Հիմարությո՞ւն, թե՞ հրաշք. Ով է կանգնած Խորվաթիայի ֆանտաստիկ հաջողության հետևում

Հիմարությո՞ւն, թե՞ հրաշք. Ով է կանգնած Խորվաթիայի ֆանտաստիկ հաջողության հետևում
Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականը պատմական հաջողության հասավ: Մոտ 4 միլիոն բնակչություն ունեցող այս երկրի ազգային թիմը Ֆրանսիայի հետ կվիճարկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Խորվաթիայի հավաքականն Անգլիայի դեմ ցուցադրեց դիտարժան և գրավիչ ֆուտբոլ: Խմբային փուլում խորվաթները երեք անընդմեջ հաղթանակ տարան՝ արժանանալով միլիոնավոր ֆուտբոլասերների համակրանքին: Հայտնվելով փլեյ-օֆում՝ Խորվաթիան 3 անընդմեջ կամային հաղթանակ տարավ՝ պայքարից դուրս թողնելով Դանիային, Ռուսաստանին և Անգլիային:

Նշենք, որ խորվաթները մեծ դժվարությամբ հայտնվեցին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Ընտրական փուլում այս հավաքականը ենթախմբում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ առաջին տեղը զիջելով Իսլանդիային: Ընտրական փուլի 8-րդ և նախավերջին՝ 9-րդ տուրում Խորվաթիան 1:0 հաշվով զիջել էր Թուրքիային և սեփական հարկի տակ 1:1 խաղացել Ֆինլանդիայի հետ: Վերջին տուրից առաջ Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ էր արել ազգային թիմի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչին: Վերջին տուրի Ուկրաինայի հետ Կիևում կայանալիք վճռորոշ հանդիպումից առաջ Խորվաթիայի ֆուտբոլային ֆեդերացիան ազգային թիմը վստահել էր բավական համեստ մարզչական կենսագրություն ունեցող Զլատկո Դալիչին: Վերջինս մարզչական կարիերայի 12 տարիների ընթացքում հասցրել էր աշխատել 9 ակումբներում: Դալիչը գլխավորել էր բալկանյան երկրների 4 ոչ այնքան հայտնի թիմեր, որից հետո մեկնել էր ԱՄԷ և աշխատել այս երկրիների ակումբներում:

Խորվաթական մամուլը Դալիչի նշանակումը որակել էր հիմարություն: Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ հիմարության և հրաշքի սահմանագիծը բավական բարակ էր: Բալկանյան հավաքականը Կիևում հաղթեց 2:0 հաշվով՝ ենթախմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Անցումային փուլում էլ խորվաթները պայքարից դուրս թողեցին Հունաստանին:

Նշենք, որ ընտրական փուլում Չաչիչի գլխավորությամբ Խորվաթիան բավական թույլ ֆուտբոլ էր ցուցադրում, և քչերն էին հավատում, որ այս հավաքականը ի զորու է բարձր արդյունքներ գրանցել: Խորվաթիայի հավաքականը նույնիսկ «հաջողացրել» էր ընկերական խաղում 3:0 հաշվով զիջել Էստոնիայի թույլ հավաքականին: Նույնիսկ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելուց հետո խորվաթական մամուլը թերահավատորեն էր վերաբերվում ազգային թիմին:

Ռուսաստանում բոլորը տեսան բոլորովին նոր Խորվաթիա: Նիգերիայի հետ մեկնարկային խաղում Խորվաթիան ներկայացավ որպես ձևավորված և հստակ ձեռագիր ունեցող կոլեկտիվ: Դալիչին հաջողվել էր կարճ ժամանակահատվածում ստեղծել խաղային մեխանիզմ, որը կարևորագույն մրցաշարում գրեթե անթերի է գործում: Խորվաթիայի հավաքականի առանցքում Մորդիչն ու Մանջուկիչն են, որոնք իրենց ետևից են տանում մյուս ֆուտբոլիստներին:

Գլխավոր մարզչի վարպետությունն այն է, որ խաղացողները լինեն այն դիրքերում, որտեղ կգործեն առավել արդյունավետ: Ազգային հավաքականում նման արդյունքի հասնելը բավական բարդ խնդիր է: Եթե ակումբում մարզիչն ամիսների ընթացքում է դիրքավորում խաղացողներին, ապա հավաքականներում խնդիր լուծելու համար կա ընդամենը մի քանի օր: Դալիչը երբևէ չէր աշխատել հավաքականներում, և նրա կատարած աշխատանքը կարելի է համարել ֆանտաստիկ: Անկախ եզրափակիչ խաղի արդյունքից՝ Դալիչը արժանի է ճանաչվելու աշխարհի առաջնության լավագույն մարզիչ, իսկ Մոդրիչը՝ լավագույն ֆուտբոլիստ:

Ոմանք հիշատակում են այն, որ Խորվաթիան երկու անգամ հաջողության է հասել հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ, և որ, այսպես կոչված, «պենալները» վիճակախաղ են: Ժխտելով ֆուտբոլում բախտի գործոնը՝ կարող ենք ասել, որ խորվաթները 3 անգամ հաջողության են հասել լինելով հետապնդողի դերում: Սա խոսում է բացառիկ կամքի ու մարտական ոգու մասին: Հինգ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 240 րոպե խաղադաշտում անցկացնելուց հետո բալկանյան հավաքականը լրացուցիչ ժամանակում ուղղակի ստիպեց հանձնվել Անգլիային: Մի հավաքականի, որի կորիզը կազմում են երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք պետք է պայքարեին մինչև վերջ: Խորվաթիայի հավաքականում շատ են ֆուտբոլիստները, որոնց համար սա վերջին աշխարհի առաջնությունն է: Մոդրիչն ու Մանջուկիչը 32 տարեկան են: Կարծում ենք՝ Անգլիայի հավաքականի շատ երիտասարդներ կերազեին ունենալ նշված ֆուտբոլիստների չափ տոկունություն՝ աշխարհի առաջնության փլեյ-օֆում երեք անգամ անընդմեջ 120 րոպե պայքարելու:

Ու չնայած երեկվա խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Իրվան Պերիչշիչը, այնուամենայնիվ դիմակայության հերոսը Մարիո Մանջուկիչն է: Ծնկին ուժեղ հարված ստանալուց ընդամենը րոպեներ անց այս ֆուտբոլիստը իր հավաքականին դուրս բերեց աշխարհի առաջնության եզրափակիչ:

Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Be the first to comment on "Հիմարությո՞ւն, թե՞ հրաշք. Ով է կանգնած Խորվաթիայի ֆանտաստիկ հաջողության հետևում"

Leave a comment

Your email address will not be published.


*