Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը եւս մեկ վերաքննիչ բողոք կներկայացնի

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը եւս մեկ վերաքննիչ բողոք կներկայացնի
Որպես պաշտպանական թիմի նոր անդամ՝ ես նույնպես երկուշաբթի բողոք եմ ներկայացնելու կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նաեւ հերքեց տեղեկությունը, որ երկրորդ նախագահի պաշտպանական կողմի վերաքննիչի բողոքն այսօր է քննվելու:

«Երեկ, կարծում եմ՝ թյուրիմացաբար, ես այդտեղ դիտավորություն չեմ տեսնում, ՀՔԾ պետի կողմից տեղեկատվություն հնչեցվեց, իբրեւ մեր վերաքննիչ բողոքը քննվելու է այսօր՝ օգոստոսի 4-ին: Այդպիսի բան չկա: Առայժմ պաշտոնապես հայտնի չէ, թե ով է քննելու բողոքը եւ, առավել եւս, երբ է քննվելու այն: Մինչեւ բողոքարկման ժամկետը չլրանա, ավելորդ է խոսել այն մասին, թե բողոքը երբ է քննվելու»,- ասաց Հայկ Ալումյանը:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ փաստաբանը նշեց, որ որեւէ հիմք չկա ասելու, որ պաշտպանների վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը եւս մեկ վերաքննիչ բողոք կներկայացնի"

Leave a comment

Your email address will not be published.


*