի, որ «Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի նախկին կրիմինալ կառավարության սխալները և կառուցողական դիրք կգրավի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և խնդիրը կլուծվի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»:

Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Ալիևի հայտարարությունը նման է էժանագին դեմագոգիայի, որովհետև ըստ Ալիևի՝ եթե Հայաստանի նոր իշխանությունները որդեգրեն նախկին իշխանությունների դիրքորոշումը, ապա դա կլինի ոչ-կառուցողական մոտեցում: «Սա, իհարկե, դեմագոգիա է: Հայաստանի իշխանության փոփոխությունը և դեմոկրատական կառավարության ձևավորումը չի նշանակում, որ Հայաստանը փոխել է իր վերաբերմունքը կամ դիրքորոշումը»:

Պետք է ավելի ուշադիր լսել ԼՂՀ-ի տեսակետները

Ավելին, հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այս հարցն էլ պետք է ինչ-որ կերպ բարձրացնի՝ անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանը ինչպես դա կմեկնաբանի:

«Առավել ևս, պետք է հաշվի առնել Վիեննայի պայմանավորվածությունները, որտեղ նշված էր թե՛ մոնիթորինգի հնարավորությունների ավելացման, թե՛ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, թե՛ ԵԱՀԿ-ի հանձնակատարի գրասենյակի հնարավորություններն ընդլայնելու մասին: Այս ամենն իրականացնելու համար մեծ դերակատարություն ունի հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հայաստանը չի կարող այստեղից ամբողջությամբ տիրապետել այն սահմանային լարված իրավիճակին, որն առկա է արցախա-ադրբեջանական շփման գծում: ԼՂՀ-ի դիրքորոշումը շատ կարևոր է, և այս իրավիճակում առավել ևս Մինսկի խումբը պետք է ավելի ուշադրություն դարձնի պաշտոնական Ստեփանակերտի կարծիքներին, ընդ որում կարելի է ասել, որ արդեն իսկ Մինսկի խումբը ուղղակիորեն առնչվում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ քաղաքականություն պիտի իրականացնեն Հայաստանի նոր իշխանությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում՝ Հ. Իգիթյանը նշեց, որ մենք միշտ պետք է հիշենք, թե ինչի համար է ընդհանրապես ստեղծվել Մինսկի խումբը:

Ինչպե՞ս ապահովել ԼՂՀ անվտանգությունը

«Մինսկի խմբի հիմնական նպատակը ստեղծվելու պահից եղել է հաստատել խաղաղություն և Լեռնային Ղարաբաղի համար փնտրել և գտնել այնպիսի կարգավիճակ, որը կապահովի երկարատև անվտանգություն: Հիմա թե՛ ԼՂՀ-ն, թե՛ Հայաստանը կարծում են, որ անվտանգության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտ լինելն է: Այս 25-30 տարիների ընթացքում չի առաջարկվել որևէ այլ շոշափելի առաջարկ, որով կամրապնդվի Լեռնային Ղարաբաղի բնակչության երկարատև անվտանգությունը»: Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանն իրականում Ղարաբաղի հայաթափումից բացի՝ խնդրի այլ լուծում չի տեսնում, և դա են վկայում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, շարունակական սպառազինումը և պարբերաբար անցկացվող զորավարժությունները: Հետևաբար այս իրավիճակում փոխզիջման մասին խոսելն անիմաստ է:

«Պարզ չէ, թե ինչը ինչի հետ պետք է զիջվի կամ փոխարինվի»,- ասում է Հովհաննես Իգիթյանը: Ուրեմն պիտի եզրակացնենք, որ կողմերն այսուհետ ավելի՞ կկոշտացնեն իրենց դիրքորոշումը:

Պատասխանելով հարցին՝ մեր զրուցակիցը նշեց. «Ես չէի ասի, որ հայկական կողմերի դիրքորոշումներն ավելի են կոշտացել: Եթե համեմատենք, թե ինչպես են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը տեսնում խնդրի լուծումը 25 տարի առաջ և այսօր, կտեսնենք, որ շատ փոփոխություններ չեն եղել: Իսկ Ադրբեջանի դիրքորոշումը բավականին փոխվեց, որովհետև եթե 1994 թ. զինադադարի համաձայնագիրը, այնտեղ նշված էր, որ պետք է գտնվի հիմնախնդրի լուծման փոխզիջումային տարբերակ: Իսկ այսօր Ադրբեջանը խոսում է միայն ու միայն կտրուկ հայտարարություններով, ընդհուպ մինչև Երևան հասնելը: Այս իրավիճակում պարզ երևում է, որ Ադրբեջանը բավականին դեստրուկտիվ է»:

Be the first to comment on "Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*