ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ
Վարակիչ հիվանդությունների ծանր հետևանքները միշտ էլ իրենց զգացնել են տալիս։ Գիտնականների հաշվարկով, գոյություն ունի ավելի քան 400 վարակիչ հիվանդություն, որից 200¬ն ընդհանուր է մարդկանց և կենդանիների համար։

Այդ թվից 150-ը ինֆեկցիոն է, իսկ 50-ը՝ ինվազիոն։

Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների հասցրած վնասներն արտահայտվում են գլխավորապես կենդանիների անկումով և կենդանական ծագման մթերքների (միս, կաթ, ձու) նվազումով, ինչպես նաև բուժման և կանխարգելիչ միջոցառումների հետ կապված ծախսերով։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ մի շարք ինֆեկցիոն (վարակիչ) հիվանդություններ (բրուցելյոզ, տուբերկուլյոզ, սիբիրախտ, դեղնախտ, դաբաղ, թռչնի և խոզի գրիպ և այլն) ընդհանուր են ասունների (մարդկանց) և անասունների համար, միանգամայն հասկանալի է դառնում վարակիչ հիվանդությունների կանխման անհրաժեշտությունը։

Մի շարք վարակիչ հիվանդությունների նկատմամբ մեր հանրապետության տարածքը համարվում է անապահով։ Հետևաբար, վարակիչ հիվանդությունների կանխարգելումը պետք է գտնվի համայնքները և ֆերմերային տնտեսությունները սպասարկող անասնաբույժների ուշադրության կենտրոնում։ Այս առումով մեծ վտանգ են ներկայացնում հողային ինֆեկցիաները (վարակները), որոնց նկատմամբ ձևավորվել են կայուն համաճարակային օջախներ։ Մանրէների շրջապտույտում արդեն ձևավորվել են հիվանդության հարուցիչի կայուն փոխանցման գործոններ այնպիսի վարակների նկատմամբ, ինչպիսիք են սիբիրախտը, խշխշան պալարը (էմկարը), բրադզոտը և այլն։ Ստացիոնար համաճարակային օջախների թվին են պատկանում նաև բնական օջախային վարակիչ հիվանդությունները, մասնավորապես՝ աուեսկի (կեղծ կատաղություն) հիվանդությունը և դեղնախտը (լեպտոսպիրոզը), որոնց բռնկումը կապված է մկնանման կրծողների, մասնավորապես առնետների և գետնասկյուռների ակտիվացման հետ։ Վերջիններս որոշակի դեր են խաղում ջրի միջոցով վարակը տարածելիս։ Նշված հիվանդությունների դեպքում առանձնահատուկ նշանակություն է տրվում նաև մանրէա¬ և վիրուսակրությանը, ինչը նույնպես պայմանավորվում է մշտական համաճարակային օջախների գոյացմամբ։

Քանի որ վիրուսային հիվանդությունների հարուցիչները` որպես ներբջջային մակաբույծեր, գոյատևում են միայն կենդանու օրգանիզմում, դրանց դեմ պայքարի միջոցառումներն ավելի դյուրին են և արդյունավետ, քան մանրէական, հատկապես սպորավոր վարակների դեմ, երբ դրանց սպորավոր ձևերը հողում պահպանվում են տասնյակ տարիներ։ Միաժամանակ անհերքելի է այն փաստը, որ այդպիսի մանրէները հողին են փոխանցվում հիվանդ կենդանիներից, դրանցից ստացված մթերքներից, հումքից, ինչպես նաև անկածների (սատկածների) դիակներից։ Հետևաբար, հողը որպես մանրէների կայուն ձևի առաջացման և պահպանման պահեստարան, կարելի է առողջացնել միայն այն դեպքում, երբ դադարեցվի դրանց ներմուծումը հողի մեջ։

Չնայած հիմնախնդրի լուծման համար առաջարկվել են տարբեր եղանակներ, ամենաարդյունավետը կենդանիների ինֆեկցիոն ախտահարման կասեցումն է, որը կապված է գիտականորեն հիմնավորված, կենդանիների զանգվածային վակցինոպրոֆիլակտիկայի հետ։

Անշուշտ, կարևորվում է անասնաբուժասանիտարական հսկողությունը կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխումների, ինչպես նաև կենդանիների սպանդի, սպանդային մթերքների վերամշակման, պահպանման և առևտրի վրա։ Ինչ խոսք, կարևորվում է նաև անասնագերեզմանոցի առկայությունը համայնքներում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հանրապետության տարածքում միայն մի քանի վարակիչ հիվանդությունների նկատմամբ են նախատեսվում հակահամաճարակային ծրագրային (պլանային) միջոցառումներ, նպատակահարմար ենք գտնում համառոտակի կանգ առնել դրանց վրա։ Առաջինը և ամենակարևորը դաբաղն է, որը վերջերս արձանագրվել է Հայաստանի մի շրջանում:

Դաբաղը ընտանի և վայրի երկկճղակավոր կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր) արտակարգ սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որը արտահայտվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի, կրծքի և վերջավորությունների, մաշկի խոցային ախտահարումներով։

Հիվանդության նշանները հետևյալն են. բերանի լորձաթաղանթի վրա առաջանում են բշտեր, որոնք մի քանի օրում քայքայվում են և առաջացնում խոցային մակերես, կենդանին գրեթե չի կարողանում կեր ընդունել, բերանից հոսում է մեծ քանակությամբ լորձ, որն իր մեջ պարունակում է միլիարդավոր վիրուսներով զանգված։ Կճղակների ախտահարումից չի կարողանում քայլել։ Առաջանում են կաթնագեղձի բորբոքումներ և նրա ֆունկցիայի խանգարում։ Մատղաշ կենդանիների մոտ հաճախ ախտահարվում են մարսողական ուղիները և առաջ բերում անկում։

Վարակի տարածումը կատարվում է այն ամենի միջոցով, ինչը շփվել է հիվանդ կենդանիների կամ նրանցից ստացված մթերքի ու հումքի հետ։ Դաբաղի պատճառած տնտեսական վնասը առաջանում է կենդանիների անկումից, մթերատվության նվազումից, վիժումներից և նրա տարածումը կանխելու կարանտինային միջոցառումների ծախսերից։

Դաբաղի կանխարգելումն իրականացվում է հակադաբաղային պատվաստանյութերի օգտագործման միջոցով։ Պատվաստումները խիստ պարտադիր են և դրանցում պետք է ընդգրկել ընկալունակ բոլոր կենդանիներին։

Նման դեպքերում հիվանդ կենդանիներին անմիջապես պետք է մեկուսացնել և կիրառել բուժման միջոցներ, բերանի խոռոչի մշակման համար օգտագործել մանգանաթթվային կալիումի (մարգանցովկա) վարդագույն լուծույթ, սպիտակ և կապույտ շիբ, տանին և դաբաղող այլ նյութեր։ Կճղակների բուժման նպատակով՝ փայտի ձյութի և ձկան յուղի հավասար խառնուրդ, ավտոմեքենայի շարժիչի այրված յուղ։ Կրծի բուժման համար օգտագործել սինտոմիցինի, ցինկի, տետրացիկլինի, նովոկայինի քսուքներ։ Օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավման համար անհրաժեշտ է օգտագործել սրտային պրեպարատներ, հակաբիոտիկներ։ Բուժման ընթացքում հիվանդ կենդանիներին կերակրել փափուկ և հեշտամարս կերերով։

Վարակի փոխանցման առարկաները, անասնաշենքերը, անասնատեղերը ախտահանել կծու նատրիումի 1-3 % ¬անոց և ֆորմալդեհիդի 2 %-անոց լուծույթներով, որոնք կարելի է ձեռք բերել տվյալ տարածքի անասնաբուժական սպասարկման կենտրոններից և անասնաբուժական դեղատներից։

Ծանոթանալով վարակիչ հիվանդությունների կենսաբանական հատկանիշներին, կարելի է խուսափել նրանց բռնկումներից, եթե տարվի անասնագլխաքանակի ճիշտ հաշվառում և նրանց նկատմամբ ժամանակին պատվաստումներ (վակցինացում) կատարեն համայնքները սպասարկող անասնաբույժները։ Անհրաժեշտ է նաև խիստ հսկողություն իրականացնել մսամթերքների և կաթնամթերքների վաճառքի նկատմամբ՝ ապահովելով բնակչության սննդային անվտանգության բոլոր կանոնները։

Be the first to comment on "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ"

Leave a comment

Your email address will not be published.


*