ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ԳՆՈՒՄ ԱՆԿԱՆՈՆ ՁԵՒՈՎ․ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ԳՆՈՒՄ ԱՆԿԱՆՈՆ ՁԵՒՈՎ․ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Օրերս հայտնել էինք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի մասնակցել «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» երկօրյա տոնական ծրագրին, որն անցկացվեց նախորդ շաբաթ: Երիտասարդ քաղաքապետի բացակայության պատճառների թվում նշվում էր վարչապետի այցը Սյունիքի մարզ եւ քաղաքապետին ուղղված կոշտ դիտողությունները: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Առուշանյանն, իբր, այնքան է ազդվել այդ դիտողություններից, որ նրա ինքնազգացողությունը վատացել է ու հիվանդանոց է ընկել:

Մեր հրապարակումից մեկ օր անց Գորիսի համայնքապետարանի կայքում Առուշանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշում է, թե «անսպասելի առողջական խնդիրների պատճառով» չի կարողացել մասնակցել վերոհիշյալ միջոցառմանը, այժմ էլ ապաքինվում է եւ շուտով կանցնի իր բնականոն աշխատանքին: «Ափսոսում եմ, միաժամանակ նաեւ հպարտ եմ, որ համայնքապետարանի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքով պայմանավորված՝ բոլոր միջոցառումներն անցել են կազմակերպված, բարձր մակարդակով՝ առանց որևէ բացթողումների»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Քաղաքապետը նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարությանը, Գորիս համայնքի բոլոր ենթակա կառույցներին, ՀԿ-ներին, երիտասարդական ակտիվ խմբերին, նաեւ շարքային գորիսեցիներին՝ իրենց ակտիվ մասնակցության, ներդրման եւ քաղաքը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելու համար: Համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք նաեւ, որ «Գորիսը ԱՊՀ 2018թ-ի մշակութային մայրաքաղաք» միջոցառումների բացման արարողության շրջանակներում կայացած «Գորիսյան օրեր» ավանդական տոնակատարության հյուրասիրությունը կազմակերպելու եւ ակտիվ մասնակցության համար Գորիս համայնքի 30 բնակչի համայնքի տրամադրվել է դրամական աջակցություն՝ 1 միլիոն 5 հարյուր քսան հազար դրամ: Գումարը հատկացվել է համայնքի ղեկավարի որոշմամբ, համայնքային բյուջեից:

Քաղաքապետարանից քիչ առաջ մեզ հայտնեցին, որ քաղաքապետը աշխատանքի գալիս է, բայց անկանոն, մեր զանգի պահին էլ նա տեղում չէր: «Ապաքինման պրոցեսը շարունակվում է»,-ասացին համայնքապետարանից: Առուշանյանի հետ կապվել եւ անձամբ նրանից իր առողջական վիճակի մասին տեղեկանալ չհաջողվեց, նա, ինչպես միշտ, մեր զանգերն անպատասխան թողեց:

Be the first to comment on "ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ԳՆՈՒՄ ԱՆԿԱՆՈՆ ՁԵՒՈՎ․ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է"

Leave a comment

Your email address will not be published.


*