«Լաբորանտից մինչև պրոռեկտոր՝ եղբոր շնորհիվ». պարզաբանում է ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը

«Լաբորանտից մինչև պրոռեկտոր՝ եղբոր շնորհիվ». պարզաբանում է ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի աշխատանքից ազատման փաստը հիմնավորում է կառուցվածքային փոփոխություններով, որի մասին տեղյակ են եղել բոլորն, այդ թվում եւ պրոռեկտորը: «Բուհում կատարել ենք կառուցվածքային փոփոխություններ, եւ տիկին Ֆարմանյանի զբաղեցրած պաշտոնն այլեւս մեզ պետք չէր,- նշեց ռեկտոր Սահակ Մինասյանը,- այդ մասին տեղյակ են եղել բոլորն, այդ թվում եւ պրոռեկտորը: Ասեմ ավելին, դեռեւս երկու ամիս առաջ, Անահիտ Ֆարմանյանը հայտարարեց բուհում, որ տեղափոխվում է Երեւան եւ աշխատելու է Երեւանի մանկավարժական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական: Էս ընթացքում ինքը գնաց Երեւան, իրեն ծանոթացրել էին ռեկտորի հետ, եկավ հետ, աշխատանքներն արագացրեց, որ գնա, հետո հանկարծակի հայտարարեց, որ ոչ մի տեղ էլ չի գնում»:

Սահակ Մինասյանի փոխանցմամբ՝ Անահիտ Ֆարմանյանը երկար տարիներ աշխատել է որպես լաբորանտ, հետո թռիչքային, եղբոր՝ Սամվել Ֆարմանյանի միջամտությամբ, 2011թ-ին ստանձնել է պրոռեկտորի պաշտոնը: «Ես, որ եկա աշխատելու, ինձ ներկայացրեցին բուհի կազմակերպական կառուցվածքը, որտեղ ռեկտորը կոորդինացնում էր միայն հաշվապահությունն ու տնտեսական մասը, արհմիությունը եւ էլի ինչ-որ բաժին: Մնացյալը՝ բոլորը, կենտրոնացված էր տիկին Ֆարմանյանի ձեռքում,- ասաց Սահակ Մինասյանը,- ճիշտ է՝ բուհի ռեկտորը դե յուրե Վարդեւան Գրիգորյանն էր, սակայն դե ֆակտո վերջին 5 տարին բուհը ղեկավարում էր Անահիտ Ֆարմանյանը: Ինքը ուսումնագիտական եւ արտաքին կապերի գծով պրոռեկտորն էր: Իսկ հիմա, այդ պաշտոնը մեզ այլեւս պետք չէ, դրանով է պայմանավորված հաստիքի կրճատումը»:

Ռեկտորի փոխանցմամբ՝ իր դեմ ընդվզումներն ու բողոքները սկսվել են ոչ թե անցած տարվա սեպտեմբերին, այլ երկու տարի առաջ՝ բուհի ղեկավարումը ստանձնած օրվանից: «Երկու տարի առաջ, երբ նշանակվեցի, սկսվեց անստորագիր նամակների հեղեղ, հետո ելույթ ԱԺ-ում Սամվել Ֆարմանյանի կողմից սեպտեմբեր ամսին, հետո մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ հանդես եկավ նույն տեքստով: Հետո աղմուկ բարձրացրեցին տարվա սկզբին ուսումնական պլանների հետ կապված, որը 99 տոկոսով տիկին Ֆարմանյանի թերացման արդյունքն էր, բայց քանի որ ռեկտորը ես եմ, պատասխանատվությունը կրեցի ես: Դուք ինքներդ կարող եք ստուգել եւ պարզել, որ ուսումնական պլաններով զբաղվել է Անահիտ Ֆարմանյանը,- նկատեց Սահակ Մինասյանը,- իր ծրագրերն իրականացնելու համար տիկինն այս ամենի մեջ ներքաշեց նաեւ երկու դասախոսների՝ Համբարյանին ու Խորիկյանին»:

ՇՊՀ ռեկտորը համակարծիք չէ աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանի եւ Գագիկ Համբարյանի բարձրաձայնած հարցերի հետ՝ նշելով, որ բուհում 7 ամիս շարունակ ուսումնասիրություն են իրականացրել 10 կազմակերպություն, դատախազությունը եւ գոնե այս պահի դրությամբ որեւէ լուրջ բան չեն հայտնաբերել:

«Էն, որ անընդհատ շեշտվում է, թե բուհի հաշվին 500 մլն դրամ է եղել, պիտի ասեմ, որ ճիշտ չէ: Եղել է 390 մլն, որից 75 մլն դրամի շրջանակներում արդեն իսկ կար պայմանագիր շինարարի հետ, ու փոխանցվել է իրենց, իսկ 315 մլն դրամն աշխատավարձերի բարձրացման վրա է օգտագործվել: Իմ գալուց հետո դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են, որ նախկինում շատ ցածր է եղել, բայց չգիտես ինչու չեն բողոքել: Հարց՝ ինչո՞վ էին լրացնում սոցիալական զամբյուղը ծիծաղելի աշխատավարձ ստացող դասախոսները: Եթե ուզում ես կոռուպցիոն ռիսկեր բացառես պիտի աշխատավարձերը բարձրացնես: Իմ գալուց հետո բուհում 40 տոկոսով աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել: Ինչու՞ չեն խոսում այդ մասին եւ խոսում են վրեժխնդրությունից, չեմ հասկանում»:

Be the first to comment on "«Լաբորանտից մինչև պրոռեկտոր՝ եղբոր շնորհիվ». պարզաբանում է ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*