Ակտիվիստների գործողությունները բացահայտ աղանդավորական տարրեր են պարունակում. Տ. Գեվորգ եպիսկոպոս Սարոյան

Ակտիվիստների գործողությունները բացահայտ աղանդավորական տարրեր են պարունակում. Տ. Գեվորգ եպիսկոպոս Սարոյան
Նոր Հայաստան, նոր Հայրապետ՚ նախաձեռնության՝ օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք ներխուժած անդամները հնարավոր է եղել են թմրանյութի ազդեցության տակ: Այս մասին երեկ տեղեկացրել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ ոստիկանությունը հաղորդում էր ստացել ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին: Որից հետո ոստիկանության առանձին խումբ է մեկնել դպքի վայր, որտեղ էլ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել: Նյութի ծագումը պարզելու համար փորձաքննություն է նշանակվել, իսկ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում, այդ ընթացքում հանցավոր հիմքեր հայտնաբերելու դեպքում նախաձեռնության անդամների նկատմամբ քրեական գործ կհարուցվի:

Մինչև ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութ հայտնաբերելը այդ մասին ահազանգել էին նաև ներխուժման օրը դիվանատանը ներկա հոգևորականները, որոնք ականատես էին եղել նախաձեռնության անդամների կասկածելի վարքին:

Գերաշնորհ Տ. ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆԸ հարցազրույցի ժամանակ ասաց, որ ինքը այն տպավորությունն ունի, որ դիվանատուն ներխուժած խմբի անդամները սթափ վիճակում չէին, թմրանյութ էին օգտագործել և հորդորում է ոստիկաններին մինչև վերջ իրականացնել հետաքննությունն ու պատժել մեղավորներին:

-Ես այն կարծիքին եմ, որ նրանցից ոմանք թմրանյութի ազդեցության տակ էին, քանի որ անհավասարակշիռ վարք էին դրսևորում, խելամտության բոլոր սահմաններն անցել էին՝ բռնության կոչեր էին հնչեցնում և իրենք էլ բռնություն էին հրահրում, ագրեսիա ցուցաբերում, վիրավորում հոգևորականներին՝ սպառնալով սափրել նրանց:

–Շատ է խոսվում այն մասին, որ նախաձեռնությունն ուղղորդված է այնպիսի ուժերի կողմից, որոնց նպատակը Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելն է: Կա՞ն դա ապացուցող փաստեր:

-Օրերս որոշ փաստեր և անգամ տեսաֆիլմ հրապարակվեց, որտեղ բավականին համոզիչ կերպով ներկայացվում էր, որ նախաձեռնության որոշ անդամներ ասոցացվում են Compass կազմակերպության հետ, որը դրամաշնորհներ է ստացել ՙԲաց հասարակություն՚ հիմնադրամից: Շատ հնարավոր է, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղորդում լինի Սորոսի հիմնադրամի կողմից: Իսկ թե ինչով է զբաղվում այդ հիմնադրամը, կարծում եմ ոչ մեկիս համար այլևս գաղտնիք չէ:

Այդ ակտիվիստների գործողությունները բացահայտ աղանդավորական տարրեր են պարունակում, որոնք արտահայտվում են թե՛ հնչեցրած գաղափարների, թե՛ գործելաոճի մեջ։ Օրինակ՝ Կորյուն աբեղան այնպիսի մտքեր է հնչեցնում, որ այլևս կասկած չի մնում՝ այդ մարդն ակնհայտորեն բռնել է աղանդավորության ճանապարհը: Նրա վերջին հայտարարություններից մեկն էլ, թե Սուրբ Երրորդության Երրորդ դեմքը՝ Սուրբ Հոգին, որպես պատիժ սպանեց սպարապետ Վազգեն Սարգսյանին կաթողիկոսական ընտրություններին միջամտելու համար, դեմ է Սուրբ Հոգու դավանանքի՝ Եկեղեցու վարդապետությանը: Եկեղեցու դավանանքի համաձայնª Սուրբ Հոգին մխիթարիչ է, զորություն, շնորհներ պարգևող է, ներշնչող է, կենդանարար է, ազատիչ և ոչ պատժող, ոչ բռնադատող:

Եթե ընդունում ենք, որ Սուրբ Հոգին մարդասպան է, ապա դրանից կբխի, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործները, ի գլուխ ունենալով Նաիրի Հունանյանին, ոչ ավել,ոչ պակաս Աստծու կամքն են իրագործել: Եթե Աստծու կամքն են իրագործել, ուրեմն պետք է սրբացնել Նաիրի Հունանյանին և մյուսներին: Ավելին, եթե Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք էր, ուրեմն Նաիրի Հունանյանը հրաշագործ է:

Զարմանալին այն է, որ այդ մարդն իրեն հոգևորական համարելով՝ փորձում է եկեղեցական հարցերն աշխարհիկ ճանապարհներով լուծել: Եկեղեցին պետական կառուց չէ, որ աշխարհիկ գործիքակազմով փորձեն եկեղեցու ներսի խնդիրները լուծել, այդ խնդիրները Եկեղեցու սահմանադրության և կանոնների համաձայն են որոշվում: 1700 տարի մեր եկեղեցին այդ իրավական նորմերով է առաջնորդվել: Իսկ Եկեղեցու սահմանադրությունն իրականացնելու, իրացնելու հստակ ճանապարհային քարտեզ կա, և եթե այդ մարդիկ ինչ-որ բանից դժգոհ են, ապա կարող են այդ ճանապարհով ներկայացնել իրենց բողոքները:

Եկեղեցու նվիրապետության մասին նրանց ընկալումը նույնպես շեղում է արձանագրում: Նրանք շեշտում են նվիրապետության երեք աստիճանները՝ եպիսկոպոս, քահանա, սարկավագ: Այս շեշտադրումը հիշեցնում է բողոքական եկեղեցու որդեգրած նվիրապետական կարգը: Բողոքական նվիրապետության մեջ չկա Կաթողիկոսի կամ պատրիարքի իշխանության հատուկ ընկալում: Բողոքականների նմանությամբ ակտիվիստները դեմ են արտահայտվում կաթողիկոսի իշխանությանը՝ հայտարարելով, թե Հայ Առաքելական եկեղեցում կաթողիկոսության իշխանությունը հետսամուտ է: Այստեղ պետք է շեշտել, որ Կաթողիկոսի հան•ամանքը նոր աստիճան չի ենթադրում, այլ՝ իշխանություն: Պատմությունը վկայում է, որ մեր Եկեղեցու սկզբնավորման առաջին օրվանից մենք Կաթողիկոսներ ենք ունեցել: Եվ առհասարակ բոլոր ավանդական Եկեղեցիներն էլ ունեն Կաթողիկոսական կամ պատրիարքական իշխանության ինստիտուտը, որ ենթադրում է որոշակի իշխանություն՝ եպիսկոպոսական ձեռնադրություն, մեռոնօրհնեք, որ հատուկ են կաթողիկոսի կամ պատրիարքի իշխանությանը: Դարձյալ կրկնեմ, որ սա բողոքական մտայնության դրսևորում է, և թերևս մեզ լուրջ մտորումների տեղիք է տալիս, թե ինչ հեռահար նպատակներ են հետապնդվում: Փորձ է արվում կոտրել Եկեղեցու նվիրապետության ավանդական ընկալումը:

Նրանք նաև վարկաբեկում են մեր վերջին երեք կաթողիկոսներին՝ պնդելով ու ստահոդ լուրեր տարածելով, թե նրանք ՊԱԿ-ի դրածոներ են եղել: Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, այդ ընտրություններին մասնակցում է համայն հայությունը, և փաստորեն նման հերյուրանքներով նրանք նաև ժողովրդին ու Ազգային եկեղեցական ժողովն են անարգում:

–Նախաձեռնող խումբը գործում է հավատավորների, հանրության անունից և հայտարարում, թե իբրև իրենց նպատակը կաթողիկոսի հրաժարականն է: Բայց արդեն փաստ է, որ նրանց թիրախում Հայ Առաքելական եկեղեցին է հայտնվել: Սա արդեն պետական անվտանգության խնդիր չե՞ք համարում:

-Արդյոք կարելի է այդ տեսակի մարդկանց, որոնք սուտ են տարածում, հայհոյում ու զազրախոսում են, վարկաբեկում եկեղեցու հետ կապված ամեն բան, մոլորեցնում հասարակությանը, եկեղեցու բարեկարգության մասին մտածողներ համարել, ինչպես իրենք ներկայանում են: Եվ արդեն վաղուց նրանց նետը կաթողիկոսից ուղղվել է ընդհանրապես եկեղեցու դեմ:

Հուսադրող է, որ եկեղեցու հավատավորները չեն գնում այդ մարդկանց հետևից, նրանց հետևորդները հիմնականում Կորյունի ազդեցության տակ գտնվող իր խոստովանազավակներն են: Նա չարաշահում է խոստովանահայր-խոստովանազավակ հասկացությունը և նրանց օգտագործում իր շահերի համար: Հայր Կորյունն ունի խոստովանահայր և խոստովանազավակ հարաբերության արմատական ընկալում, որը շեղում է ենթադրում Եկեղեցու ավանդական մոտեցումներից: Նրա հետևորդների՝ Կորյունի հանդեպ ցուցաբերած հավատարմությունից նկատելի է, որ խոստովանազավակները պարտավոր են ենթարկվել, հնազանդվել իրենց խոստովանահորը՝ անկախ նրանից, թե ինչ է ասում խոստովանահայրը: Այստեղ առկա է հոգևոր բռնության տարրը: Ես նրա հետևորդներին համարում եմ հոգևոր բռնության զոհեր՝ երևույթ, որ բնորոշ է տոտալիտար աղանդների գործելաոճին:

Ակտիվիստների գործողություններում տեսանելի է նաև վրեժխնդրության տարր: Նախաձեռնության համակարգողներից Կարեն Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռի կառույցներից մեկում (ՀԵՀԵԿ) և դժգոհ է մնացել Մայր Աթոռից, ինչի մասին քանիցս բարձրաձայնել է հավաքների և հարցազրույցների ընթացքում: Իր կարծիքով Մայր Աթոռն իր հանդեպ խտրական վերաբերմունք է ցուցաբերել: Անգամ եթե իր հանդեպ անարդար են վարվել, ինչպես ինքն է կարծում, ապա դա կարելի էր պարզել ու հարթել երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե առաջնորդվելով սեփական վիրավորանքով՝ նման շարժում նախաձեռնել եկեղեցու դեմ և իրեն հետևորդներին օգտագոծել սեփական շահերի համար:

–Սրբազան հայր, չե՞ք կարծում, որ աշխարհիկ իշխանությունը պարտավոր է միջամտել դեպքերին, քանի որ զարգացումներն այնպիսի բնութ են ստանում, որ վտանգվում է մեր հավատքը, պետականությունը:

– Այո, իսկապես կարծում եմ, որ մենք արդեն գործ ունենք ազգային անվտանգությանը սպառնացող երևույթի հետ, որը հարկավոր է շատ արագ կանխել: Այնպես է ստացվել, որ այս պայքարի առաջնագծում հոգևորականներն են հայտնվել, բայց խնդիրը համապետական է արդեն, մենք հատել ենք ազգային անվտանգության սահմանը, և ես ապշած եմ, որ այդ խումբը դեռ շարունակում է գործել, և սաստող չկա: Ես ուզում եմ հասկանալ՝ իրենցով զբաղվելու են, թե՝ ոչ, որքան է դեռ շարունակվելու եկեղեցու դեմ նախաձեռնված այս պայքարը, որը բոլորիս է ալեկոծում, հավատացյալների ներսում խռովություն կա, և մենք հազիվ ենք կարողանում հանդարտեցնել, որպեսզի նրանք ծայրահեղ քայլերի չգնան, բախումներ չլինեն:

Պետությունը պետք է իր դիրքորոշումն ունենա այս խնդրի վերաբերյալ և մենակ չթողնի եկեղեցուն, քանի որ սա պետական խնդիր է: Ճիշտ է՝ եկեղեցին սրան էլ կդիմակայի, տարբեր ժամանակ այն դիմակայել է տարբեր հարձակումների, այդ թվում խորհրդային իշխանություններին վերապրեց: Բայց ամեն դեպքում իշխանությունը պետք է համապատասխան եզրակացություն անի: Խնդիրն արդեն դուրս է եկել հոգևոր իշխանության տիրույթից և դարձել է համապետական: Ոչ ոք չի կարող ինձ կամ որևէ մեկին համոզել, որ ազգի միասնությունը պառակտող գործողությունների թիրախ է միայն կաթողիկոսը:

Ես պարզապես չեմ կարող հասկանալ՝ ինչպես է պատահում, որ Էլթոն Ջոնի ուղղությամբ ձու նետած անձը հրավիրվում է ոստիկանություն, որի վերաբերյալ մամուլով բազում հրապարակումներ եղան, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին սատանա անվանող, հայ հոգևորականներին և հավատացյալներին վիրավորող խմբավորման անդամներին իրավապահ մարմինները կարգի չեն հրավիրում:

Ի դեպ, այս խումբը հեղինակազրկում է նաև թավշյա հեղափոխության գաղափարը՝ այն օգտագործելով իբրև քող, նույն գործիքակազմն օգտագործելով և հղում կատարելով հեղափոխության վրա, նրանք փորձում են Եկեղեցին սասանելով՝ քանդել պետության հիմքը, կասկածի տակ դնել մեր ազգային անվտանգության երաշխիքը: Մի±թե հեղափոխությունն ապազգային ուղղվածություն ուներ, ինչպիսին որ այս նախաձեռնությունն է: Այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե իր որոշումները հայամետ են, ուստի այս հարցում էլ հարկ է, որ նա իր հայամետ դիրքորոշումը հայտնի: Ամեն բան թո°ղ լինի օրինականության սահմաններում: Չենք պահանջում ավելին:

–Ինչ տրամադրութուններ են առկա հանրության շրջանում՝ ձեր դիտարկումներով: Ժամանակին կարծես թե շատերն էին սատարում նախաձեռնությանը:

-Հանրությունն ավելի ու ավելի է գիտակցում ու հասկանում այդ խմբի իրական նպատակները: Ընթացքում դեռ շատ բաներ կբացահայտվեն և ավելի շատ մարդիկ կսկսեն քննադատել այդ շարժումը: Հասարակության վերաբերմունքն ու տրամադրությունները ամեն ժամ փոխվում են:

Մեր եկեղեցին իրոք բարեկարգության անհրաժեշտություն ունի, բոլորս էլ դա գիտակցում ենք և վստահ եմ, որ գործնական քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ: Բայց այն, ինչ կատարում է այդ խումբը, ոչ մի կապ չունի եկեղեցու բարեկարգության հետ և այդ նախաձեռնությունը ամեևին եկեղեցում բարեփոխումներ անելու մտահո•ությունից չի ձևավորվել:

Be the first to comment on "Ակտիվիստների գործողությունները բացահայտ աղանդավորական տարրեր են պարունակում. Տ. Գեվորգ եպիսկոպոս Սարոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*