Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կապանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։ Այս մասին հայտնում է ՏԿԶՆ-ն:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Նարեկ Ղահրամանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում և համայքներում ձևավորված հանրային փոփոխությունների պահանջը թափանցում է հանրապետության գրեթե բոլոր ոլորտներ և իշխանությունների խնդիրն է ապահովել այդ գործընթացների սահուն և հանգիստ կազմակերպումը։ «Մենք պարտավոր ենք հաղթահարել այն տարաձայնությունը, որ առկա է համայնքային բնակչության սպասումների և առկա իրավիճակի միջև ու համատեղ ջանքերով հասնել համայքների տնտեսական և սոցիալական բարեկեցությանը»,-ասել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային նշանակություն ունի տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը և միաժամանակ հավելել, որ այս գործում չափազանց կարևոր է մարզպետարանի, համայնքապետարանի և ավագանու անդամների համաձայնեցված ու արդյունավետ աշխատանքը։ Նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ Նարեկ Ղահրամանյանը մեծ պատասխանատվությամբ ու պատվով կկատարի հանրապետության չորրորդ քաղաքի ղեկավարի իր պարտականությունները և ունակ կլինի պատշաճ կազմակերպել առաջիկայում սպասվող ընտրությունները։

Իր խոսքում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն, անդրադառնալով Կապանում առկա հիմնախնդիրներին և դրանց հնարավոր լուծման հեռանկարներին, կարևորել է այդ գործում մարզային և համայնքային կառուցների փոխհամաձայնեցված աշխատանքը։

Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ համագործակցության, ակտիվ աշխատանքի և կապանցիների գործուն աջակցության շնորհիվ հնարավոր կլինի երկրում արձանագրված դրական փոփոխություններն արագ հասցնել Կապան համայնք։

Ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը լսել է համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին անհանգստացնող մտահոգությունները, պատասխանել նրանց հարցերին։

Be the first to comment on "Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին"

Leave a comment

Your email address will not be published.


*