Կախվածություն. 5 ֆիլմ

Կախվածություն. 5 ֆիլմ

Ասում են` Աստծո օրհնանք է, եթե կարող եք որևէ մեկին կամ որևէ բան կյանքից առավել սիրել: Բայց այդ օրհնանքը կարող է միանգամից անեծքի վերածվել, եթե սերը հատի ու անցնի բոլոր սահմանները:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում կախվածության մասին 5 գեղեցիկ և տպավորիչ ֆիլմ, որոնք կարող են ձեզ շատ հարցերի շուրջ մտածելու առիթ տալ:

1. Ճակատագրական գայթակղություն//Fatal Attraction

1987 թ. Էդրիան Լայնի «Ճակատագրական գայթակղություն» ֆիլմը կախվածության մասին ամենահայտնի ֆիլմերից մեկն է:
Ֆիլմի գլխավոր դերերում են Մայքլ Դուգլասը և Գլեն Քլոուզը:
Հաջողակ իրավաբան Դեն Գալագերը ընտանիքի հայր է և սիրելի ամուսին: Նրա կյանքը նման է երազի. նա սիրում է կնոջը, հոգ տանում երեխայի մասին, հաջողակ է և գրավիչ: Սակայն մի գեղեցիկ օր ամեն բան փոխվում է: Դենը հանդիպում է Ալեքս Ֆորեսթին՝ ճակատագրական կնոջը, ով նրան միանգամից գրավում է և գայթակղում:
Երբ Դենի ընտանիքը տնից մի քանի օրով բացակայում է, տղամարդն իրեն ազատությանն է նվիրում և միանգամից ընկնում Ալեքսի գիրկը: Նրանք կտրվում են արտաքին աշխարհից և ընկնում մեկ այլ աշխարհ: Սակայն, երբ ժամանակն ավարտվում է ու Դենը վերադառնում է ընտանիքի մոտ՝ Ալեքսի մեջ արթնանում են ներքին դևերն ու հետապնդում Դենին: Կինը նրան հանգիստ չի տալիս. թվում է, թե կարճ ժամանակ տևած սիրավեպը շատ շուտ պետք է իր տրամաբանական ավարտին մոտենար, բայց արի ու տես, որ՝ ոչ:
Օսկարի 6 նոմինացիաներում առաջադրված, բայց չհաղթած այս ֆիլմը համարվում է կինոյի ամենավառ ու տպավորիչ գործերից մեկը:

2. Նա սիրում է ինձ, նա ինձ չի սիրում//À la folie… pas du tout, 2002
Լետիցիա Կոլոմբանիի «Նա ինձ սիրում է, նա ինձ չի սիրում» ֆիլմը Բորդոյում ապրող գեղեցիկ աղջնակ Անջելիկայի մասին է: Նա սովորում է, և աշխատում, և նա երջանիկ է. դե, համենայնդեպս, մինչև նրա հոգեկան անդորրի խառնվելը:
Անջելիկան սիրահարված է բժիշկ Լոիկ Լե Գարեկին, ով ցավոք՝ ամուսնացած է: Բայց տղամարդու ամուսնացած լինելը ոչնչով նրան չի խանգարում. նա ցանկանում է նրա կողքին լինել: Գարեկի կյանքը սկսում է կամաց-կամաց փլուզվել՝ խաղաքարտերի տան պես:
Ֆիլմի գլխավոր դերերում են Իզաբել Կարրեն, Սամուել լե Բյանը և Օդրի Տոտուն:

Նա խելագարի պե՞ս է սիրում, թե՞ ուղղակի խելագար:

3. Կախվածություն//Obsessed, 2009
2009 թ. էկրաններ է բարձրանում Սթիվ Շիլի «Ամեն բան արդարացված է, եթե սերը պատերազմ է» սլոգանով «Կախվածություն» ֆիլմը:
Ֆիլմի գլխավոր դերերում են երգչուհի Բեյոնսեն, Իդրիս Էլբան և Էլի Լարտերը:
ֆինանսիստ Դերեկը ամուսնացած է և ունի գեղեցկուհի կին, բացի այդ, նա հաջողակ և շատ գնահատված աշխատակից է: Մի օր նրա մոտ աշխատանքի է ընդունվում գեղեցիկ շիկահեր մի կին, ով միանգամից տարվում է նրանով, և այդ օրվանից Դերեկը նոր աշխատակցուհու զոհն է դառնում. աղջիկը հետապնդում է նրան ու կնոջը և սպառնում, որ կվնասի, եթե Դերեկն իրեն լքի:
2010 թ. “MTV” մրցանակաբաշխությանը ֆիլմը հաղթել է «Լավագույն ծեծկրտուք» անվանակարգում:

4. Կորածը աղջիկը//Gone Girl, 2014
2014 թ. էկրաններ է բարձրանում Դեյվիդ Ֆինչերի «Կորած աղջիկը» ֆիլմը՝ գեղեցկուհի Ռոզամունդ Փայքի և Բեն Աֆլեքի մասնակցությամբ:
Ֆիլմի հիմքում է Գիլիան Ֆլինի համանուն ստեղծագործությունը:
Ֆիլմի կենտրոնում է Նիկ և Էմի Դան ամուսնական զույգը: Նրանք առաջին հայացքից երջանիկ են. գեղեցիկ տուն, սիրող ամուսիններ, նրանց կյանքը նման է հեքիաթներում պատկերված գեղեցիկ արքայադստեր ու արքայազնի կյանքին:
Ամուսնության 5-րդ տարելիցը նրանք պատրաստվում էին նշել մեծ շուքով, բայց հենց այդ օրը կինն անհետանում է: Տանը խառնաշփոթ է, հատակին արյան հետքեր: Ի՞նչ է պատահել. իրականում ոչ ոք չգիտի, բայց մարդիկ սկսում են կասկածել հենց Նիկին: Հայտնվում է դետեկտիվ Ռոնդա Բոնին, ով լրջորեն սկսում է զբաղվել այս աղմկահարույց գործով: Վերջում ճշմարտությունը ջրի երես դուրս կգա, և բարին կհաղթի չարին:
2015 թ. Ռոզամունդ Փայքը նոմինացվել է Օսկարի՝ «Լավագույն կին դերասանուհի» անվանակարգում, բայց ցավոք չի հաղթել:
5. Անմոռանալի//Unforgettable, 2017
Դերասանուհի Քեթրին Հայգլին բոլորս գիտենք կատագերգություններից, բայց այս անգամ նա մարմնավորում է իսկական ճակատագրական ու անմոռանալի կնոջ: Տեսան բաժանվել է ամուսնուց և այժմ ամուսնու կողքին է Ջուլիան՝ գեղեցիկ ու հաջողակ մի կին, ով հոգ է տանում նաև նրա դստեր մասին:
Տեսան չի կարողանում համակերպվել այդ ամենի հետ: Նա ամեն կերպ փորձում է խանգարել նրանց և ամուսնուն Ջուլիայի դեմ տրամադրել, նա նույնիսկ պատրաստ է սպանել Դեյվիդին, միայն թե նա ուրիշ կնոջ հետ չլինի:
Արյունոտ ու դաժան պատմությունը չարի վերջի մասին է և նաև այն մասին, որ ուրիշին թակարդ փորողը վաղ թե ուշ ինքն է այդ թակարդի մեջ հայտնվելու:
Դերերում են Քեթրին Հայգլը, Ռոսարիո Դոուսոնը և Ջոֆ Ստուլցը:
Այս ֆիլմը ռեժիսոր Դենիս Դի Նովիի դեբյուտային ֆիլմ է:

Be the first to comment on "Կախվածություն. 5 ֆիլմ"

Leave a comment

Your email address will not be published.


*