Առաջադրված հոդվածի եւ կոնկրետ արարքների միջեւ կապը չենք կարողանում հասկանալ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Առաջադրված հոդվածի եւ կոնկրետ արարքների միջեւ կապը չենք կարողանում հասկանալ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Սահմանադրական իրավունքում եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված դրույթներով ենթադրվում, էր չի կարելի մարդուն որպես վկա կանչել, եթե դու գիտես, որ ինքը կասկածյալ է. ըստ էության, իրավապահ մարմինները չպետք է խաբեն քաղաքացինոերին: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

Նա նշեց, որ գործի նյութերում նշված է, որ կոնկրետ անձը ասում է, որ լսել է, որ ինչ-որ մեկը ասել է ինչ-որ բան. «Ու անուն-ազգանուն չկա, հենց գրված է, որ ինչ-որ մեկն է ասել: Մենք ասում ենք, ժողովուրդ ջան, միգուցե ձեր միջնորդությունը հիմա չքննարկենք: Գործը պետք է քննվի, բացահայտվի: Մարտի 1-ի գործի չբացահայտելն ամբողջությամբ Հայաստանի զարգացման համար խնդիրներ է առաջացնում:

Օրբելյանն ասաց, որ ինքն անձամբ մինչեւ վերջ չի հասկանում, թե ինչում են մեղադրում Քոչարյանին. «Ինչ-որ փաստեր են նշված եւ մեջբերվում է 300.1 հոդվածը: Մոտավորապես նույնն է, որ ասեն՝ Արամ Օրբելյանը առավոտյան վեր կացավ, գնաց ցնցուղ ընդունեց, սափրվեց, իջավ նստեց ավտոմեքենա, ճանապարհին բենզին լցրեց եւ դրա համար ինքը մեղադրվում է գողության համար: Մոտավորապես նման տեքստ է: Որեւէ պատճառահետեւանքային կապ չկա, ես չեմ կարողանում հանցագործության էլեմենտը մինչեւ վերջ հասկանալ, որ դետալացված կարողանամ քննարկել: Մինչեւ վերջ չեմ հասկանում՝ մեղադրվում է զորք օգտագործելո՞ւ մեջ, արտակարգ իրավիճակ մտցնելո՞ւ մեջ: Չի կարող արարքը հստակ չլինի: Այսինքն մինչեւ վերջ չենք կարողանում հասկանալ, թե որ արարքն է, որ հիմք է դարձել՝ արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրն է, ինչ-որ խորհրդակցություն անելու որոշումն է: Ի՞նչն է կոնկրետ, չկա, գրված չէ, թե հստակ որ արարքն է, որ կարողանանք վիճել կամ չվիճել: Որ կարողանանք ասել՝ այդ արարքը հանցանք համարվում է, թե ոչ: Գործը բավարար ուսումնասիրված ու մշակված չէ քննչական մարմինների կողմից: Այսինքն կան բազմաթիվ գործղություններ, որոնք պետք է կատարվեն, կամ գործը լավ ուսումնասիրված է, բոլոր գործողությունները կան, բայց դատարան ներկայացվել են միայն նրանք, որոնք ինչ-որ ձեւով կարող է ինչ-որ բան ենթադրվել»- ասաց փաստաբանը:

Նա ընդգծեց, որ այդ ապացույցների մեջ Ռոբերտ Քոչարյանի մասով որեւէ բան չկա, որեւէ ապացույց չկա. «Առաջադրված հոդվածի՝ 300.1-ի եւ կոնկրետ արարքների միջեւ կապը չենք կարողանում հասկանալ»:

Be the first to comment on "Առաջադրված հոդվածի եւ կոնկրետ արարքների միջեւ կապը չենք կարողանում հասկանալ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան"

Leave a comment

Your email address will not be published.


*