4,7 մլրդ դոլար տուգանք՝ Johnson’s baby տալկում քաղցկեղածին տարրի համար․ Հայաստանում այն երբևէ չի փորձաքննվել

4,7 մլրդ դոլար տուգանք՝ Johnson’s baby տալկում քաղցկեղածին տարրի համար․ Հայաստանում այն երբևէ չի փորձաքննվել
Մոտ 2 շաբաթ առաջ ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը «Ջոնսոն և Ջոնսոն» ( Johnson & Johnson ) ընկերությանը պարտավորեցրել է վճարել 4,7 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք 22 կանանց, ովքեր ընկերության արտադրանքներից մեկի՝ մանկական տալկի մեջ եղած քաղցկեղածին ասբեստ նյութի պատճառով առողջական խնդիրներ են ունեցել:

Հայաստանը ևս ներկրում է «Johnson’s Baby» մանկական տալկը, որը, սակայն, երբևէ չի փորձաքննվել․ այն դուրս է առողջապահության նախարարության վերահսկողությունից, իսկ պատասխանատու պետական կառույցը՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, տեղյակ չէ տալկում առկա ասբեստի վտանգի մասին, քանի որ ներկրման ժամանակ դրանք երբևէ չեն փորձաքննվում։

Հայաստանը չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացությունների թվով առաջատարն է Հարավային Կովկասում։

Սակայն, ո՛չ Հայաստանում, ոչ էլ կովկասյան տարածաշրջանի այլ երկրների լաբորատորիաներում չկա սարք, որով հնարավոր կլինի պարզել տալկում ասբեստի առկայությունը:

Johnson & Johnson-ը հերքում է ասբեստի առկայությունը․ 22 կանանցից 6-ն արդեն մահացել են

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի դատարանը հուլիսի 12-ին կայացրել է պատմության մեջ ամենամեծ ՝ 4,7 մլրդ ԱՄՆ դոլար փոխհատուցման դատական վճիռը՝ այն հիմնավորմամբ, որ Johnson & Johnson ընկերության տալկը (Johnson’s Baby) ասբեստ է պարունակում, ինչը քաղցկեղածին է:

Այս դատական գործերի պատճառով ընկերության բաժնետոմսերը արդեն վճռի կայացման հաջորդ օրը 1,4 %-ով՝ 1,31 ԱՄՆ դոլարով նվազել էին՝ կազմելով 126,45 ԱՄՆ դոլար:

22 կանայք կոլեկտիվ հայց էին ներկայացրել դատարան՝ բողոքելով, որ տուժել են ընկերության արտադրանքից, մասնավորապես՝ տալկում եղած ասբեստից, որը, ըստ բողոքի, կանանց մոտ քաղցկեղի առաջացման պատճառ է դարձել։ 22 կանանցից 6-ը, ում անունից ներկայացվել էր հայցը, արդեն մահացել են: Փոխհատուցումը ստանալու են նրանց ընտանիքները:

Կանայք, ում նախաձեռնությամբ հարուցվել էր քրեական գործը, հայտարարել էին, որ 10 տարուց ավելի օգտագործել են Johnson & Johnson-ի տալկը, որը և իրենց պնդմամբ, հիվանդությունների պատճառ է դարձել։

Դատարանի որոշումը կայացվել է ավելի քան 5 շաբաթ տևած ուսումնասիրությունների արդյունքում, որոնց ժամանակ հարցաքննվել են տասնյակ փորձագետներ՝ երկու կողմերից:

Johnson & Johnson-ը, սակայն, հայտարարարություն է տարածել, որտեղ նշում է, որ պատրաստվում է վիճարկել այդ վճիռը, որն ընկերությունն անվանում է «սկզբունքայնորեն անարդար»:

Նշենք, որ Johnson & Johnson-ի դեմ կա ավելի քան 9000 դիմում, որոնք ևս վերաբերում են ընկերության արտադրանքի պատճառած վնասներին։ Johnson & Johnson-ը հերքում է, որ իրենց տալկը կարող է քաղցկեղ առաջացնել կամ դրանց մեջ երբևէ եղել է ասբեստ:

Դատարանի նման խիստ վճռի պատճառը, ինչպես գրում է «Լոս Անջելես Թայմսը»-ը, ոչ միայն խնդրագրերի մեծ թիվն է, այլև այն, որ ընկերության որոշ ներքին փաստաթղթերից պարզ է դարձել, որ աշխատակիցները ավելի քան 30 տարի տեղյակ էին, որ իրենց մանկական տալկում առնվազն քիչ քանակությամբ ասբեստի հետքեր կան:

Հայցվորներն իրենց հերթին պնդում են, որ տալկն ու ասբեստը արդյունահանման ժամանակ, կարող են խառնվել ինչն անհնար է դարձնում դրանում կանցերոգենի հեռացումը:

Այս պնդումը Johnson & Johnson հերքում է՝ հայտարարելով, որ իրենց ապրանքն անցնում է զտման փուլեր և փորձաքննվում է, ինչը և ապահովում է տալկի մաքրությունը:

«Ամեն մի վճիռ, որ կայացվել է Johnson & Johnson ընկերության դեմ, անցել է բողոքարկման գործընթաց, հետ է ուղարկվել: Այս դատավարության ընթացքում շատ ավելի վատ սխալներ են եղել քան նախորդներում»,- հայտարարել է Johnson & Johnson ընկերության մամուլի քարտուղար Քերոլ Գուդրիչը։

Կանանց փաստաբաններից Մարկ Լանիերը, հակառակը, դատարանի այս վճռից հետո կոչ է արել ընկերությանը արտադրությունից հանել տալկ պարունակող ապրանքները՝ նախքան դրանք «կպատճառեն այլ տանջանքներ, վնաս կամ մահ»՝ հավելելով, որ ընկերությունը այս ամենից հետո նույնիսկ հարկ չի համարում զգուշացնել սպառողներին տալկում եղած ասբեստի մասին:

«Եթե J & J-ն պնդում է, որ շարունակելու է տալկի վաճառքը, ապա պետք է խիստ նախազգուշացում անի»,- նշել է նա։

Դատական գործերի մեծամասնությունը կապված են այն բողոքների հետ, երբ տալկն առաջացրել է ձվարանների քաղցկեղ: ԱՄՆ՝ քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալներով՝ տարեկան գրանցվում է ձվարանների քաղցկեղի մոտ 20 000 դեպք:

Քիչ քանակությամբ բողոքներ եղել են մեզաթելիոմայով պայմանավորված հյուսվածքների քաղցկեղի դեպքերի վերաբերյալ, որը ևս կարող է պայմանավորված լինել ասբեստի առկայությամբ:

Johnson & Johnson ընկերության արտադրանքի պատճառած առողջական վնասի վերաբերյալ հայցերը նոր չեն։ Առաջին հայցը դատարան եղել է 5 տարի առաջ՝ 2013թ․ին։

Ամենամեծ փոխհատուցումը՝ 417 մլն ԱՄՆ դոլար Լոս Անջելեսի դատարանը պարտավորեցրել է վճարել 63-ամյա Էվա Էչեվարիային, ով 11-ից 62 տարեկանում օգտագործել էր Johnsonʼs Baby մանկական տալկը։

Հետագայում նրա մոտ հայտնաբերել էին ձվարանների քաղցկեղ:

Այս վճիռը ընկերությունը բողոքարկել է և շահել դատը: Մինչ այդ էլ՝ 2016թ. էլ երկու գործ կարճվել է Նյու Ջերսիում՝ ոչ բավարար ապացուցողական հիմքերի պատճառով:

Ներկայում մոտ 5 գործ բողոքարկման փուլում է:

Առհասարակ, ինչպես ցույց են տալիս Johnson & Johnson ընկերության տալկի վերաբերյալ նախկին հրապարակումները, պատժիչ տուգանքների դատական գործերը հիմնականում կամ կարճվել են, կամ բողոքարկման պատճառով ընկերությանը հաջողվել է չեղյալ հայտարարել վճիռները:

Ի՞նչ վնասներ կարող է հասցնել ասբեստը մարդու առողջությանը

Տալկը աշխարհի ամենափափուկ քարն է, հանքանյութ, որը բաղադրությամբ շատ նման է ասբեստին և սովորական լաբորատոր փորձաքննության ժամանակ, առանց հատուկ սարքերի, դրանք տարբերակելը դժվար է։ Ավելին, բնական վիճակում տալկը կարող է ասբեստ պարունակել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ՝ ասբեստը կոնցերոգեն է, որը կարող է մի շարք օնկոլոգիական հիվանդությունների, մասնավորապես՝ թոքերի, կոկորդի և ձվարանների քաղցկեղի պատճառ հանդիսանալ: Ասբեստի բոլոր տեսակները, ըստ ԱՀԿ-ի, կանցերոգեն են մարդու օրգանիզմի համար:

Այսօր դրա կիրառումն արգելված է աշխարհի ավելի քան 60 երկրներում:

Հայաստանում ուռուցքաբանության եվրոպական միության (European Society for Medical Oncology) պատասխանատու ներկայացուցիչ, «Մուրացան հիվանդանոցային համալիր»-ի ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ասբեստի տեսակներից կապույտն իսկապես վտանգավոր է և քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ․

«Կապույտ ասբեստը, հայտնի բան է, ապացուցված կանցերոգեն է, որը չի թույլատրվում օգտագործել։ Դրանում սպեցիֆիկ բան կա՝ մեզաթելիոմա է կոչվում, որն առաջացնում է չարորակ ուռուցք,- ասում է Դ․ Զոհրաբյանը։- Բայց կարևոր է, թե կոնկրետ այդ տալկի մեջ ինչ տեսակի ասբեստ է հայտնաբերվել։ Եթե կապույտ ասբեստի բաղադրությունը լինի նաև այդ տալկի մեջ, բնականաբար վնաս կտա»,- պարզաբանեց բժիշկը։

Ամեն դեպքում, Դավիթ Զոհրաբյանը հաստատեց, որ տալկի օգտագործման և քաղցկեղի առաջացման պատճառահետևանքային կապը ապացուցել դժվար է, սակայն հավելեց, որ վնասը երկարատև օգտագործման դեպքում կարող է լինել։

Վերահսկող մարմինը երբևէ չի փորձաքննել Johnson’s Baby տալկը

Հայաստանում վաճառվում է Johnson’s Baby մանկական տալկը՝ թաիլանդական և իտալական արտադրության։

Ներկրողը «Սի ընդ Էֆ Քո» ընկերությունն է, որի բաժնետոմսերի մեծ մասը՝ 75%-ը, պատկանում է վրացական «Շարմ Տրեյդինգ» ընկերությանը, սեփականատեր՝ Զազա Նիշնիանիդզե։

Ընկերությունը կոսմետիկ մի շարք խոշոր բրենդների մատակարար է Հայաստանում և Վրաստանում։

«Սի ընդ Էֆ Քո» ընկերության բաժնետերերից է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Արտուշ Սիմոնյանը։

«Սի ընդ Էֆ Քո» ընկերության մենեջեր Լենան այսօր մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք միջազգային մամուլի հրապարակումներին հետևում են, դեպքից տեղյակ են, սակայն նշեց, որ «ապրանքի որակի համար պատասխանատվությունն իրենց վրա չէ»։

«Քանի որ մենք ներկրող կազմակերոպություն ենք համարվում, մենք ստուգումներ չենք իրականացնում, և ապրանքի որակի համար ողջ պատասխանատվությունը արտադրող կազմակերպության վրա է,-ասաց նա։- Մենք վստահում ենք սերտիֆիկատներին, որ ստանում ենք արտադրող կազմակերպությունից»։

Հայաստանում մանկական տալկը դուրս է առողջապահության նախարարության վերահսկողության շրջանակներից։ Այն, ինչպես ցանկացած մանկական ապրանք, ենթակա է պարտադիր պետական գրանցման, որից հետո միայն կարող է ներկրվել։

Այս ապրանքի ներմուծման պատասխանատուն շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է։

Վերջինիս ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ մեզնից է լսում Johnson & Johnson ընկերության արտադրանքում առկա խնդիրների մասին, միջազգային մամուլին չի հետևում: Այս ապրանքը, ըստ նրա, երբևէ չի փորձաքննվել և ուշադրության կենտրոնում չի եղել։

Ավելին, Արթուր Մկրտչյանը նշեց, որ իրենք ներմուծման ժամանակ միայն փաստաթղթային ստուգում են իրանականացնում, իսկ ապրանքը, այդ փաստաթղթերն ու սերտիֆիկատը ստանում են մասնավոր ընկերություններից:

Ասվածից հետևում է, որ հիմնական «ստուգողն» ու որակի «պատասխանատու»-ն հենց այդ մասնավոր կազմակերպություններն են։

«Մենք փորձարկումներ չենք անում, մենք սերտիֆիկատ ենք նայում,- ասում է Ա. Մկրտչյանը։- Ապրանքի անվտանգությունը երաշխավորվում է սերտիֆիկատով։ Եթե սերտիֆիկատ գոյություն ունի, ուրեմն մենք տվյալ ապրանքը համարում ենք անվտանգ»,- պարզաբանում է նա։

Լրացուցիչ ստուգման պահանջ, ըստ նրա, կարող է լինել, եթե ապրանքի որակից բողոքներ լինեն։ Մեր այն նկատառմանը, որ քաղցկեղածին տարրի առկայությունը սպառողը չի կարող ապացուցել, որպեսզի բողոքի, և ապրանքը ստուգվի, Արթուր Մկրտչյանը պատասխանեց, որ միայն սերտիֆիկատի բացակայության դեպքում է արգելվում ապրանքի ներմուծումը, շրջանառությունը և վաճառքը:

Be the first to comment on "4,7 մլրդ դոլար տուգանք՝ Johnson’s baby տալկում քաղցկեղածին տարրի համար․ Հայաստանում այն երբևէ չի փորձաքննվել"

Leave a comment

Your email address will not be published.


*