«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուք էջում հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։

«Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշել է նախարար Արսեն Թորոսյանը։

ԱՆ-ն հայտնում է, որ նախարարության ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ:
Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։
Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով պարզվել է հետևյալը.

1. Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնություն
Սոցփաթեթի շահառուներն արտահիվանդանոցային պայմաններում անցնում են ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն: Գրեթե բոլոր շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները ձևակերպվել են որպես հիվանդանոցային բժշկական օգնության թերապևտիկ դեպքեր: Ուսումնասիրող հանձնաժողովի կողմից իրականացվել են մի շարք հեռախոսազանգեր, որոնց ի պատասխան` գրեթե բոլոր շահառուները հայտնել են, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն չեն ստացել, այլ միայն հետազոտվել են: Մասնավորապես.
1) 2016թ. համար ուսումնասիրվել է հիվանդանոցային 3027 դեպք, որից 2145 (71 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման: Պետական բյուջեի վնասը գնահատվել է 423,4 մլն դրամ:
2) 2017թ. համար ուսումնասիրվել է հիվանդանոցային 350 դեպք, որից 244 (70 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման: Պետական բյուջեի վնասը գնահատվել է 20,8 մլն դրամ:

2. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
Կազմակերպության պոլիկլինիկայում առկա մատյաններում գրանցված լաբորատոր-գործիքային հետազոտությունների քանակներից ավելի ներկայացված հաշվետվությունների արդյունքում պետբյուջեի վնասը գնահատվել է շուրջ 72,6 մլն դրամ:

3. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն
Ծառայությունում բացակայում են ստոմատոլոգիական ամբուլատոր քարտերը, բժշկական օգնության փաստաթղթային հիմնավորվածությունները, պացիենտների անձնագրերի պատճենները, սակայն նշված դեպքերը կազմակերպության կողմից ներկայացվել են հատուցման: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 23,1 մլն դրամ:

4.Վերակենդանացման ծառայություն
Ծառայությունում ուսումնասիրվել է 120 դեպք` ընդհանուր 24,5 մլն դրամ գումարով: Առանձին դեպքերում կազմակերպությանը վճարվել են վերակենդանացման միջոցառումներ չպահանջող հիվանդությունների և վիճակների բժշկական օգնության դեպքերի համար: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 5,0 մլն դրամ:

Միաժամանակ կազմակերպությունում առկա են բժշկական օգնության իրականացման կազմակերպման համար հաստատված չափորոշիչների (կազմակերպության աշխատակիցների աշխատանքի վարձատրման չափորոշիչի խախտումներ, հաստատված հաստիքացուցակների և փաստացի դրույքաչափերի անհամապատասխանություններ, վառելիքի ծախսի խախտումներ) և գնումների մասին օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։

Be the first to comment on "«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից"

Leave a comment

Your email address will not be published.


*