Հանրային ռադիո. մենք սպասարկում ենք հանրային շահեր

Հանրային ռադիո. մենք սպասարկում ենք հանրային շահեր
90-ամյա Հանրային ռադիոյում բարեփոխումների փուլ է մեկնարկել: Արդեն երկու տարի է, ինչ ունկնդիրներին այն ներկայանում է լրատվական-վերլուծական ձևաչափով, որի առանցքն է հանրային, հասարակական հնչեղություն ունեցող հարցերի համակողմանի, բազմակարծիք քննարկումը՝ ուղիղ եթերում, փորձագետների, վերլուծաբանների, ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Այսօրվա եթերի մասնակիցներն են ոչ միայն հաղորդավարներն ու նրանց հյուրերը, այլև հենց ինքը՝ ունկնդիրը, ով ուղիղ զանգերի միջոցով հնարավորություն ունի ոչ միայն հարց ուղղել մասնագետին, այլև մասնակցել փորձագիտական քննարկմանը:

Հաղորդումների հարստացած ցանկում ընդգրկված թեմաների շառավիղը ավելի քան լայն է. սոցիալական, կրթական, հոգեբանական, բժշկական թեմաներից մինչև քաղաքական, իրավական և այլն: Եթերում հնչող հարցադրումները՝ սուր, դիպուկ և յուրաքանչյուր քաղաքացուն մտահոգող: Այսօրվա Հանրային ռադիոյի բազմաթիվ հաղորդավարներին շատերս ենք ճանաչում՝ ամենատարբեր ոլորտներից:

Նրանցից մեկը՝ Օհայոյի պետական համալսարանում միջազգայնագետի և քաղաքագետի կոչումը ստացած Գևորգ Մելիքյանը, վերադառնալով Հայաստան, սկսեց իր աշխատանքը նաև ռադիոոլորտում։ Դեռ 2011 թ.- ին եթեր հեռարձակվեց «Ստատուս քվո» վերլուծական հաղորդաշարը, որը անդրադառնում է Հայաստանի արտաքին և ներքաղաքական հարցերին, ժողովրդավարությանն առնչվող խնդիրներին, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքներին, և այլն: Արդեն 2016 թ.- ի ապրիլի 2-ից այս հաղորդումը եթեր է հեռարձակվում Հանրային ռադիոյով. Հաղորդումը ուղիղ եթեր է հեռարձակվում ու ռադիոլսողը անմիջական մասնակից է դառնում այդ ծրագրին։ Ռադիոլսողը շատ հաճախ հենց տվյալ ոլորտի պատասխանատուից է ստանում իրեն հուզող հարցի պատասխանը, բանավիճում հյուրի ու վարողի հետ: Այսինքն՝ հաղորդումը ստեղծել է մի հարթակ, որտեղ մարդիկ կարող են իրենց մտքերն արտահայտել ազատորեն, չկաշկանդվեն ու լինեն առավել անկեղծ։

«Սա մի հաղորդում է, որտեղ իմ փորձառությունս ու հմտություններս կներդնեմ և հարթակը կծառայի փորձագիտական կարծիքները վեր հանելու, մասնագետների տեսակետները այս համ այն հարցի վերաբերյալ հանրայնացնելու համար», — ասում է Գևորգը ու հավելում՝ այսօր ունենք մի հաղորդաշար, որը շատերի համար սպասելի է, նրանք այդ ժամին այլ ռադիոընկերությունների ալիքը փոխում են ու լսում են Հանրային ռադիո:

Ուղիղ եթեր հեռարձակվող հաղորդումը քննարկում է տարբեր հարցեր, արգելված թեմա չկա։ Տաղավարում հյուրընկալվում են իշխանական թևի ներկայացուցիչներից մինչեւ արմատական ընդդիմադիր գործիչներ։ Իսկ եթերում հնչում են քննադատություններ, թեժ բանավեճեր: Գևորգն ասում է, որ հենց այդ հաղորդման միջոցով ցանկանում են կոտրել կարծրատիպերը, կա մի հարթակ, որտեղ մարդիկ կարող են ստանալ հավաստի տեղեկատվություն, կա հետադարձ կապ ռադիոլսողի հետ, ռադիոն եւ ունկնդիրը երկկողմանի ճանապարհն անցնում են միասին:

«Մենք միասին փորձում ենք կառուցել մեր քննարկումը, սակայն մեր նպատակը մեկն է՝ եթերում պետք է հնչեն որակյալ վերլուծություններ, չպետք է տրվել պոպուլիզմին, հագուրդ չտան այս կամ այն կողմի տրամադրությանը: Ունկընդրի մոտ պետք է վստահություն ձեռք բերել, իսկ Հանրային ռադիոն իրեն դիրքավորեց հենց այդպիսին: Չվախեցավ, չնահանջեց ու վստահեց ինձ»,- ասում է Գևորգը:

Նա նշում է, որ գրեթե բոլոր հաղորդումներին ռադիոլսողները մեծ ակտիվություն են ցուցաբերում, բայց հեռախոսն առավել քան եռում է, երբ թեմաները վերաբերվում է իրենց ու ներքին քաղաքականությանը:

«Մեր հաղորդումներում շեշտը ավելի քան արտաքին քաղաքականության վրա է դրվում, ես փորձում եմ այնպես անել, որ հետաքրքրի նաև այդ ոլորտը: Շատ կարևոր է, որ ռադիոլսողը զգա հեղինակի անկեղծությունը: Հաճախ եմ հիշեցնում, որ այս քննարկումը մեզ համար չէ, այլ՝ ձեր: Շատ կարևոր է, երբ ռադիոլսողը իր հարցի պատասխանը ստանում է հենց բանախոսից։ Մենք որևէ կողմ չենք պահում եթերում: Վիրավորանքներն ու պիտակավորումները իսպառ բացակայում են: Կարճ ասած մենք եթերում միտինգ չենք անումերից»,- եզրափակում է զրույցը «Ստատուս քվո»-ի հեղինակ Գևորգ Մելիքյանը:

Կարելի է ասել, որ Հանրային ռադիոն այսօր հանդիսանում է այն հարթակը, որտեղ չկա սիրողականություն, պոպուլիզմ, կողմնապահություն կամ գրաքննություն: Իսկ եթերային անձնակազմի կարգախոսն է՝ մենք սպասարկում ենք միայն հանրային շահեր:

Be the first to comment on "Հանրային ռադիո. մենք սպասարկում ենք հանրային շահեր"

Leave a comment

Your email address will not be published.


*