Փաշինյանը հանձնարարական տվեց

Փաշինյանը հանձնարարական տվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները: «Պետք է հասկանալ՝ որո՞նք են հնարավոր լուծումները, ի՞նչպես ենք տեսնում այդ լուծումների կիրառումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ միջոցներով եւ գործիքներով»,- նշել է վարչապետը:

Կառավարությունից հայտնում են, որ պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում սեյսմակայունության հետ կապված խնդիրներ ունեցող դպրոցների մասին: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համաձայն՝ ընտրվել են սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելի 46 դպրոցներ, որոնց վերանորոգման ու վերակառուցման համար նախատեսված է 107 մլն դոլար: Այդ միջոցների մի մասը ներգրավվել է Ասիական զարգացման բանկից, իսկ մյուս մասը հատկացնելու է ՀՀ կառավարությունը: Արդեն իսկ սկսվել են 8 դպրոցների շինաշխատանքները, որոնք ավարտվելու են 2019 թվականին: Պատասխանատուները վստահեցրել են, որ արդյունքում ունենալու ենք սեյամակայուն դպրոցներ՝ նախատեսված 9 եւ ավելի բալ ուժգնությամբ աղետների համար. ուսումնական հաստատություններն ունենալու են նաեւ ապաստարաններ: Տեղեկացվել է, որ նշված 46 դպրոցների շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2023 թվականը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը եւ նշել, որ դպրոցների սեյսմակայունության ապահովման խնդրի լիարժեք լուծման նպատակով անհրաժեշտ է համագործակցության ընդլայնման բանակցություններ վարել միջազգային գործընկերների հետ: «Պետք է ծրագրերն իրականացվեն հստակ վերահսկողության ներքո, պետք է մեզ հայտնի շինարարական «ավանդույթների» չկիրառումը հստակ պահպանվի, որովհետեւ դա շատ կարեւոր է արդյունավետությունը բարձրացնելու համար: Անհրաժեշտ է ապահովել, որ մրցույթները լինեն 100 տոկոսով թափանցիկ»,- ընդգծել է վարչապետը:

Be the first to comment on "Փաշինյանը հանձնարարական տվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*