«Լույս» հիմնադրամի շրջանավարտների բաց նամակը Սերժ Սարգսյանին

«Լույս» հիմնադրամի շրջանավարտների բաց նամակը Սերժ Սարգսյանին

«Լույս» հիմնադրամի 61 շրջանավարտներ բաց նամակ են հղել վարչապետ Սերժ Սարգսյանին։ «Լույս» հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Հիշեցնենք, որ «Լույսը» հիմնադրել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիմնադրամը կրթաթոշակ է հատկացնում աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողներին։ Ստորեւ ներկայացնում ենք նամակը․

«Հայաստանի Հանրապետության Երրորդ նախագահ` պարոն Սերժ Սարգսյանին

Ինչպես գիտեք, մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ փողոց դուրս եկած երիտասարդները կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է:

Դուք նաև գիտեք, որ մենք` ներքոստորագրյալներս, որպես Լույս հիմնադրամի կրթաթոշակառուներ բազմաթիվ առիթներ ենք ունեցել միմյանց հայտնելու Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ երազանքներ, տեսլականներ ու ծրագրեր: Այս հարցում մեր տեսակետները չեն տարբերվել առ այն, որ մենք և Դուք բազմիցս բարձրաձայնել ենք, Հայաստանի պայծառ ապագա կառուցելու մեր տրամադրվածությունն ու վճռականությունը և այդ հարցում բոլորիս ջանքերի համադրման կարևորությունը: Եվ այս ճանապարհին Դուք և մենք կրկին բարձրաձայնել և կարևորել ենք ժողովրդավարության և բազմավարության դերն ու նշանակությունը:

Սակայն այսօր մենք անհանգստացած և մտահոգ ենք, քանի որ ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից: Այսպես ենք կարծում, քանի որ իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է: Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում, իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները:

Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում, չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում:

Միաժամանակ, մեր համակրանքն ենք հայտնում ցուցարար ուսանողներին և հորդորում ենք ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելուց, իսկ ՀՀ ոստիկանությանը` ուժ չկիրառել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների նկատմամբ: Նրանք և մենք բոլորս պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար»:

Be the first to comment on "«Լույս» հիմնադրամի շրջանավարտների բաց նամակը Սերժ Սարգսյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*