ՄԻԱՍԻՆ ՓՐԿԵՆՔ ԵՐԵՒԱՆԸ ՉՈՐԱՑՈՒՄԻՑ. ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻԱՍԻՆ ՓՐԿԵՆՔ ԵՐԵՒԱՆԸ ՉՈՐԱՑՈՒՄԻՑ. ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հայտարարությունը․

«Հարգելի համաքաղաքացիներ, ես՝ որպես ավագանու անդամ, իմ գործունեության մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ահազանգեր եմ ստացել կանաչ տարածքների և ծառերի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ։ Դրանք հիմնականում իրականացվել են քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների կողմից բազմաթիվ՝ ավտոտնակների, խանութների և այլ շինությունների կառուցման նպատակով։ Նկատելի է դարձել հետևալ օրինաչափությունը․ սկզբում նախընտրած տարածքներում իրականացվում են ծառերի հատումներ կամ դիտավորյալ չորացումներ, ինչպես նաև կանաչ գոտիների հրդեհումներ, որից հետո քաղաքացիները դիմում են քաղաքապետարան տվյալ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Բոլորիս հայտնի է, որ վերջին տարիներին Երևանի կանաչ տարածքները զանգվածաբար զոհաբերվել են քաղաքաշինական և ձեռնարկատիրական նպատակներով։ Հատվել են բազմաթիվ ծառեր, անհետացել կանաչ սիզամարգեր։

Կան բազմաթիվ բնապահպանական ուսումնասիորւթյուններ նաև, որ Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցետրացիան, ինչը ավելի է սաստկանում բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Քաղաքային միջավայրում կանաչ գոտիների պահպանումը և ընդլայնումը ծայրահեղ անհրաժեշտություն են բնակչության առողջության և կենսագործունեության համար։ Իմ կողմից նշված վարքագծի շարունակականության դեպքում Երևանի անապատացման խնդիրը էլ ավելի սրվելու է։ Որպես Երևանի ավագանու անդամ և քաղաքացի, բոլորիդ հորդորում և խնդրում եմ ծայրահեղ ուշադիր լինել ձեր միջավայրում կանաչ տարածքների և ծառերի նկատմամբ դրանց անխնա ոչնչացումը կանխարգելելու համար։ Նմանատիպ դեպքերում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել ՀՀ ոստիկանություն, ինչպես նաև տեղեկացնել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությանը։ Միասին փրկենք Երևանը չորացումից։

Հարգանքով՝ Երևանի ավագանու անդամ, Հողօգտագործման և քաղաքաշինության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան»։

Be the first to comment on "ՄԻԱՍԻՆ ՓՐԿԵՆՔ ԵՐԵՒԱՆԸ ՉՈՐԱՑՈՒՄԻՑ. ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*