Կարմրուկ. ի՞նչ է պետք իմանալ դրա մասին

Կարմրուկ. ի՞նչ է պետք իմանալ դրա մասին
Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կարմրուկի մի քանի դեպք, իսկ մի շարք այլ երկրներում այս հիվանդությունը կարծես ակտիվացել է:

Ի՞նչ է կարմրուկը եւ ի՞նչ է պետք իմանալ դրա մասին:

Ինչպես նշեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, կարմրուկը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը շատ վարակիչ է, եւ փոխանցվում է օդակաթիլլային ճանապարհով:

Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ (մինչեւ 40.5 C), բերանի եւ վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի բորբոքմամբ, կոնյունկտիվիտով, ընդհանուր ինտոկսիկացիայով եւ ցանով մաշկի վրա: Հատկանշական է, որ ցանը, ինչպես նշում են մասնագետները, ի հայտ է գալիս հիվանդության 3-5-րդ օրվա ընթացքում: Սկզբում ան հայտնվում է ականջի հետեւի մաշկի վրա, այնուհետեւ դեմքի, կրծքավանդակի վերին մասին, գոտկատեղի վրա, իսկ այնուհետեւ ցանը ծածկում է նաեւ վերջույթները:

Ինչպես նշեց առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մինչեւ երեք տարեկան երեխաները հազվադեպ են հիվանդանում կարմրուկով, եթե նրանց կերակրում են կրծքով եւ եթե մայրը այս հիվանդության նկատմամբ իմունիտետ ունի: Սակայն եթե երեխաները հիվանդանում են, նրանց մոտ հիվանդությունը շատ ավելի սուր է արտահայտվում, քանի որ կարմրուկը շատ հաճախ կարող է ուղեկցվել բարդություններով՝ թոքաբորբով, էնցեֆալիտով (ուղեղի հյուսվածքների բորբոքում):

ԱՀԿ տվյալներով՝ կարմրուկն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ փոքր երեխաների շրջանում գրանցվող մահվան դեպքերի հիմնական պատճառներից մեկը: 2011 թվականին 158 հազար մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ են, մահացել է կարմրուկից:

Ապահովագրվել այս հիվանդությունից հարյուր տոկոսով դժվար թե հնարավոր է, սակայն պատվաստումը կարող է ապահովել մաքսիմալ պաշտպանվածություն: Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստումներ անում են երկու անգամ՝ 6 եւ 12 ամսական հասակում: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ մեկ պատվաստումը պակաս արդյունավետ է, այդ պատճառով պետք է անպայման երկու պատվաստում անել՝ պատվաստումների ժամանակացույցի համաձայն: Իսկ եթե երեխան կարմրուկի դեմ պատվաստում չունի, պետք է անպայման պատվաստել նրան մինչեւ ամառային արձակուրդներն ու այլ երկրներ մեկնելը:

Be the first to comment on "Կարմրուկ. ի՞նչ է պետք իմանալ դրա մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*