Հանրահավաք ընդդեմ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի

Հանրահավաք ընդդեմ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի
Մայիսի 5-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ սկսված «մերժման» գործընթացը` հանրահավաքի տեսքով, Գյումրիում շարունակվեց նաեւ այսօր: Վաղօրոք տարածված տեղեկատվությունը, որ մայիսի 7-ին ռեկտորի գործունեությունից դժգոհ ուսանողական եւ դասախոսական կազմի հետ հանդիպելու էր ԿԳ նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը, ժխտվեց: Նախարարությունից հայտնել էին, որ Վահրամ Մկրտչյանը նման մտադրություն չի ունեցել եւ աշխատանքից ազատված դասախոսների հետ էլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել հանդիպման շուրջ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին, երբ ուսանողները նստել էին համալսարանի բակում եւ որոշել էին անժամկետ նստացույց անել, նրանց տուն գնալ հորդորել էին նախկին դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը, հայտնելով, որ հեռախոսային խոսակցություն են ունեցել ԿԳ նախարարի պաշտոնակատարի հետ ու վերջինս պատրաստակամություն է հայտնել երկուշաբթի այցելելու բուհ:

Այսօրվա հանրահավաքն առավել բազմամարդ էր՝ ուսանողներին միացել էին նաեւ քաղաքացիներ, առավել վաղ աշխատանքից ազատված բուհի դասախոսներ եւ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը: Բոլոր ելույթ ունեցողները խոսեցին բուհում հայտանաբերված չարաշահումներից: Նախկին դասախոսների եւ պրոռեկտորի ելույթները հնարավորություն ունեին լսելու թաղամասի բնակիչներն ու պատահական անցորդները: Նախկին դասախոս Գագիկ Համբարյանը կրկին անդրադարձավ Սահակ Մինասյանի աշխատանքային գործունեությանը՝ նրան մեղադրելով կոռուպցիոն գործունեության մեջ:

Գագիկ Համբարյանը ներկայացրեց նաեւ ռեկտորի կողմից բուհի համար դիզելային գեներատորի ձեռք բերման պատմությունը: «Ֆինանսական հաշվետվությունը հրապարկելուց հետո պարզվեց, թե իրականում պարոն Մինասյանի ինչին էր պետք այդ դվիժոկը: Ֆինանսական մեծ խնդիրներ ունեցող Շիրակի համալսարանի ռեկտորը 14 մլն դրամ` 30 հազար դոլար էր տրամադրել դիզելային գեներատորը գնելու համար, էն դեպքում, որ ոչ հատուկ նշանակության լաբորատորիա ենք, ոչ ռազմավարական օբյեկտ, որ մշտապես լույսի կարիք ունենանք, 90-ականներն էլ վաղուց անցել են: Հավաստի տեղեկություններ կան, որ այդ դիզելային գեներատորը Սահակ Մինասյանի սեփականությունն է ու ժամանակին գտնվել է նրան պատկանող «Երեքնուկ» ռեստորանային համալիրում: Հստակ տեղեկություն կա, որ 3-4 տարի շարունակ պարոն Մինասյանը ցանկացել է վաճառել այն ու չի հաջողել: Եվ հիմա շատ լավ առիթ էր ներկայացել` վերջապես ազատվելու դվիժոկից բուհի վրա վաճառելով»:

Գագիկ Համբարյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Սահակ Մինասյանը յուրայինների միջոցով ստորագրահավաք է կազմակերպում: Նրանք որոշել են նամակով դիմել Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշվել են, որ բուհի կոլեկտիվը ցանկանում է աշխատել ռեկտոր Սահակ Մինասյանի հետ: «Ինքն ասում է, որ իբրեւ չի կուսակցականացրել բուհը,-նկատեց Գագիկ Համբարյան,-ես 15 տարի աշխատել եմ այս բուհում, եւ, իրոք, նախկին ռեկտորներից ո՛չ Հորիկ Հարությունյանը, ո՛չ Վարդեւան Գրիգորյանն այդ քայլին չեն գնացել, այլ տարբերակ է Սահակ Մինասյանը: Բոլորդ եք հիշում 2017թ. փետրվարը, երբ Սահակ Մինասյանի մոտ մտնել հնարավոր չէր: Ողջ վարչական մասում գյուղապետերն էին եւ դպրոցի տնօրենները, քան որ ինքն էլ Արման Սահակյան անունով պատգամավորի շտաբի պետն էր, էդ պատգամավորն էլ առավոտից իրիկուն իր կաբինետից դուրս չէր գալիս: Արման Սահակյանը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ պատգամավորներից մեկն է, ինչպես ասում են՝ ընտանիքի անդամը: Եվ որ Մինասյանն ասում էր, որ իր ձեռքերը շատ երկար են ու հասնում են Բաղրամյան 26 եւ ահաբեկում էր դահլիճում դասախոսներին, երեւի ճիշտ էր: Յոթ ամիս խոսել ենք իր կոռուպցիոն գործունեությունից եւ ոչ մի արձագանք՝ պարոն Մինասյանը ջրի երեսին է»:

Բանախոսը նաեւ հրապարակեց ռեկտորի կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրած գումարների վերաբերյալ ձեռքի տակ եղած տվյալները: «1,5 մլն դրամ պարոն Մինասյանը նախատեսել է տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որի ղեկավարը 45-ամյա հավերժ երիտասարդ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն է, տրամադրել է 6 մլն դրամ: Հետաքրքրիր է, ու՞մ հաշվին է էս ճոխ խրախճանքը՝ նախատեսված ՀՀԿ-ի համար, ու՞մ հաշվին է լավամարդ եղել»,-հարցն ուղղեց ներկաներին Գագիկ Համբարյանը:

Բողոքող ուսանողները մտան նաեւ համալսարանի շենք՝ պահանջելով Սահակ Մինասյանի հրաժարականը: Ռեկտորը ցուցարարների հետ չհանդիպեց: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում Սահակ Մինասյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից:

Be the first to comment on "Հանրահավաք ընդդեմ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի"

Leave a comment

Your email address will not be published.


*