Հանցագործին բռնելիս ոստիկանությանն աջակցած քաղաքացիները պարգեւատրվել են մեդալով

Հանցագործին բռնելիս ոստիկանությանն աջակցած քաղաքացիները պարգեւատրվել են մեդալով
Մայիսի 3-ին HSBC բանկի’ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս զոհվեց Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախություն եւ անձնազոհություն ցուցաբերելու համար Արա Շախգուլյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետմահու պարգեւատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:

Ավազակային հարձակման ժամանակ խիզախություն եւ անձնազոհություն ցուցաբերելու համար, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Ոստիկանության պետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգեւատրվել է նաեւ «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Արամ Մկրտչյանը, ում հրազենային վնասվածք էր պատճառել հանցագործը։
Հանցագործին վնասազերծելու ժամանակ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ Վաղինակ Սարգսյանը ոստիկանության պետի հրամանով, պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

Կարեւորելով հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում քաղաքացիների համագործակցությունը, ոստիկանության ծառայողներին ցուցաբերած աջակցությունը` հանցագործին բռնելիս ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերին աջակցած քաղաքացիներ Տիգրան Ալավերդյանն ու Հրաչյա Մեժլումյանը, ոստիկանության պետի հրամանով, պարգեւատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Be the first to comment on "Հանցագործին բռնելիս ոստիկանությանն աջակցած քաղաքացիները պարգեւատրվել են մեդալով"

Leave a comment

Your email address will not be published.


*