ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼԻՆԵԼՆ ԻՆՁ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ. ՍԱՀԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼԻՆԵԼՆ ԻՆՁ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ. ՍԱՀԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Երեկ անդրադարձել էինք, որ Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատման ծանուցագիր է ներկայացրել:

ՀՀԿ –ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, պատրաստվում է ռեկտորի որոշումը վիճարկել դատարանում: Ամիսներ առաջ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել էր ևս երկու դասախոսների, որը աղմուկի պատճառ դարձավ, ուսանողները տևական ժամանակ դասադուլ հայտարարեցին:

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով այսօր մի «թավշյա հեղափոխություն» էլ իրականացնել նաև ՇՊՀ-ում՝ պաշտոնաթող անել Հանրապետական ռեկտորին: Մինչ այդ hraparak.am-ին հաջողվեց զրուցել ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ:

Պրոռեկտորին, ինչպես նաև երկու դասախոսներին աշխատանքից ազատելու հանգամանքը նա հետևյալ ձևով պարզաբանեց. «Այս տարի ու կես է՝ այդ երեքը, սկզբում ընդհատակ ձևով, հետո արդեն բացահայտ ձևով վարկաբեկում են բուհը, ինձ: Պատճառը աթոռակռիվն է, որովհետև ինքը Ֆարմանյան Սամվելի քույրն է, պիտի դառնա ռեկտոր,հաստիքների կրճատում է եղել, կրճատվել է, թող գնա դատարանում բողոքարկի»:

Անդրադառնալով հեղափոխությանն ու բուհերի ապաքաղաքականացման գործընթացին, որ այլևս ոչ մի կուսակցական չպետք է ղեկավարի ուսումնական կառույցները, Սահակ Մինասյանն ասաց. «Ես կուսակցական եմ, Հանրապետական կառույցի մարզի ղեկավարն եմ, բայց դա ռեկտորի պաշտոնի հետ բացարձակ կապ չունի: Հիմա ինչ-որ առիթավորվել են, ուզում են բողոքել, բայց դա իմ իրավունքն է կուսակցական լինել, թե չլինել:

Երբ որ ԱԺ-ն օրենք կընդունի, որ ռեկտորը պետք է կուսակցական չլինի, կամ իրավունք չունի կուսակցական աշխատանքով զբաղվել, նոր թող դեմ լինեն: Կուսակցական լինելն ինձ չի խանգարում»:

ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարից հետաքրքրվեցինք նաև, թե այս ընթացքում ՀՀԿ շարքերը պաշտոնապես որքան մարդ է լքել, քանի որ մեր տեղեկություններով անդամատոմսերից հրաժարվողների թիվը շատ է: «Եղել են հրաժարվողներ, բայց էդպես մասսայական չէ, մեր կուսակցությունը կուռ է»,-եզրափակեց նա:

Be the first to comment on "ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼԻՆԵԼՆ ԻՆՁ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ. ՍԱՀԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*