ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼ ՃԻՇՏ ԷՐ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼ ՃԻՇՏ ԷՐ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել անցավ «սրտիկների» ու «պաչիկների» մթնոլորտում։ Երեկ նա մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական լիդերների հետ։ Մասնավորապես, հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, իսկ նախօրեին՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ առիթն օգտագործել ու անդրադարձել է Արցախյան հարցի կարգավորմանը։

«Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ»,- իր ելույթում ասել է Փաշինյանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով պարբերաբար Ադրբեջանի կողմից հրահրվող հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերին, որ տեղի են ունենում վերջին շրջանում։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում թե՛ Փաշինյանի հանդիպումները եւ թե՛ նրա մասնակցությունը։ «Շատ էր քննարկվում՝ արդյոք պե՞տք էր մասնակցել ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովին, մանավանդ ՆԱՏՕ-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Փաշինյանը ճիշտ է արել, որ մասնակցել է։ Սա նախ իր մասնակցությամբ առաջին գագաթնաժողովն է, հետո երկու այցերից հետո՝ Ռուսաստանի Դաշնություն, կարծում եմ՝ տրամաբանական է, որ նաեւ հարաբերություններ սկսենք խորացնել այլ միջազգային իրավունքի սուբյեկտների եւ խաղացողների հետ, մանավանդ՝ եթե Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարաբերությունները խորացնելու է բոլոր ուղղություններով։ Դրա համար կարծում եմ, որ այցը ճիշտ էր եւ տրամաբանական»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հանդիպումների որակին եւ մակարդակին, թե ում հետ է հանդիպել, ինչ մակարդակի հանդիպումներ է ունեցել, Սարգսյանն ասաց, որ հանդիպումների մակարդակի եւ որակի հետ կապված՝ որեւէ խնդիր չկա։ «Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետին այս գագաթնաժողովում բավականին ջերմ եւ բարձր մակարդակով են ընդունել»,- ասաց քաղաքագետը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հռչակագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածին, ապա Սուրեն Սարգսյանը նախ ընդգծեց՝ ՆԱՏՕ-ն կամ միջազգային այլ կառույց որեւէ իրավասություն չունի արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ եւ կարող է ցանկացած բանաձեւ ընդունել։ «Երկրորդ, գիտեք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու ամենակարեւոր պետություններից մեկը՝ Ֆրանսիան, եւ ամենակարեւոր պետությունը՝ ԱՄՆ-ն, Մինսկի խմբի համանախագահ են՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այսինքն՝ նրանք բազմիցս հայտարարել են, որ արցախյան հակամարտությունը կարող են կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, Մինսկի խմբի շրջանակներում։ Այսինքն՝ էստեղ էլ որեւէ վտանգավոր բան չեմ տեսնում եւ չեմ էլ կարծում, որ էստեղ պիտի հեղափոխությունից հետո ինչ-որ պրոբլեմներ կամ դժվարություններ լինեին»,- նկատեց Սուրեն Սարգսյանը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կարեւոր հայտարարություն է արվել մեր հարեւան Վրաստանի մասով, որը պակաս կարեւոր չէ նաեւ մեզ համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարներն անում են հնարավորը Վրաստանի՝ դաշինքին անդամակցությունն ապահովելու համար։ Սա հատկանշական իրադարձություն կարող է լինել մեզ համար այն իմաստով, որ շուտով կունենանք հարեւան պետություն, որը ՆԱՏՕ-ի անդամ կլինի։ Սա կարող է իր թե՛ դրական, թե՛ որոշակիորեն բացասական ազդեցությունն ունենալ նաեւ մեզ վրա՝ ելնելով նրանից, թե ինչպես կզարգանան ՆԱՏՕ-ի «ոխերիմ բարեկամ» Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։

Be the first to comment on "ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼ ՃԻՇՏ ԷՐ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*