Ո՛չ ներկա համակարգին. արցախցի բժիշկների բողոքի ակցիան

Ո՛չ ներկա համակարգին. արցախցի բժիշկների բողոքի ակցիան
Հուլիսի 27-ին Ստեփանակերտի Ֆրանսիական պուրակում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ գործող իշխանական համակարգի: Հավաքը կազմակերպել էին «Արևիկ» մանկական բուժմիավորման ակնաբույժներ Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Ասլանյանը:

Սևակ Ասլանյանն իր ելույթում ասաց, որ սա պայքար է հիվանդ համակարգի դեմ և չպիտի թույլ տալ նման համակարգի վերարտադրությունը։ «Կարծես տեղի են ունենում փոփոխություններ, բայց իրականում միայն անուններ են փոխվում: Մենք իշխանություն ունենալու կամ պաշտոն ստանալու նպատակ չունենք»,- ասաց Ս․ Ասլանյանը:

Ասլանյանը հավաքի սակավությունը բացատրեց մարդկանց տեղեկացված չլինելով։

Մարտակերտի շրջանային բուժմիավորման բժիշկ Լևոն Նազարեթյանն ասաց, որ շրջաններում առողջապահությունը կաթվածահար վիճակում է։ «Բժիշկները մի քանի հոգու պարտականություն են կատարում: Վերջերս Բակո Սահակյանը հանդիպել է առողջապահության նախարարության վերնախավի հետ, սակայն պիտի հանդիպեր սովորական մահկանացու բժիշկների հետ»,- իր ելույթում ասաց Նազարեթյանը:

Ելույթն ավարտեց «Ո՛չ կոռուպցիային, ո՛չ ներկա համակարգին» կոչով։

Բժիշկները խոսեցին ծառայողական թանկարժեք մեքենաների, կոռուպցիայի, գյուղերի դատարկման, բերձորյան դեպքերի, «Ղարաբաղ տելեկոմի» ու «Արցախբանկի» կողմից իրականացվող թալանի, Արթուր Մկրտչյանի, Սամվել Աղայանի ու Նորայր Դանիելյանի չբացահայտված սպանությունների մասին:

Այս տարի մայիսին Արցախում «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհային գործունեության, բարձր սակագների ու Հայաստան-Արցախի ռոումինգի դեմ բողոք-ակցիաների կազմակերպիչները բժիշկներ Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Ասլանյանն էին:

Ինչպես սկսվեցին հավաքները

Արցախում հանրահավաքները հազվագյուտ բնույթ են կրել մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Վերջին բողոքի ակցիաները տեղի են ունեցել 2014 թվականին։ Բողոքի երկու ակցիաները կազմակերպել էր «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրասնպորտի թանկացմանը» նախաձեռնությունը Ստեփանակերտի քաղաքապետարանի և ԼՂՀ Կառավարության դիմաց: Իսկ ավելի վաղ՝ հանրահավաքներ կամ ցույցեր տեղի են ունեցել Ղարաբաղյան շարժման տարիներին:

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին հավաքը տեղի է ունեցել հունիսի 1-ին, ԱԱԾ հատուկ ջոկատայինների և երկու քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո, որը վեր է ածվել ծեծկռտուքի: Ի նշան բողոքի՝ նույն օրը երեկոյան երկու քաղաքացիների բարեկամները փակել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի Ավտոկայանի հարակից տարածքը:

Իր ֆեյսբուքյան էջում այս դեպքի մասին առաջինը հայտնել է «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը:

Հաջորդ օրը՝ ժամը 11։00-ին, մարդիկ նորից հավաքվեցին ու կրկին փակեցին փողոցը: Բողոքի ակցիայի վայր եկան ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ ՊԲ տեղակալ և Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը: ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։ Վերջինս, ինչպես ինքն էր ասել, ստանձնեց սուրհանդակի դերը:

Ցուցարարների պահանջներն հետևյալն էին՝ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկումներ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանի, ԱԱԾ տնօրենի տեղակալ և ԱԱԾ հատուկ ջոկատայինների նախկին հրամանատար Գագիկ Սարգսյանի (Սպեցնազի Գագո): Երբեմն հնչում էին ԼՂՀ Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի և ԱԱԾ հատուկ ջոկատայինների ներկայիս հրամանատար Աշոտ Գրիգորյանի անունները:

Հանրահավաքի համակարգող կոմիտեի ու Բակո Սահակյանի հետ բանակցությունները շարունակվեցին մինչև հունիսի 4-ը: Որպես բանագնաց ակտիվ էր նաև Արցախի արդեն հրաժարական տված նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Հունիսի 4-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ցուցարարների և Արցախի իշխանությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, փոխադարձ ըմբռնում, որ ստեղծված իրավիճակից պետք է արվեն հետևություններ։ «Ուստի, եկել է մի փուլ, որ մեր Արցախի ցուցարարները պետք է հնարավորություն տան Արցախի իշխանություններին իրականացնել պայմանավորվածությունները, պահանջները: Հասկանալի է, որ դրանք պետք է իրականացվեն հանդարտ պայմաններում: Եթե այդ պահանջները հետագայում ի կատար չածվեն, հետևություններ չարվեն, այդ դեպքում ցուցարարները կարող են շարունակել իրենց բողոքի գործողությունները: Իմ եղբայրական կոչն ու հորդորն է, որ ցուցարարները դադարեցնեն ցույցը: Ըստ էության ցուցարարները հասել են իրենց նպատակին, գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է: Եթե խնդիրները չիրագործվեն պայմանավորվածությունների համաձայն, ցուցարարները գնդակը կարող են ետ բերել իրենց դաշտ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի կոչից հետո ավտոկայանի հարակից տարածքում 4 օր բողոքող ցուցարարները դարարեցրին ցույցերը՝ հրավառությամբ տոնելով հաղթանակը, թեև ոչ մի հրաժարական տեղի չէր ունեցել: Հաջորդ օրվանից Համակարգող կոմիտեի անդամները ստեղծեցին Հանրային խորհուրդ։ Խորհուրդը քաղաքացիների բարձրացված խնդիրներին պետք է լուծում տար:

Հունիսի վեցին էլ տեղի ունեցավ անսպասելի իրադարձություն՝ հրաժարական տվեց ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը: Թեև ցուցարարների պահանջներում նրա հրաժարականի մասին խոսք չկար:

Հրաժարականներ տվեցին ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: Պաշտոնից ազատվեց նաև ԱԱԾ տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետ, գնդապետ Գագիկ Սարգսյանը (հանրության մեջ հայտնի է «Սպեցնազի Գագո»)։ Պաշտոնական հաղորդագրությունում վերջինիս հրաժարականի պատճառը նշված է կենսաթոշակի անցնելը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նոր ոստիկանապետ է նշանակել ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետ Իգոր Գրիգորյանը, իսկ ԱԱԾ տնօրեն՝ ԱԱԾ գնդապետ Սամվել Շահրամանյանը: Նոր պետնախարար նշանակվեց ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Բոլոր այս պաշտոնյանները նախորդների համեմատ երիտասարդ են, 40-41 տարեկան:

Ստեփանակերտի ավտոկայանի մերձակայքում տեղի ունեցած ինքնաբուխ հավաքից հետո տարբեր ուժեր ցույցեր ու երթեր սկսեցին իրականացնել:

Վահան Բադասյանի գլխավորությամբ նոր ձևավորված «Լույս Արցախին» նախաձեռնությունը հունիսի 8-ին 10-15 հոգուց բաղկացած երթեր էր իրականացնում Ստեփանակերտում ու պահանջում Բակո Սահակյանի հրաժարականը:

Հունիսի 13-ին «Ազգային վերածնունդ» կուսակցությունը (ԱՎԿ) Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով հավաք էր պլանավորել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, սակայն ոստիկանական ուժերն այն փակել էին չորս կողմից: Ոստիկանները թույլ չտվեցին բողոքի ակցիա իրականացնել նաև մոտակայքում գտնվող Ստեփան Շահումյանի անվան պուրակում՝ պատճառաբանելով, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը տվյալ հավաքը չի արտոնել: Ի պատասխան, ցուցարարները պնդում էին, որ Արցախում հավաքների մասին օրենք չկա, իսկ Արցախի Սահմանադրությունը հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք է տալիս: Հաջորդ օրերին ԱՎԿ-ին կրկին չթույլատրեցին բաձրախոս տեղադրել, ցույցը տեղի ունեցավ առանց բարձրախոսի:

Իսկ հուլիսի 17, 18,19-ին ԱՎԿ ցույցերը քաղաքապետարանը արտոնել էր, դրանք տեղի էին ունենում Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում:

Հունիսի 28-ին ԼՂՀ ԱԺ-ն ընդունեց «Հավաքների ազատության մասին» օրենքը:

Հիշեցնենք, որ Արցախի նոր Սահմանադրությունը կսկսի գործել 2020 թվականից, մինչև 2020 թվականը համարվում է անցումային շրջան: Ազգային ժողովը 2017 թվականին (28 կողմ, 4՝ դեմ) Արցախի Հանրապետության նախագահ է ընտրել Բակո Սահակյանին։ Նա կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։

2020-ից հետո Բակո Սահակյանը իրավունք ունի ևս երկու անգամ առաջադրվել, սակայն հունիսի 11-ին Արցախի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտնեց, որ 2020-ին չի առաջադրվելու: Բակո Սահակյանը նախագահ է ընտրվել 2007 թվականին։

Հաջորդ հավաքի կազմակերպիչը «Արցախյան զարթոնք» նախաձեռնությունն էր, որի հավաքները տեղի են ունեցել հուլիսի 7-ին: Այս հավաքի աջակիցը ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Միքայել Արզումանյանն է, ով հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով նշանակվել էր ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ: Հենց հավաքի օրն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեներալ Արզումանյանին հրավիրել էր բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ: Հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: «Արցախյան զարթոնքի» պահանջները նույնն են՝ Բակո Սահակյանի հրաժարականը:

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ արցախցիների հանդիպումը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Վերոնշյալներից առ այսօր այն ամենամեծաթիվ հավաքն էր: Բաբայանն ասաց, որ չի եկել հեղափոխություն անելու, սակայն խոսեց ԱՀ Սահմանադրությունում նախագահի թեկնածուի բնակության կետի պահանջների փոփոխության անհրաժեշտության մասին: Ըստ Սահմանադրության՝ հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող անձը: Ավելի ուշ տեղի ունեցավ հանդիպում Բակո Սահակյանի ու Սամվել Բաբայանի միջև: 168.am-ի հետ զրույցում Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ հանդիպման հիմնական թեման եղել է սահմաններում ստեղծված իրավիճակը։

Be the first to comment on "Ո՛չ ներկա համակարգին. արցախցի բժիշկների բողոքի ակցիան"

Leave a comment

Your email address will not be published.


*