Յուրաքանչյուր երրորդ անհաս երեխան շարժողական խանգարումներ ունի. հետազոտություն

Յուրաքանչյուր երրորդ անհաս երեխան շարժողական խանգարումներ ունի. հետազոտություն

Գրեթե յուրաքանչյուր երրորդ երեխան, որը խորը անհաս է ծնվել եւ շատ փոքր քաշով, ունի մանկական ուղեղային կաթված կամ շարժողական այլ խանգարումներ, որոնք նրան խանգարում են անել այն, ինչ անում են մյուս երեխաները, օրինակ՝ հեծանիվ վարել կամ պատառաքաղն օգտագործել: Այսպիսի եզրակացության են հանգել Մերդոկի Մանկական հետազոտական ինստիտուտի եւ Մելբուրնի համալսարանի հետազոտողները:

Նրանք վերլուծել են գրեթե 1200 երեխաների տվյալները, որոնք 1991-1992, 1997 եւ 2005 թվականներին ծնվել են մինչեւ 28-շաբաթական հղիությունը եւ կշռել են 1000 գրամից պակաս: Պարզվել է, որ երեխաների երրորդ մասից ավելիի մոտ առկա էր մանկական ուղեղային կաթված կամ շարժողական այլ խանգարումներ:

Հղիությունը սովորաբար 40 շաբաթ է տեւում: 37-շաբաթական հղիությունից հետո ծնված երեխաները անհաս են համարվում: Գիտնականների խոսքով՝ խորը անհաս եւ շատ փոքր քաշով ծնված երեխաների թիվը, որոնց հաջողվել է ապրել մինչեւ 8 տարեկան, հետազոտության սկզբում 54 տոկոսից հետազոտության վերջում մեծացել է մինչեւ 64 տոկոս՝ բժշկության մեջ առաջընթացի շնորհիվ: Սակայն այսպիսի երեխաների շրջանում շարժողական խանգարումների տարածվությունը նույնպես աճել է:

Այսպես՝ հետազոտության սկզբում 8 տարեկանի շեմին ժամկետից շատ վաղ եւ 1000 գրամից պակաս քաշով ծնված երեխաների 23 տոկոսի մոտ առկա էր մանկական ուղեղային կաթված եւ շարժողական այլ խանգարումներ, իսկ վերջում՝ 37 տոկոսի մոտ: Մասնագետները նշում են, որ համեմատվող խմբում նույնպես շարժողական խանագարումները սկսել են ավելի հաճախ հանդիպել: Դրանք եղել են այս խմբի երեխաների 2 տոկոսի մոտ հետազոտության սկզբում եւ 7 տոկոսի մոտ՝ վերջում: Գիտնականների խոսքով՝ կարելի է եզրակացնել, որ շարժողական խանգարումների աճը անհաս երեխաների վերապրելիության հետեւանք չէ:

Be the first to comment on "Յուրաքանչյուր երրորդ անհաս երեխան շարժողական խանգարումներ ունի. հետազոտություն"

Leave a comment

Your email address will not be published.


*