ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵՐԹԵՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎՈՒՄ- ԿԱՐԴՈՒՄ՝ ԹԵՐԹ ԿԱՐԴԱՑՈՂ-ՊԱՏՄՈՂՆԵՐ ԵՆ ՊԱՀՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵՐԹԵՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎՈՒՄ- ԿԱՐԴՈՒՄ՝ ԹԵՐԹ ԿԱՐԴԱՑՈՂ-ՊԱՏՄՈՂՆԵՐ ԵՆ ՊԱՀՈՒՄ
Մամուլի, ազատ խոսքի, հանրությանը իրազեկելու հարցերի հանդեպ նոր իշխանությունների վերաբերմունքը գնալով ուշագրավ դրսեւորումներ է ստանում։

Նախ, երիտասարդ իշխանավորները որոշեցին, որ անձամբ են իրականացնելու հանրային իրազեկումը եւ սկսած վարչապետից, վերջացրած վարչությունների պետերով ու նախարարներով, սկսեցին ֆեյսբուքում լայվեր մտնել, ստատուսներով հաղորդել ամենակարեւոր ինֆորմացիան՝ դրանով նախ անիմաստ դարձնելով գերատեսչություններում աշխատող մամուլի եւ հասարակայնության հետ կապերի հսկայական ծառայությունների աշխատանքը, ապա մամուլը մղելով հետին պլան։ Հասկանալի է սոցցանցերի դերակատարումը մեր կյանքում, բայց պետական պաշտոնյան չի կարող լրատվամիջոցների աշխատանքը ստվերել, լրագրողներին հարցազրույցներ չտալ եւ հանրային իրազեկման քաղաքակիրթ հարթակները՝ ԶԼՄ-ները չօգտագործել։

Ապա պարզվեց, որ երիտասարդ պաշտոնյաները դեռ չեն թոթափել ընդդիմադիրի իրենց արտոնյալ կեցվածքը եւ կարծում են, որ մարդիկ իրենց միայն պետք է գովերգեն ու փառաբանեն։ Եւ ըստ այդմ՝ սվիններով են ընդունում ցանկացած քննադատություն։ Հատկապես՝ սոցանցերում բանակներ պահող ջահելները։ Թերեւս դա է պատճառը, որ, ասենք, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի կամ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանի մասին գրված յուրաքանչյուր տող դառնում է ֆեյսբուքյան լայնածավալ արշավի պատճառ, ինչպես օրեր առաջ «Հրապարակի» դեմ արշավ էին սկսել՝ երբ լուսանկարել էինք Մկրտչյանին աշխատանքի ժամին սրճարանում եւ դառել ֆեյսբուքյան ֆլեշ-մոբի թիրախ։ Նոր կառավարության ֆեյսբուքյան ակտիվիստները դիմում էին ֆեյսբուքի ղեկավարությանն՝ առաջարկելով փակել «Հրապարակի» էջը։ Ի դեպ, այդ գրոհից մի քանի օր անց, այդ գրոհի ակտիվ մասնակիցներից մեկը դարձավ սփյուռքի փոխնախարար՝ հաստատելով մեր կարծիքը, որ ազատ խոսքի դեմ հարձակվողները երիտասարդ իշխանության եւ «Քաղպայմանագիր» կուսակցության ակտիվն է։

Իսկ այսօր մեզ մի նոր անակնկալ էր սպասվում․ մեզ հետ կապվեց թերթերի վաճառքով զբաղվող կազմակերպություններից մեկը եւ ասաց, որ կառավարությունը հրաժարվում է թերթերի բաժանորդագրություններից։ Ընդ որում՝ ոչ միայն «Հրապարակի« այլ գրեթե բոլոր թերթերի։ Երբ թերթերի իրացնողները

կապվել են այս խնդիրներով զբաղվող կառավարության ներկայացուցչի՝ այս պարագայում կառավարության գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանի հետ, վերջինս անչափ ուշագրավ պատասխան է տվել։ Ասել է՝ մենք թերթ բաժանորդագրվելու- ստանալու կարիք չունենք, մենք 150 հոգանոց մեծ ՊՈԱԿ ենք պահում, էդ 150 հոգին ինչով պետք է զբաղվեն, թող ամեն օր կարդան թերթերը, կառավարության անդամներին զեկուցեն, թե ինչ է գրում մամուլը։ Խոսքը հավանաբար «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է, որը ձեւավորվեց ՀՀ նախագահի եւ կառավարության համապատասխան կենտրոնների միավորումից, եւ պետք է զբաղվի լուրջ վերլուծական աշխատանքով, Հայաստանի տեղեկատվական քաղաքականությունը մշակի դրսում եւ ներսում։ Այս հսկա մարմինը փաստորեն, ըստ Աճեմյանի, այնքան պարապ է, որ զբաղված է միայն օրվա թերթերը կարդալով ւ կառավարության անդամներին մամուլի տեսություններ տրամադրելով։

Հիշեցնենք, որ այս անձը՝ գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը մի քանի օր առաջ հայտնվել էր աղմկոտ սկանդալի կենտրոնում՝ պարզվել էր, որ նա «Կյանքի խոսք» եկեղեցու անդամ է։ Գուցե այս տեմպերով գնալու պարագայում ՀՀ կառավարությունում ոչ թե «Հրապարակ», «Ժողովուրդ», «Առավոտ» եւ «Փաստ» թերթերը կարդան, այլ Կյանքի խոսք եկեղեցու հիմնադիր Ուլֆ Էկմանի կամ՝ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արթուր Սիմոնյանի աշխատությունները։

Be the first to comment on "ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵՐԹԵՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎՈՒՄ- ԿԱՐԴՈՒՄ՝ ԹԵՐԹ ԿԱՐԴԱՑՈՂ-ՊԱՏՄՈՂՆԵՐ ԵՆ ՊԱՀՈՒՄ"

Leave a comment

Your email address will not be published.


*