Ֆինանսական խնդիրներն Արման Սահակյանին ստիպել են դիմել ծայրահեղ քայլի

Ֆինանսական խնդիրներն Արման Սահակյանին ստիպել են դիմել ծայրահեղ քայլի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գործերն այնքան էլ լավ չեն: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա վաճառել է Աջափնյակ վարչական տարածքում գտնվող «Դոլչե» ՍՊԸ-ն, ընդ որում, այն վաճառել է ԱԺ վերջին ընտրություններում թիվ 2-րդ ընտրատարածքում իր մրցակից, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին: Նշենք, որ ԱԺ վերջին ընտրություններում Արման Սահակյանը ստացել էր 18.5 հազար ձայն, Արտակ Սարգսյանը` 12 հազար քվե: Բայց հետո Արման Սահակյանը հրաժարվեց իր մանդատից` նախընտրելով աշխատանքը գործադիրում: Մեկ փաստ էլ. ենթադրվում է, որ նրա ֆինանսական խնդիրները հենց ընտրությունների պատճառով են ստեղծվել: Եվ այսպես` դեռեւս 2017 թվականի մարտին ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելուց հետո ներկայացրել էր իր դրամական միջոցները: Մասնավորապես վերջինս գրել էր, որ ունի երկու բնակարան Երեւանում, մեկ խանութ, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ հողամաս եւ 2011 թվականի արտադրության «Toyota Camry 2.5 Gas» մակնիշի ավտոմեքենա: Արման Սահակյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել էին 200 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել էր իր աշխատավարձը, որը տարեկան կազմել էր 7 մլն 653 հազար դրամ: Բացի այս՝նա 50 մլն դրամի շահաբաժին ստացել էր «Արդինիստուդիա» ընկերությունից, 9 մլն դրամ՝«Սա-Դա տրանս»-ից: Նա «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար է ստացել, «Արմինաշող» ընկերությունից՝7.2 մլն դրամ, իսկ «Ալֆաֆարմ» ընկերությանը իր տարածքը վարձակալությամբ տալով` 1.8 մլն դրամ: Սակայն նկատենք, որ մեկ տարի անց վերջինիս գործունեության շուրջ հետընթաց է նկատվում: Բանն այն է, որ Աջափնյակ վարչական շրջանում «Դոլչե» ՍՊԸ-ն զբաղվում էր ծննդյան տոնակատարություններ կազմակերպելու գործունեւթյամբ: Ավելին` ուշագրավն այն է, որ «Դոլչե» զվարճանքի կենտրոնի գործունեությունը բավականին ակտիվ կերպով գովազդվում էր երթուղային տաքսիներում: Մասնավորապես գովազդի ակտիվ գործունեությամբ էր զբաղված 57 համարի երթուղայինը, որը, ըստ Աջափնյակում տարածված լուրերի, պատկանում է Սահակյաններին: Ինչեւէ: Ուսումնասիրելով Արման Սահակյանի դրամական միջոցները` նկատել էինք, որ նա «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար է ստացել, սակայն ինչ-ինչ հանգամանքներում այսօր նա որոշել է վաճառել իրեն պատկանող ընկերությունը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին` ՍԱՍ-ի Արտակին, եւ վերջինս էլ հիմնահատակ քանդելով տարածքը` որոշել է այնտեղ «ՍԱՍ» սուպերմարկետ կառուցել: Ի դեպ, այս օրերին կառուցման գործընթացը բավականին ակտիվ կերպով է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթը Արման Սահակյանից փորձեց անձամբ հետաքրքրվել, թե ֆինանսական խնդիրներ ունի՞, որ իրեն պատկանող տարածքը վաճառել է Արտակ Սարգսյանին: Ավելին` դեռեւս այս տարվա մարտի 28-ին վերջինս լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե տնտեսությունը օլիգարխիայի ձեռքում է, ասել է, որ այդ կարծիքին չէ` միեւնույն ժամանակ նշելով, որ ամբողջ աշխարհում է այդպես ընդունված. հարուստներն են տնտեսությունը զարգացնում եւ աշխատատեղեր ստեղծում: Չի բացառվում` վերջինս հասկանալով, որ իրեն պատկանող տարածքը վարձակալության հանձնելով` չի կարող տնտեսություն զարգացնել, որոշել է այն վաճառել ՍԱՍ-ի Արտակին: -Պարո՛ն Սահակյան, ֆինանսական խնդիրներ ունե՞ք: -Շտապում եմ, շատ-շատ շտապում եմ: -Տեղեկություններ կան, որ Դուք ֆինանսական խնդիրների մեջ եք: -Ո՛չ, ո՛չ: -Այդ դեպքում ինչո՞ւ եք վաճառել Աջափնյակ վարչական շրջանում Ձեզ պատկանող «Դոլչե» ՍՊԸ զվարճանքների կենտրոնը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին, ու նա այնտեղ սուպերմարկետ է կառուցում: Դուք դեռեւս 2017 թվականին Ձեր դրամական միջոցներում նշել էինք, որ տարվա մեջ «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար եք ստացել, այսինքն` ամսական Ձեզ վարձակալության վճար են տվել մոտ 450 հազար դրամ, որից հիմա զրկվեցիք: Ինչպե՞ս կբացատրեք: -Իսկ ո՞վ է ասել, որ ես տվել եմ, որ սարքեն: -Հիմա կոնկրետ ընկերության շենքը ամբողջությամբ քանդել են, որը Ձեզ էր պատկանում, եւ Արտակ Սարգսյանը սուպերմարկետ է սարքում, այդպես չէ՞, ի՞նչ խնդիրներ ունեիք, որ վաճառեցիք այն ու ինչքանո՞վ վաճառեցիք: -Ես ոչ մի խնդիր չունեմ: -Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցիք վաճառել: -Վաճառքի խնդիր էլ չկա: -Հիմա կոկրետ ուզում ենք հասկանալ` Ձեզ պատկանող ընկերությունը չե՞ք վաճառել: -Խնդրում եմ` թույլ տվեք գնամ: Ըստ էության Արման Սահակյանը չհերքեց, որ ընկերությունը վաճառել է, սակայն զարմանալի է, որ այդպես էլ չխոստովանեց, թե ֆինանսական խնդիրներն են ստիպել նրան գնալ այդ քայլին, թե՞ Արտակ Սարգսյանն է տարածքի վրա աչք ունեցել եւ կարողացել է բանակցությունների արդյունքում այն ձեռք բերել:

Be the first to comment on "Ֆինանսական խնդիրներն Արման Սահակյանին ստիպել են դիմել ծայրահեղ քայլի"

Leave a comment

Your email address will not be published.


*