«ՀՐԱՊԱՐԱԿ»․«ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ» ԴԵՌ ԽԵՐ-ԽԱԲԱՐ ՉԿԱ

«ՀՐԱՊԱՐԱԿ»․«ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ» ԴԵՌ ԽԵՐ-ԽԱԲԱՐ ՉԿԱ
«Ժառանգություն» կուսակցությունը դեռ մեկ ամիս առաջ առաջարկ էր արել՝ ստեղծել ՀՀ վարչապետի կամ նախագահի աշխատակազմին առընթեր ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի նախորդ իշխանությունների օրոք հանիրավի մեղադրված կամ հեղինակազրկված անձանց եւ կազմակերպությունների իրավունքները վերականգնելու խնդրով: Հանձնաժողովը լիազորվելու է ուսումնասիրել եւ կառավարությանը ներկայացնել «Ռեաբիլիտացիայի մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաեւ ճշտել այն անձանց ու կազմակերպությունների ցանկը, որոնք կհամապատասխանեն սույն օրենքի չափորոշիչներին:

Այս առաջարկի վերաբերյալ, ըստ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի, որեւէ արձագանք թե՛ նախագահի, թե՛ վարչապետի կողմից դեռեւս չի եղել: «Սա շատ օրակարգային հարց է, նաեւ հաշվի առնելով նախկին իշխանությունների կամայականությունների, նրանց օրոք հալածանքների եւ հետապնդումների ենթարկվածների բազմությունը, մասնավորապես «Ա1+»-ի, «Նոյյան տապանի» եթերազրկումը, տասնյակ անձանց նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները: Ռեաբիլիտացիայի ուղղությամբ կոնկրետ գործողությունների ձեռնարկումը, կարծում ենք, խթան կհանդիսանա ճշմարիտ գնահատական տալու Հայաստանի անկախության անցած տարիների պատմությանը եւ լույս սփռելու որոշ մութ էջերի վրա: Եվ ցանկալի է, որ նոր Հայաստան մուտքը լինի նախկին իշխանությունների կողմից թույլ տրված կամայականությունների ծանր բեռից ձերբազատված»,- ասաց մեր զրուցակիցը:

Be the first to comment on "«ՀՐԱՊԱՐԱԿ»․«ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ» ԴԵՌ ԽԵՐ-ԽԱԲԱՐ ՉԿԱ"

Leave a comment

Your email address will not be published.


*