Իմ ժողովրդի նկատմամբ սերն էր, որ դրդեց ինձ դուրս գալ հարմարավետ գրասենյակից և պայքարել

Իմ ժողովրդի նկատմամբ սերն էր, որ դրդեց ինձ դուրս գալ հարմարավետ գրասենյակից և պայքարել
Ամերիկյան Time պարբերականը խոսել է 4 հայտնի գործիչների հետ, ովքեր իրենց երկրներում պայքարել են հանուն ժողովրդավարության ու ովքեր պատմել են, թե ինչն է իրենց դրդել գնալ նման քայլի:

Պարբերականը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով պատմել է 2018 թվականի գարնանը սկած շարժման ու դրա հաղթանակի մասին:

«Իմ ժողովրդի նկատմամբ սերն էր, որ դրդեց ինձ՝ խորհրդարանական խմբակցության ղեկավարիս դուրս գալ հարմարավետ գրասենյակից ու 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրաններում՝ բողոքելով Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարության դեմ: Ես չունեի անձնական շարժառիթներ: Այն, ինչ ուզում էի իմ հայրենիքի ու ժողովրդի համար, ազատության ու երջանկության հաղթանակն էր: Ես ասացի, որ եթե քաղաքացիները հարյուր հազարավորներով դուրս գան փողոցներ և իշխանությունը չփոխվի, ես այլևս չեմ զբաղվի քաղաքական գործունեությամբ»,- պատմել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ գործողությունների առաջին իսկ օրվանից իրենք շարունակ ասել են, որ որևէ մեկի դեմ բռնություն չեն կիրառելու, անգամ եթե հանդիպեն կոշտ վերաբերմունքի: «Հարթակից ես ասացի, որ մենք առաջնորդվելու ենք աստվածաշնչյան տարբերակով՝ եթե որևէ մեկը քեզ ապտակում է, ապա դեմ տուր մյուս այտդ: Ես գիտեի, որ մենք չենք նահանջելու»,- ասել է նա:

ՀՀ վարչապետը նշել է, որ ի վերջո հաղթել է ժողովուրդը և ինքն ամեն բան անելու է՝ վստահ լինելու, որ ժողովրդի հաղթանակը ամրագրված է: «Համոզված եմ՝ մենք առաջ կշարժվենք ժողովրդավարություն կառուցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, անկախ դատական համակարգ ու օրենքի գերակայություն հաստատելու, մարդու իրավունքները պաշտպանելու և տնտեսական մրցակցությունն ապահովելու հարցերում: Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային հետաքրքրությունների բաղադրիչ կամ արտաքին քաղաքական կողմնորոշման հարց չէ, այլ արժեքների ու համոզմունքների դրսևորում: Հավատացած եմ՝ Հայաստանը լինելու է աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Be the first to comment on "Իմ ժողովրդի նկատմամբ սերն էր, որ դրդեց ինձ դուրս գալ հարմարավետ գրասենյակից և պայքարել"

Leave a comment

Your email address will not be published.


*