Երևանը` աղբի մեջ, «Սանիտեք»-ը` ընդհատակում. ինչ է կատարվում քաղաքում

Երևանը` աղբի մեջ, «Սանիտեք»-ը` ընդհատակում. ինչ է կատարվում քաղաքում

Եվս մի քանի օր եւ Երեւանը կկանգնի համաճարակի բռնկման վտանգի առաջ: Պատճառը Երեւանում աղբի մաքրման ծառայություն իրականացնող «Սանիտեք»-ն է, որի անգործությունից դժգոհում են քաղաքացիները: Պարզվում է, որ ամռան այս շոգ օրերին ընկերությունը աղբի հավաքման ծառայություն գրեթե չի իրականացնում, իսկ եթե իրականացնում է, ապա ահավոր մեծ ընդհատումներով: Մինչդեռ ամռան ամիսներին, ինչպես հայտնի է, քաղաքում աղբի քանակը սովորաբար ավելանում է: Այս ընթացքում Երեւանի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի աղբամանները կենցաղային աղբով լի են, գարշահոտության պակաս էլ չկա: Էլ չենք խոսում այն մասին, որ շենքերի աղբատարները ամիսներով, տարիներով չեն լվացվում, իսկ «Սանիտեք»-ը օրերով չի դատարկում աղբամանները: Ավելին` «Սանիտեք» ընկերության ֆեյսբուքյան էջը հիշեցնում է բողոքի հաստափոր գիրք. այստեղ Երեւանի բոլոր վարչական շրջանների բնակիչները առիթը բաց չեն թողնում ընկերության աշխատանքի վերաբերյալ իրենց վրդովմունքը, զայրույթը արտահայտել: Օրինակ` բնակիչներից մեկը գրել է. «Շնորհակալություն քաղաքում տարածված անուշ բույրի համար, մի՛ մոռացեք, որ էդ օդը դուք էլ եք շնչում, էդ հոտը դուք էլ եք զգում… աղբը հասելա 4-րդ հարկ, ինչքա՞ն ենք սպասելու»: Իսկ ահա Նոր Արեշի բնակիչներից մեկն էլ գրել է, որ երեք օր է, ինչ ընկերությունը աղբը չի տարել. «Աղբի մի մեծ սար է գոյացել, այն արդեն լցվում է մարդկանց տները»: Բնականաբար ընկերության ներկայացուցիչները այդպես էլ չեն արձագանքում բնակիչներին, ինչը խիստ զայրացնում է նրանց: Շատերը մտադիր են բոյկոտել ընկերության գործունեությունը եւ չվճարել աղբահանության վճարները, քանի որ ընկերության «Թեժ գիծ» ծառայությանը ներկայացրած իրենց բողոքներին ընկերությունը չի արձագանքում: «Ժողովուրդ» օրաթերթի զանգերը եւս անպատասխան մնացին: Ընկերության «նման անտարբեր եւ անպատասխանատու պահվածքից» արդեն սկսել են դժգոհել թաղապետերը, օրինակ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ով օրեր առաջ հայտարարել է, որ ընկերությունը մասամբ չի իրականացնում պայամանագրով սահմանված իր պարտականությունները: Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջին շրջանում համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ «Սանիտեք» ընկերությունը պատրաստվում է Երեւանի քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագիրը խզել: Ըստ այդ տեղեկությունների` սա է ընկերության անգործության պատճառը: Եւ ամենասարսափելին`քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությանը բնավ չի անհանգստացնում բնակիչների`աղբահավաքության հետ կապված բողոքները. նրանք այս հարցում կարծես որոշել են քար անտարբերություն պահպանել: Մինչդեռ այս վարչության հիմնական գործառույթներից մեկն էլ մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, այգիների, ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի սանիտարական մաքրումը, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերից եւ մասնավոր տնատիրություններից կատարվող աղբահանության աշխատանքների կազմակերպումն է: Ավելին` Հրայր Անտոնյանի ղեկավարած վարչությունը պետք է հսկողություն իրականացնի Երեւանի վարչական տարածքում գործող սանիտարական մաքրման եւ աղբահանության ընկերությունների կողմից կատարված աշխատանքների նկատմամբ: Բայց արի ու տես, որ Անտոնյանը ոչինչ չի ձեռնարկում, իսկ երեւանցիների համբերության բաժակը արդեն լցվում է, քանի որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը, փողոցները շարունակում են աղբի մեջ կորել: Այս դեպքում արժե արդյոք մեր` հարկատուներիս հաշվին պահել կոմունալ տնտեսության վարչությունը: Չէ՞ որ հիմնական գործառույթներից մեկը այդպես էլ չի իրականացվում: Ստացվում է, որ Անտոնյանը այդպես էլ չի վերահսկում եւ մշտադիտարկում «Սանիտեք»-ի աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աղբահանության եւ սանիտարական մաքրման համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ընթացիկ տարվա համար նախատեսում է ծախսել ավելի քան 7 մլրդ 896 մլն դրամ: Բայց, միեւնույն է, Երեւանի փողոցները, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները շարունակում են մնալ աղբի մեջ թաղված:

Be the first to comment on "Երևանը` աղբի մեջ, «Սանիտեք»-ը` ընդհատակում. ինչ է կատարվում քաղաքում"

Leave a comment

Your email address will not be published.


*