ԱԻՆ-ի արձանագրած ձեռքբերումներն ու առաջընթացը 2017-2018թթ.

ԱԻՆ-ի արձանագրած ձեռքբերումներն ու առաջընթացը 2017-2018թթ.
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հանձրարարականի համաձայն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է նախարարության կողմից 2017-2018թթ. ընթացքում արձանագրված ձեռքբերումները, որից առանձնացվել է առավել հետաքրքրական հատվածները:

Միջազգային համագործակցություն

Տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել միջազգային համագործակցության ոլորտում: Հայաստանում արտակարգ իրավիճակների նախարարության փորձով հետաքրքրված են մի շարք երկրներ (Գերմանիա, Լիտվա, Իրան և այլն), որոնք ընդգծում են աղետներին արձագանքող տարբեր կառույցների կենտրոնացված կառավարման արդյունավետությունը:

Սերտացել է փոխգործակցությունը Եվրամիության, ԱՄՆ, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների նախարարության, Ֆրանսիայի ՆԳՆ և «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի, Իտալիայի և Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպությունների հետ:

2017 թ. մեկնարկել է ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա ծրագրի նախապատրաստական փուլը: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման հայ-ճապոնական ուսումնական կենտրոն, բարելավել բնակչության իրազեկման աստիճանը, ինչպես նաև ՀՀ ԱԻ նախարարության և զանգվածային լրատվամիջոցների կարողությունները:

Մարդասիրական առաքելություն

2017թ. ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցություն է ցուցաբերել Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: 50-ավելի հայ հրշեջ-փրկարար մոտ 1 շաբաթ դժվարամատչելի վայրերում պայքար են մղել անտառային հրդեհի դեմ՝ կանխելով կրակի տարածումը մոտակա բնակավայրեր, երախտագիտության խոսքերի ու բարձր պարգևների արժանանալով Վրաստանի իշխանությունների կողմից:

Քաղաքացիական պաշտպանություն

ՀՀ ԱԻՆ կարևոր ձեռքբերումներից է ՀՀ Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքներում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ստեղծումը, որոնք համալրվել են այդ համայնքների երիտասարդ կադրերով:

Հենակետերը ստեղծված են սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանության՝ հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման, հատուկ օբյեկտների պահպանության (ջրամբարներ, ջրաղբյուրներ, կապտաժներ, կամուրջներ), ականապատ տարածքների հայտնաբերման, արգելանշանների տեղադրման, տարածքի հսկողության կազմակերպման, բնակչության տարահանման միջոցառումներին աջակցման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար:

Նոր հրշեջ մասեր և հրշեջ-փրկարարական գույքի արդիականացում

Նախատեսվում է նոր հրշեջ-փրկարարական հենակետեր հիմնել ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և Վայոց ձորի Շատին համայնքում:

2017թ. Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնը ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով՝ 2017թ. կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն (վթարա-փրկարարական և հիդրավլիկ գործիքներ, տարբեր մակնիշի 10 մոտորանավակ, 5 «UAZ Patriot» մեքենա, 1-ական մեքենա՝ նախատեսված ջրասուզակների և սակրավորների համար, շնչառական սարքեր, գեներատորներ, որոնողական սարքեր, ծածկոցներ, ծալովի մահճակալներ, վրաններ, լուսային աշտարակներ, ամենագնաց 8 կվադրոցիկլ (դժվարամատչելի վայրերում, արտաճանապարհային, որոնողական, հետախուզական ու փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար), «Կամազ» մակնիշի 12 ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ պատվիրված վթարափրկարարական 6 ամենագնաց մեքենա, 5 անօդաչու թռչող սարք և շարժական դաշտային խոհանոց, ինչպես նաև ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք` լսարանների հագեցման համար, ջրափրկարարական հանդերձանք, փրկարարական այլ սարքավորումներ և տեխնիկա:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի շնորհիվ Հայաստան է բերվել «Струна-2» գերժամանակակից համալիրը, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը և նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը դարձավ տարածաշրջանային այն եզակի երկրներից, որն ունի այս համակարգից: Դրա միջոցով հնարավոր է գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաև պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը: Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաև հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով:

ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների նվիրաբերվել է հրդեհաշիջման նոր գույք (հրակայուն և ջերմամեկուսիչ հանդերձանք, մարտական բաճկոններ, պոմպեր, փողրակներ, հիդրավլիկ մկրատներ, ամբարձիչներ, լուսարձակներ ու օդի կոմպրեսորներ):

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի նվիրատվությամբ՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկը համալրվել է ամերիկյան արտադրության Pierce մակնիշի երկու մեքենայով՝ 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական և հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ և եռաճյուղ փողրակներով:

«Հրշեջ սարքավորուﬓերի բարելավում» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ հաջորդ տարի կարդիականացվեն ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանուﬓերի գույքը և ավտոﬔքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել բոլորովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան:

Արդիականացվել է սեյսմիկ դիտացանցը

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման, հանրապետության տարածքում մշտադիտարկման ցանցի ընդլայնման և արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի (DASE) ներկայացուցիչների հետ համատեղ Լոռու մարզի Սարատովկա, Սյունիքի մարզի Եղվարդ և Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում տեղադրվել է երկու նոր սեյսմիկ կայան:

Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն և հոգեբանական ծառայություն

ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի շտապօգնության 3 ավտոմեքենա կահավորվել է ժամանակակից բժշկական գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև լիցենզավորվել որպես վերակենդանացման շտապօգնության բրիգադ:

2018թ. շարժական կառավարման կետ հանդիսացող մեքենան կահավորվել է ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցներով և ուժերով: Արդիականացման շնորհիվ այն կծառայի որպես տարբեր տեսակի աղետների գոտում շարժական բուժկետ: Ներդրված թթվածնային համակարգը (որը միաժամանակ կարող է սպասարկել 4 տուժածի) և մյուս սարքավորումները հնարավորություն են տալիս արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին ռեանիմացիոն միջոցառումների դեպքում առանց ընդհատումների տեղափոխել մոտակա բժշկական կենտրոններ:

Մեքենան կարող է արդյունավետ լինել տարբեր հրդեհների արձագանքման ժամանակ: Այն կահավորվել է եզակի հովացման համակարգով, որը թույլ է տալիս այրվածքներ ստացած տուժածներին մինչև հիվանդանոց հասցնելը ցույց տալ առաջին բուժօգնություն: Սա Հայաստանում 1-ին անգամ է ներդրվում: Նախատեսվում է նաև մեքենան համալրել անզգայնացման համակարգով՝ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն կատարելու նպատակով:

Նոր կահավորանքի շնորհիվ այս մեքենայով հնարավոր կլինի տեղափոխել 6 պառկած մարդ, կամ՝ 4 պառկած և 4 նստած՝ ելնելով անհրաժեշտությունից: Իր զանգվածի և չափերի շնորհիվ այս մեքենան կարող է տեղափոխվել նաև ինքնաթիռի միջոցով՝ այլ երկրներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

2017թ. Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի շնորհիվ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնին են տրամադրվել նորագույն մասնագիտացված գույք և սարքավորումներ:

Հակակարկտային ծառայություն

ՀՀ կառավարության պիլոտային ծրագրի շրջանակում արդիականացվել է Արտաշավանի ռադիոլոկացիոն կայանը և Հայաստանում ներդրվել են հակակարկտային պաշտպանության նոր հրթիռային կայաններ: Ռուսական արտադրության հակակարկտային հրթիռային «Элия 3» տեսակի 2 կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող վերջին սերնդի հրթիռային կայանները կրակոցներն իրականացնում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն:

Եվս մեկ փրկության հեռախոսահամար` 112

112 ահազանգման համարը, որը ԵՄ բոլոր երկրներում, ՌԴ-ում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի և 911-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում:

112 փրկության հեռախոսահամարը համապատասխանում է Միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին, առավել ճանաչելի ու հեշտ կիրառելի է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար:

«Սուպեր Դավիթ». էլեկտրոնային նոր ուսուցողական խաղ երեխաների համար

2017թ. աշնանը տեղի ունեցավ «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային կրթական նոր խաղի շնորհանդեսը: Այն ստեղծվել է ՀՀ ԱԻՆ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի և Dasaran կրթական ծրագրի միջև համագործակցության արդյունքում:

«Սուպեր Դավիթ» էլեկտրոնային խաղի հիմքում հայկական ազգային «Սասունցի Դավիթ» էպոսն է: Նպատակն է՝ խաղի միջոցով ուսուցման մեթոդով նպաստել հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների (և ոչ միայն) շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, հաղորդել գիտելիքներ բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության ապահովման և վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել իրազեկ և դժվար իրավիճակում օգնության հասնող երեխաներին

Be the first to comment on "ԱԻՆ-ի արձանագրած ձեռքբերումներն ու առաջընթացը 2017-2018թթ."

Leave a comment

Your email address will not be published.


*