Ալավերդիում պետբյուջեի սուբվենցիաներով նախատեսված ծախսերը չեն կատարվում

Ալավերդիում պետբյուջեի սուբվենցիաներով նախատեսված ծախսերը չեն կատարվում
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից պետբյուջե վճարվող բնապահպանական վճարներից Ալավերդի համայնքին 2018թ. հատկացված 185,2 մլն դրամից 124,6 մլն դրամը նախատեսվել է ծախսել բնապահպանական ծրագրով: Բնապահպանական սուբվենցիայի 53,4 մլն դրամը հատկացվել է առողջապահական ծրագրի իրականացմանը: Ավագանին տարեսկզբին միաձայն հաստատել է համայնքապետ Ս. Խեչումյանի ներկայացրած ծրագրերը: Դրանք ժամանակին համաձայնեցվել են առողջապահության և բնապահպանության նախարարությունների հետ:

Անցած 7 ամիսներին բնապահպանական ծրագրով նախատեսված որևէ աշխատանք համայնքում չի սկսվել: Ընկերությունների կողմից պետբյուջե վճարվող բնապահպանական վճարներից համայնքների վարչական բյուջեներ մուտքագրվող մասհանումները նպատակային միջոցներ են և օգտագործվում են բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Խախտելով օրենքի պահանջը՝ բնապահպանական ծրագրով Ալավերդու «Հայպետշին» թաղամասում Ս. Խեչումյանը նախատեսել է 9 մլն 70 հազար դրամ ներդրումով շուկա կառուցել:

Հիշեցնենք, որ Ալավերդու շուկայի նախկին շենքը 2004թ. նոյեմբերի 1-ից պատկանում է «Լալվար» քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանին, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին և Թումանյանի էլեկտրական ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին: Շուկայի նախկին շենքում ներկայումս տեղակայված է «Կատա առևտրի տուն» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնետերը Տարոն Աբգարյանն է, 25 տոկոս բաժնետերը` Արթուր Նալբանդյանի մայրը՝ Ալվարդ Նալբանդյանը և 25 տոկոս բաժնետերը՝ Թումանյանի էլեկտրական ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանի դուստրը՝ Էմմա Շաքարյանը:

«Ճիշտն ասած` ազգաբնակչության մի մասն ուզում է, մի մասը չի ուզում «Հայպետշին» թաղամասում շուկա կառուցել: Ասում են` իրենց խանգարում է»,- բացատրում է Ս. Խեչումյանը: Ծրագրերը հաստատելիս Խեչումյանը ավագանուն շուկայի կառուցմանը խանգարող որևէ հանգամանք չի ներկայացրել: Ավագանին էլ միաձայն հաստատել է ծրագիրը:

Ս. Խեչումյան
Շուկայի հարցում իր հետագա անելիքը որոշելու համար Ս. Խեչումյանը 7 ամիս անց որոշել է մեկ անգամ էլ խոսել ավագանու հետ: Երեկ ավագանու նիստից հետո նա հայտնեց, որ բնապահպանական ծրագրով նախատեսված շուկան կկառուցվի Փիրուզյան թաղամասում:

«Համայնքապետարանում նորմալ տարածք չեն գտնում շուկա կառուցելու համար: Այլ քաղաքներում շուկա կառուցվել է կենտրոնական հատվածներում»,- ասում է առևտրական Ֆրունզիկ Գալստյանը:

Մի քանի օր առաջ Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը հանդիպել է առևտրականների և թաղամասի բնակիչների հետ: Բնակիչները պնդել են, որ այգու տարածքում շուկայի կառուցումը չեն թույլատրելու, առևտրականներն էլ չեն ընդունել «Հայպետշին» թաղամասի շուկայի տարածքը լքելու` բնակիչների պահանջը։

Առեւտրականները, մեջեղում` Ֆ. Գալստյանը
«Մենք այստեղի առևտրով ենք պահում մեր ընտանիքը: Եթե շուկայի նորմալ տարածք չկա, ու՞ր գնանք: Նախ` համայնքապետարանի առաջարկած տարածքը շատ հեռու է քաղաքի կենտրոնից, բացի դա` առաջարկվող տարածքում տեղակայված Ալավերդու բժշկական կենտրոնի դիահերձարանից 500մ շառավղով որևէ սննդի օբյեկտ, այդ թվում նաև շուկա կառուցելն անթույլատրելի է»,- բացատրեցին Ֆրունզիկ Գալստյանը և մյուս առևտրականները:

«Բնակիչների մեծ մասը մեզնից նիսիայով է առևտուր անում, նրանք տաքսի են վարձելու, գնան Փիրուզյան թաղամասի շուկայից առևտուր անե՞ն»,- ասաց Մարինե Աբգարյանը: Շուկայի հարցում կրքերը Ալավերդիում լարված են: Բնապահպանական ծրագրից դեռևս կառուցման փուլ չի մտել Ս/Սարահարթ թաղամասում 16,4 մլն դրամ նախահաշվային արժեքով նախատեսված արևային ֆոտովոլտայիկ կայանի կառուցումը: Կայանը նախատեսված է տեղադրել այն շենքի տանիքին, որտեղ բնակվում է համայնքապետ Խեչումյանը։ «Բայց մեր շենքի տանիքը լուրջ խնդիր ունի, ուզում ենք ավելի շատ մասնագիտական եզրակացություններ ստանալ, հասկանալ` տանիքը պատրա՞ստ է, ֆոտովոլտավիկ կայանը դնե՞նք, թե չէ»,-բացատրում է Ս. Խեչումյանը, որը ծրագիրն ավագանուն ներկայացնելուց առաջ անտեսել է իրենց շենքի տանիքի վիճակը: Բնապահպանական ծրագիրը միաձայն հաստատելուց 7 ամիս անց ավագանիում վիճահարույց է դարձել Սանահինի քարե կամրջի հարակից տարածքում 21,8 մլն դրամ նախահաշվային արժեքով ճեմուղի կառուցելու հարցը: Ս. Խեչումյանի խոսքով` ֆոտովոլտայիկ կայանը և ճեմուղին դեռ նախագծային փաթեթի փուլում են:

Խուդյակով փողոցի չմաքրվող հեղեղատարը
«Գիտենք, էս խնդիրը շատ մեծ է, չենք հասցնում նախագծերը սահմանված կարգով պատվիրենք»,-բացատրում է նա և վստահեցնում, թե նախատեսված աշխատանքներն այս տարի դեռ կհասցնեն ավարտել: Ս. Խեչումյանի խոսքով` Ալավերդու բնությունը թույլ է տալիս մինչև հոկտեմբեր ամսվա վերջը շինարարական աշխատանքներ կատարել: Մեզ հետ զրուցելիս Ս. Խեչումյանը հանկարծ հիշեց, որ ծրագրով նախատեսված քաղաքի շենքերի տանիքների ներկման աշխատանքները նույնպես սկսված չեն: Համայնքի ղեկավարի ասելով` ընթացքի մեջ են նաև քաղաքի փողոցային հին լուսատուները լեդ լուսատուներով փոխարինելու աշխատանքները:

Ալավերդիում չհանդիպեցինք նաև ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքների: Քաղաքի Ջրավազան, Խուդյակով, Էնգելս, Փիրուզյան թաղամասերի հեղեղատարների մաքրման աշխատանքներ նույնպես չեն տարվում:

«Բնապահպանական սուբվենցիաների գումարներով հիմա ընթացքի մեջ է Աքորիում հենապատի վերանորոգման և գերեզմանատան ցանկապատի կառուցման աշխատանքը: Այս պահին աշխատանքը նախագծային փուլում է»,- ասաց համայնքի ղեկավարը:

«Աքորին բնապահպանական ծրագրով ընդամենը 600 հազար դրամ հատկացում ունի, դրանով պետք է գյուղում հեղեղատար կառուցվի: Բնապահպանական ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ չունենք: Իմ տեղեկությունով` դեռ հեղեղատարի կառուցման նախահաշվային աշխատանքները պատվիրված չեն »,- ասաց Աքորիի վարչական ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանը:

Հարութ Ձավարյան
«Այն, որ Ալավերդի համայնքի ղեկավարն արդեն 7-րդ ամիսն է` չի իրականացնում բնապահպանական ծրագրի ֆոնդային բյուջեով նախատեսված աշխատանքները, ինձ համար լուրջ հարց է»,- ասում է ավագանու անդամ Հարութ Ձավարյանը: Վերջինիս ասելով` ինքը տեղյակ է, որ Սայաթ-Նովա թաղամասի բնակիչները դեմ են իրենց շենքերի հարևանությամբ շուկա կառուցելուն: «Ես չեմ հասկանում նաև Ալավերդիում ֆոտովոլտայիկ համակարգի տեղադրման անհրաժեշտությունը: Այդ ներդրմանը համայնքի ղեկավարը պատրաստ չէ»,- ասում Է Հարութը: Թե ինչու է կողմ քվեարկել համայնքի ղեկավարի ներկայացրած ֆոտովոլտայիկ կայանի կառուցման ծրագրին՝ Հ. Ձավարյանը բացատրում է. «Ես ՏԻՄ ոլորտին անծանոթ մարդ եմ եղել, բերել են ծրագիր են ներկայացրել, ասել են՝ գիտեք, էս ծրագիրը լավ ծրագիր է, ստորագրել եմ: Էսօր հետադարձ հայացքով նայելով ավագանու որոշումներին, ես փոշմանել եմ հենց ֆոտովոլտայիկ կայանի համար»,- երեկ ավագանու նիստից հետո հայտնեց Հարութ Ձավարյանը:

Վերջինիս խոսքով` Ալավերդու համայնքապետարանն այսօր բնակչության շրջանում դիտվում է որպես իր աշխատանքներին անտեղյակ մարմին: Երեկ նիստից հետո Ս. Խեչումյանը փորձում էր ստանալ ավագանու նախնական համաձայնությունը բնապահպանական ծրագրով նախատեսված քարե կամրջի հարևանությամբ ճեմուղի կառուցելու գումարով աղբի ավտոմեքենա գնելու համար: «Նպատակայի՞ն է, արդյոք, ճեմուղի կառուցելու 20մլն դրամն ուղղել այդտեղ»,-քաղաքապետին հարցրեց Հարութ Ձավարյանը: «Ալտերնատիվ 26 մլն դրամ տնտեսումն ինչի՞ արդյունք է»,- հարցրեց Ս. Խեչումյանը: «Դա բնապահպանական սուբվենցիաները Ձեր կողմից վատ պլանավորման արդյունք է»,- պատասխանեց Հ. Ձավարյանը:

Be the first to comment on "Ալավերդիում պետբյուջեի սուբվենցիաներով նախատեսված ծախսերը չեն կատարվում"

Leave a comment

Your email address will not be published.


*