Հայաստան. կենսաթոշակը շարունակում է նույն մակարդակում մնալ

Հայաստան. կենսաթոշակը շարունակում է նույն մակարդակում մնալ
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 40.195.7 դրամ: Նշենք, որ անցյալ տարվա վերջին այս ցուցանիշը նույնիսկ մի փոքր ավելի էր` 40.296.1 դրամ: Այստեղ, իհարկե, ազդեցություն է ունեցել կենսաթոշակառուների կոնտինգենտի կառուցվածքային փոփոխությունները: Խնդիրը միայն նրանում է, որ ընդհանուր առմամբ կենսաթոշակի միջին չափը մնացել է նույն մակարդակի վրա:

Ինչպես եւ աշխատավարձերի դեպքում, կենսաթոշակների հարցում զարգացած երկրների ցուցանիշների հետ ահռելի տարբերություն կա: Հետեւաբար համեմատությունները կանցկացնենք ԱՊՀ-ի եւ ԵՏՄ-ի առաջատար երկրի՝ Ռուսաստանի հետ:

Երկու երկրների տնտեսությունների ծավալներն, իհարկե, համեմատելի չեն: Թեեւ Ռուսաստանում կենսաթոշակային ոլորտում որոշ ցուցանիշներն ավելի վատ են, քան Հայաստանում:

Այսպիսով, մենք ունենք ավելի քիչ քան 0.5 միլիոն թոշակառու, եւ նրանց ընդհանուր թվաքանակը բնակչության մեջ կազմում է 16 տոկոս (ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ): Ռուսաստանում կենսաթոշակառուները երկու անգամ շատ են՝ մոտ 46 մլն, իսկ բնակչության մեջ նրանց տեսակարար կշիռը գերազանցում է 31 տոկոսը (2017 թվականի տվյալներ):

Ռուսաստանում այս տարվա հունիսին նշանակված կենսաթոշակների միջին չափը կազմել է 13,339 ռուբլի: Այս գումարը դրամի կամ դոլարի վերածելը սխալ եզրակացությունների կհանգեցնի, քանի որ ռուսական ռուբլին վերջին տարիներին լրջորեն թուլացել է ԱՄՆ դոլարի (հետեւաբար՝ հայկական դրամի) նկատմամբ, մինչդեռ կենսաթոշակները մնացել են նույն մակարդակի վրա:

Ավելի օբյեկտիվ է դիտարկել միջին կենսաթոշակների գնողունակությունը սննդամթերքի սահմանված նվազագույն ընտրանու նկատմամբ: Այս ցուցանիշը Ռուսաստանում, հունիսի վերջի դրությամբ, կազմել է ավելի քան 4060 ռուբլի, ինչը գրեթե 3.3 անգամ պակաս է միջին կենսաթոշակի չափից: Այսինքն, ռուս թոշակառուն կարող է ձեռք բերել ավելի քան երեք նման սննդամթերք: Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանում մթերքների հավաքածուն որակապես ավելի լավն է մեր նվազագույն սպառողական զամբյուղից:

Կենդանական ծագման (միս, ձուկ եւ այլն) արժեքավոր սննդամթերքի ռուսական սպառման նորմերը զգալիորեն ավելի բարձր են, քան մեր հավաքածուում: Այս ապրանքները ավելի թանկ են, քան հացը եւ հացամթերքը, որոնք մեր մթերային զամբյուղի հավաքածուի էներգետիկայում գերակշիռ հատված են զբաղեցնում: Պարզ ասած, մեր հավաքածուն ավելի էժան է, քան Ռուսաստանինը, եւ այդ նորմայով ապրելու փորձերը կարող են ճակատագրական ավարտ ունենալ: Չնայած այս հանգամանքին, միջին կենսաթոշակի նկատմամբ հարաբերակցության առումով մեզ մոտ իրավիճակը ավելի վատ է:

«Միջին» կենսաթոշակը միայն 1.6 անգամ է գերազանցում այս տարվա երկրորդ եռամսյակի զամբյուղի մթերքների արժեքը: Եթե կենսաթոշակի չափը համեմատենք մեծահասակի համար զամբյուղի մթերքների հետ, ապա այդ հարաբերակցությունը նվազում է մինչեւ 1.4 անգամ: Հավելենք, որ միջին կենսաթոշակը 5 հազար դրամով զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, եւ 10 հազար դրամով՝ հասուն մարդու համար «զամբյուղի» արժեքին:

Նման իրավիճակի պատճառները բոլորին են հայտնի: Երկրում ցածր միջին աշխատավարձ, բառացիորեն աղետալի հարաբերակցություն կենսաթոշակառուների եւ զբաղվածների միջեւ (որոնցից պահվում է կենսաթոշակային վճարը): Սակայն, միաժամանակ, մեր բազմաթիվ քաղաքացիներ արտերկրում են աշխատում: Մասնավորապես, Հայաստանից հարյուր հազարավոր միգրանտներ Ռուսաստանում են: Եթե նրանք օրինական գրանցված են, ապա գործատուն Ռուսաստանի Կենսաթոշակային հիմնադրամ փոխանցումներ է կատարում: Այդպիսով մեր աշխատանքային միգրանտներն իրենց ներդրումն են ունենում Ռուսաստանի Կենսաթոշակային հիմնադրամում:

Ռուսաստանում ապագա կենսաթոշակի իրավունքն ունեն այն աշխատանքային միգրանտները, որոնք այդ երկրում աշխատում են աշխատանքային պայմանագրով, բնակության թույլտվություն ունեն, ինչպես նաեւ որոշակի աշխատանքային ստաժ (գումարած` այսպես կոչված կենսաթոշակային միավորները): Մեր միգրանտը կարող է «ռուսական» կենսաթոշակը ստանալ նաեւ Հայաստանում: Առաջին հայացքից, սխեման կարծես պարզ է: Սակայն, իրականում, չեն բացառվում տարբեր տեսակի խոչընդոտներ:

Պարզ է, որ մեր սեզոնային աշխատողների համար Հայաստանում զբաղվածության խնդիրը դժվար է առաջիկայում լուծել: Մենք տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի կարիք ունենք, այդ թվում, այնպիսիք, որոնք աշխատանքի բարձր որակավորում չեն պահանջում: Մինչդեռ ժամանակը գնում է, եւ շարունակվող գնաճը (հունվար-հունիս ամիսներին`2.4 տոկոս) անշեղորեն նվազեցնում է իրական կենսաթոշակը:

Be the first to comment on "Հայաստան. կենսաթոշակը շարունակում է նույն մակարդակում մնալ"

Leave a comment

Your email address will not be published.


*