ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
Երեւանի քաղապետ Տարոն Մարգարյանը մոտ 20 օր է՝ հրաժարական է տվել, սակայն քաղաքապետարանի պաշտոնական կայքում նա շարունակում է մնալ ու լինել քաղաքապետ։ Կայքի տեխնիկական սպասարկմամբ զբաղվող պատասխանատուների ձեռքը, փաստորեն, չի գնում շտկումներ անել՝ հեռացնել Մարգարյանի անունն ու լուսանկարը, զետեղել քաղաքապետի ժ/պ-ի տվյալները։

Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, նշենք, Կամո Արեյանն է՝ քաղաքապետի առաջին տեղակալը։ Քաղաքապետը եւս երեք տեղակալ ունի՝ Դավիթ Օհանյան, Վահե Նիկոյան, Արամ Սուքիասյան, ինչպես նաեւ 8 խորհրդական եւ երկու օգնական։

Քաղաքապետարանում, ըստ մեր աղբյուրի, աշխատանքները շարունակվում են նույն ոգով ու եռանդով, ըստ սահմանված ժամանակացույցի, այնպես որ՝ նախկին քաղաքապետի բացակայությունը չի զգացվում։ Օրերս քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ժ/պ-ին է զեկուցվել ընթացիկ ասֆալտապատման, բարեկարգման եւ այլ աշխատանքների մասին, հանձնարարվել է շարունակել հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ։

Նշենք, որ ՀՀԿ-ական, ԵԿՄ վարչության անդամ Արեյանը քաղաքապետարանի հնաբնակներից է, քաղաքապետի պաշտոնակատար նա մեկ անգամ էլ է եղել՝ 10 տարի առաջ՝ 1998-ի փետրվարից մայիս ամիսները, փոխարինել է Վանո Սիրադեղյանին, որին հաջորդեց Սուրեն Աբրահամյանը։ Քաղաքապետի առաջին տեղակալի կարգավիճակում նա աշխատել է Երեւանի նախկին մի քանի քաղաքապետների հետ։ Տ․ Մարգարյանը, նկատենք, ՀՀ երրորդ հանրապետության ամեներկարակյաց քաղաքապետն էր, կառավարել է 2011-ից 2018-ը, Մարգարյանից հետո երկրորդ երկարակյաց քաղաքապետը Երվանդ Զախարյանն է․ պաշոնավարել է 2003-ից 2009-ը։

Be the first to comment on "ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*