Պայքար դարի հիվանդության դեմ. քաղցկեղի հիմնախնդիրներն աշխարհում եւ Հայաստանում

Պայքար դարի հիվանդության դեմ. քաղցկեղի հիմնախնդիրներն աշխարհում եւ Հայաստանում
Քաղցկեղը չարորակ հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է: Այն էպիթելային հյուսվածքից զարգացող ուռուցք է, որն առաջանում է, երբ ախտահարված բջիջն ոչ նորմալ ձեւով է բաժանվում` աստիճանաբար նպաստելով նախաքաղցկեղային վիճակի զարգացմանը` հետագայում դառնալով ուռուցք:

Ըստ հիվանդություների միջազգային դասակարգչի գոյություն ունեն քաղցկեղի 100-ից ավելի տեսակներ: Համաձայն ապացուցողական բժշկության տվյալների, քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնների վնասակար ազդեցությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն 2012 թ. գրանցվել է քաղցկեղի 14 միլիոն նոր դեպք եւ 8.2 միլիոն մահվան դեպք:

ԱՀԿ-ի փորձագետների կանխատեսմամբ համապատասխան կանխարգելման միջոցառումների բացակայության դեպքում առաջիկա 20 տարում հիվանդության նոր դեպքերի թիվը կաճի շուրջ 70%-ով` կազմելով 22 միլիոն դեպք:

Քաղցկեղից մահվան դեպքերի մոտ 40%-ը պայմանավորված են ռիսկի հիմնական գործոններով` ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, ավելցուկային քաշ, ֆիզիկական թերակտիվություն, անառողջ սննդակարգ, մասնավորապես, մրգերի եւ բանջարեղենի անբավարար օգտագործում:

Հարկ է նշել, որ տղամարդկանց մոտ ավելի հաճախ ախտորոշվում է թոքերի, շագանակագեղձի, ստամոքսի եւ լյարդի քաղցկեղ, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ուղիղ աղու, թոքերի եւ ստամոքսի քաղցկեղ:

Քաղցկեղի նոր դեպքերի հիվանդացության ավելի քան 60%-ը գրանցվում են ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում` Աֆրիկայում, Ասիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, ինչպես նաեւ այս երկրներում զգալիորեն մեծ են լյարդի (HBV/HCV) եւ արգանդի պարանոցի (HPV) քաղցկեղ առաջացնող վարակները, որոնք կազմում են քաղցկեղից մահվան դեպքերի 20%-ը:

Այսպիսով, համաշխարհային տվյալների համաձայն, քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններն են.

ծխախոտի օգտագործումը, որը կազմում է քաղցկեղից մահվան ընդհանուր դեպքերի 20%-ը եւ թոքի քաղցկեղից մահվան դեպքերի շուրջ 70%-ը:
ավելցուկային քաշը, որը կազմում է կրծքագեղձի եւ հաստ աղու քաղցկեղից մահվան դեպքերի 21%-ը:
անառողջ սննդակարգը,
ֆիզիկական թերակտիվությունը,
ալկոհոլի չարաշահումը,
հեպատիտ B-ի (HBV), С-ի (HCV) վիրուսները, մարդու պապիլոմայի վիրուսի որոշ տեսակները,
իոնացնող եւ ոչ իոնացնող ճառագայթումը,
քաղաքներում օդի աղտոտվածությունը եւ այլն:
Ինչպես Հայաստանի առողջապահության նախարարությունն է հայտնում, Հայաստանում չափահաս բնակչության շրջանում քաղցկեղից մահացությունը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, որը պայմանավորված է այդ հիվանդություններից մահացության եւ հիվանդացության ցուցանիշների կայուն եւ ամենամյա աճով: 1990 թվականի համեմատ 2013 թվականին քաղցկեղներից մահացության եւ հիվանդացության ցուցանիշն աճել է մոտ երկու անգամ:

Հայաստանում գրանցված դեպքերը փաստում են, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, կոկորդի, շագանակագեղձի, ստամոքսի եւ հաստ աղու քաղցկեղները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի եւ պարանոցի, հաստ աղու նորագոյացությունները: 2001-2013 թվականների ընթացքում տղամարդկանց մահացության կառուցվածքում շնչափողի, բրոնխների եւ թոքերի չարորակ նորագոյացություններից մահացությունն աճել է 1.4 անգամ: Շնչափողի, բրոնխների եւ թոքի քաղցկեղներից հիվանդացությունը 4-5 անգամ բարձր է տղամարդկանց մոտ, ինչը պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածության բարձր ցուցանիշով` 56%:

Կանանց շրջանում կրծքագեղձի, արգանդի մարմնի եւ պարանոցի քաղցկեղների դեպքերն աճել են 1.7 եւ 1.4 անգամ: Ինչ վերաբերվում է այդ հիվանդությունների հայտնաբերմանն, ապա 2013թ. բոլոր տեսակի չարորակ քաղցկեղների վաղ հայտնաբերման ցուցանիշը (I եւ II փուլ) կազմել է 43%, իսկ բարձիթողության (III եւ IV փուլ) դեպքերը՝ 57%: Համաձայն 2013 թվականի տվյալների, չարորակ նորագոյացությունների ախտորոշումից հետո ապրելիության ցուցանիշի դիտարկումն ըստ քաղցկեղի տեսակների փաստել է, որ շնչափողի, բրոնխների եւ թոքի չարորակ նորագոյացությունների վաղ (I եւ II փուլեր) հայտնաբերման մակարդակը կազմել է 21%, կրծքագեղձի` 65%, արգանդի պարանոցի` 42%, արգանդի մարմնի` 63%:

Ապացուցված է, որ հիվանդների ավելի քան 70%-ի մոտ հիվանդության վաղ հայտնաբերումը (I փուլ) նպաստել է կյանքի տեւողության երկարացմանը հինգ եւ ավելի տարով:

Համաձայն ԱՀԳԳ զանգվածային հետազոտության տվյաների, Հայաստանում 30-ից 60 տարեկան կանանց շրջանում վերջին երեք տարիների ընթացքում մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց մասնաբաժինը կազմել է մոտ 15%, իսկ ՊԱՊ քսուկի հետազոտություն անցած կանանց մասնաբաժինը՝ մոտ 10%:

Արգանդի պարանոցի քաղցկեղից խուսափելու միակ եւ ապացուցված մեթոդն այն ժամանակին կանխելն է, այսինքն պարբերաբար անցնել ՊԱՊ քսուկի հետազոտություն, քանի որ բուժման արդյունավետության 50%-ը պայմանավորված է հիվանդության վաղ հայտնաբերմամբ:

2015թ. հունվարից մեկնարկել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկմանն ուղղված սքրինինգները: Սքրինինգային հետազոտությունները կիրականացվեն բնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, ինչպես նաեւ կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով:

Ծրագրի շրջանակում 30-ից 60 տարեկան բոլոր կանայք առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններում՝ տեղամասային պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում կարող են անցնել ՊԱՊ քսուկի անվճար հետազոտություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Be the first to comment on "Պայքար դարի հիվանդության դեմ. քաղցկեղի հիմնախնդիրներն աշխարհում եւ Հայաստանում"

Leave a comment

Your email address will not be published.


*