ԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՕՐԵՐ ԱՌԱՋ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ՝ ԳՆԱԼ, ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

ԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՕՐԵՐ ԱՌԱՋ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ՝ ԳՆԱԼ, ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Մի քանի օր է մամուլի թոփ-թեման «Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» ստուգումների եւ տնօրեն Արա Մինասյանին հանելու հարցն է։ Մենք քանիցս գրել ենք, որ կենտրոնում ստուգումներ են ընթանում, հատկապես ստուգվում է պետպատվերի ֆինանսավորումը եւ ծախսային մասը։ Ստուգումները սկսվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական հրահանգով եւ գտնվում են նրա հսկողության տակ։

Իսկ մի քանի օր առաջ նախարարն իր մոտ էր հրավիրել լրատվամիջոցների մի քանի ղեկավարների եւ զրույցի ժամանակ բարձրաձայնել Մինասյանի հիմնարկում հայտնաբերված խախտումների մոտավոր թիվը՝ մոտ 1 մլրդ դրամ։ Դրանից հետո լուր տարածվեց, որ քաղաքական որոշում է կայացվել աշխատանքից ազատել Արա Մինասյանին, որը նաեւ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հայրը։

Այս լուրը մեծ աղմուկ եւ դժգոհություն առաջացրեց՝ հատկապես հիվանդանոցի աշխատակազմում։ Սկսվեց ստորագրահավաք՝ ի պաշտպանություն երկարամյա տնօրենի։ Այսօր առավոտյան մեզ տեղեկություն հասավ, որ Արա Մինասյանին հրավիրել են առողջապահության նախարարի մոտ։ Գուցե՝ ընդամենը զրուցելու կամ քննարկելու խախտումների փաթեթը, իսկ գուցե՝ առաջարկելու, որ տնօրենը կամովին դիմում գրի ու հեռանա, հակառակ դեպքում քրեական գործ կհարուցվի եւ այլն։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում տեղյակ չէին հանդիպման մասին։ Մեզ հաջողվեց կապ հաստատել Արա Մինասյանի հետ։ Նա հաստատեց, որ ժամը 13։00-ին նախարարը իրեն հրավիրել է նախարարություն՝ զրուցելու։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նախարարն իրեն առաջարկի դիմում գրել, գնալ, նա պատասխանեց, որ տեղյակ չէ։ Իսկ գուցե առաջարկվելու է փոխհատուցի՞ ստուգումների արդյունքում հայտնաբերված վնասները, Մինասյանն ասաց՝ չեմ կարծում, քանի որ ստուգումները դեռ շարունակվում են։

Սակայն մենք կարողացանք պարզել նաև, որ դիմում գրելու առաջարկ Արա Մինասյանին եղել է դեռ օրեր առաջ՝ փոխնախարարներից մեկը զանգել եւ նախարարի առաջարկն է փոխանցել Մինասյանին՝ դիմում գրելու։ Վերջինս մերժել է առաջարկն՝ ասելով, որ չի պատրաստվում գրել եւ կարող է մեկնաբանել իրենց հայտնաբերած «խախտումները»։

Բացի այդ՝ տեղեկացանք նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հորդորել է առոջղապահության նախարարին՝ իրենց ստուգումների արդյունքները փոխանցել իրավապահ մարմիններին, որ եթե կա հանցակազմ, նրանք համապատասխան քայլեր անեն։ Նախարարը չգիտես ինչու այդ հարցում հապաղում է։ Եվս մի չճշտված ինֆորմացիա․ արդեն շրջանառվում են «Գրիգոր Լուսավորիչի» նոր տնօրենի հավակնորդների անուններ։ Հնչում է նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի եղբոր՝ բժշիկ էնդոսկոպիստ, գիտությունների թեկնածու Նարեկ Զեյնալյանի անունը։ Բայց հնարավոր է, որ այս անունը շրջանառվում է պարզապես տրամաբանական մտահանգումներից ելնելով։

Be the first to comment on "ԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՕՐԵՐ ԱՌԱՋ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ՝ ԳՆԱԼ, ՀՐԱԺԱՐՎԵԼ Է"

Leave a comment

Your email address will not be published.


*