Փորձ է արվում ասել, որ սահմանադրական որոշ հոդվածներ ավելի բարձր են, քան մյուսները. Արամ Օրբելյան

Փորձ է արվում ասել, որ սահմանադրական որոշ հոդվածներ ավելի բարձր են, քան մյուսները. Արամ Օրբելյան
Մենք որեւէ տեղ չենք հայտնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը բացարձակ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Օրբելյանը:

«Մենք մեր ելույթներում, ճառերում, դատավարական փաստաթղթերում, որեւէ տեղ չենք գրել, որ անձեռնմխելիությունը բացարձակ է: Բացարձակ անձեռնմխելիություն ունի գործող նախագահը: Պաշտոնաթող նախագահը ունի ֆունկցիոնալ կամ, ինչպես նշված է, իր կարգավիճակից բխող անձեռնմխելիություն: Փորձ է արվում ցույց տալու, որ եթե անձը կատարել է հանցագործություն, հացագործությունը չի բխում իր կարգավիճակից, ուրեմն նա չունի անձեռնմխելիություն: Չի կարող նման բան գոյություն ունենալ, որովհետեւ անձեռնմխելիությունը կդառնա ուղղակի անիմաստ: Որովհետեւ եթե անձը հանցագործություն չի կատարել, ապա նրա անձեռնմխելիությունը պայմանավորված է մեկ այլ հոդվածով՝ անմեղության կանխավարկած, ոչ մեկ չի կարող պատասխանատվության ենթարկվել առանց մեղքի, եւ նման դեպքերում անձեռնմխելիության ինստիտուտի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ եթե նույնիսկ անձը կատարել է որեւէ հանցագործություն, բայց այդ հանցագործությունը տեղավորվում է պաշտոնական կարգավիճակի մեջ, գործողությունների մեջ, ապա նա պետք է ազատվի պատասխանատվությունից եւ նույնիսկ հետապնդումից»,- ասաց պաշտպանը:

Նա հավելեց, որ Սահմանադրության մեջ որեւէ տեղ գրված չէ մեկ սահմանադրական նորմի գերակայության մասին մեկ այլ նորմի նկատմամբ:

«Փորձ է արվում ասել, որ սահմանադրական որոշ հոդվածներ ավելի բարձր են, քան մյուսները, որը որեւէ կերպ չի բխում Սահմանադրությունից եւ դրա մեկնաբանությունից»,- հայտարարեց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Be the first to comment on "Փորձ է արվում ասել, որ սահմանադրական որոշ հոդվածներ ավելի բարձր են, քան մյուսները. Արամ Օրբելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*