ՊՎԾ ՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՊՎԾ ՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Նոր ձեւավորված «ռեւիզորական» մարմնի՝ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության առաջիկա նիստին ներկայացնելու է իր ղեկավարած կառույցի կողմից մշակված որոշման նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 1717-Ն որոշման մեջ եւ ՊՎԾ-ին կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել: Գումարը, ինչպես տեղեկանում ենք որոշման նախագծից, անհրաժեշտ է ՊՎԾ-ի 2018 թվականի բնականոն գործունեությունն ապահովելու և 2018 թվականի 2-րդ կիսամյակի ծախսերը կատարելու համար:

Նախագծով նախատեսվում է՝ 239,228.5 հազար դրամի շրջանակներում իրականացնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ 2018 թվականի 2-րդ կիսամյակի պահպանման ծախսերը: Որոշման նախագծի հավելվածից տեղեկանում ենք, որ մասնավորապես աշխատողների աշխատավարձերի եւ հավելավճարների համար առաջիկա 9 ամիսների համար նախատեսվում է 85 898,3 հազ. դրամ, տարեկան՝ 171 796,6 հազ.դրամ, գրասենյակային նյութերի եւ հագուստի համար 9 ամսվա համար 1 257,3 հազ.դրամ, տարեկան՝ 2 514,6 հազ. դրամ: Մեքենաների ու սարքավորուների համար՝ 23 712,1 հազ. դրամ: «Այլ ծախսեր» տողով էլ նախատեսված է հարկերի, պարտադիր վճարների և տույժերի համար, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ, ծախսել 9 ամսվա կտրվածքով՝ 592,2 հազ. դրամ, տարեկան՝ 613,4 հազ. դրամ:

Նշենք, որ պետական վերահսկողական ծառայության մասին օրենքը ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոններ է սահմանում: Ըստ այդմ՝ ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ հավաքագրելու, գնահատելու և դրանք ներկայացնելու գործում ՊՎԾ աշխատակիցները դրսևորում են մասնագիտական օբյեկտիվության պատշաճ մակարդակ, կատարում են համապատասխան բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում, և, դատողություններ կատարելիս, չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը: ՊՎԾ աշխատակիցները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները՝ բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի: ՊՎԾ աշխատակիցներն աշխատանքներն իրականացնելիս պետք է լինեն ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու, չպետք է գիտակցաբար մասնակցեն այնպիսի գործողությունների կամ միջոցառումների, որոնք կարող են վարկաբեկել Ծառայությունը, պետք է հարգեն վերահսկվող օբյեկտի և դրա պաշտոնատար անձի` գործունեության իրականացման նպատակները: ՊՎԾ պետը երեք տեղակալ ունի՝ Հայկ Սարգսյան, Տիգրան Ուլիխանյան, Ալբերտ Աբգարյան: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ ՊՎԾ պետի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:

Be the first to comment on "ՊՎԾ ՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ"

Leave a comment

Your email address will not be published.


*