Եթե ընտանիքում սնկային հիվանդություն ունեցող մարդ կա

Եթե ընտանիքում սնկային հիվանդություն ունեցող մարդ կա

Սնկերը՝ դերմատոֆիտները, սնվում են կերատինով, որից կառուցված են մաշկը և մազերը: Սնկերը տարալուծում են կերատինը ֆերմենտների օգնությամբ, ինչի հաշվին դրանք կարող են շատ երկար ապրել մաշկի տակ` հատկապես եղունգների մեջ:

Վարակի հիմնական աղբյուրներից են հասարակական օգտագործման վայրերը՝ շոգեբաղնիքները, բաղնիքները, սպորտ սրահները, լոգախցիկները, բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ հանում են իրենց կոշիկները և կարող են պատահաբար կանգնել սնկային անտեսանելի թեփիկների վրա:

Բոլոր վարակների շուրջ 1/3 մասը ձեռք է բերվում ոչ թե հասարակական օգտագործման վայրերում, այլ սեփական ընտանիքում:

Այդ իսկ պատճառով, եթե ընտանիքում սնկային հիվանդություն ունեցող մարդ կա, ապա հիգիենայի կանոններին չհետևելու և հիգիենայի անհատական օգտագործման պարագաների բացակայության դեպքում, ընտանիքի մյուս անդամները նույպես կարող են վարակվել:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ, այդ թվում և վարակակիրը, պետք է ունենա եղունգների խնամքի անհատական պարագաներ, անձնական օգտագործման հողաթափեր և սրբիչ: Ցանկալի է կիրառել հատուկ ուլտրամանուշակագույն ճառագայթման բժշկական սարքեր կոշիկի խնամքի համար, որը կործանարար ազդեցություն է ունենում սնկային վարակի վրա:

Եղունգների սնկային վարակները արտաքին բուժման չեն ենթարկվում: Գոյություն չունեն այնպիսի քսուքներ և նրբաքսուքներ, որոնք ամբողջապես կհեռացնեն ոտքի մատների եղունգների սնկային վարակը: Պարզելու համար, թե եղունգները սնկի ինչ տեսակով են վարակված, ինչպիսին է դրա զգայունակությունը դեղորայքի հանդեպ, անհրաժեշտ է դիմել մաշկաբանի, ով համապատասխան բուժում կնշանակի:

Մարդիկ հիմանկանում բժշկին դիմում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է հակասնկային դեղորայքի բազմազան տեսականի, սակայն դրանք պետք է նշանակված լինեն բժշկի կողմից:

Եղունգների սնկային հիվանդությունները վարակիչ են, և բուժվում են միայն մեկ մեթոդով` հակասնկային միջոցներով, հակամիկոտիկներով: Այս նյութերը թափանցում են սնկի բջիջ և կամ քայքայում են դրա թաղանթը, կամ դադարեցնում են այն նյութերի սինթեզը, որոնցից կառուցվում է թաղանթը: Այս կերպ սնկային վարակը ոչնչանում է, իսկ եղունգները սկսում են առողջ աճել: Սնկային վարակի բուժումը երկարատև գործընթաց է: Բուժումը պետք է անց կացվի միայն բժշկի նշանակմամբ և նրա վերահսկողության ներքո:

Be the first to comment on "Եթե ընտանիքում սնկային հիվանդություն ունեցող մարդ կա"

Leave a comment

Your email address will not be published.


*