Հրանուշ Խառատյան․ «Հայկական հեղափոխությունը արժեքների հեղափոխություն է»

Հրանուշ Խառատյան․ «Հայկական հեղափոխությունը արժեքների հեղափոխություն է»
Հայկական հեղափոխությունն արժեքների հեղափոխություն է: Եվ այդ հեղափոխությունն առաջին հերթին քաղաքական և հասարակական, մշակութային հեղափոխություն է:

Վերջին երկու ամիսներին հեղափոխության ողջ ընթացքում տարբեր ձևակերպումներով հնչում էր այն հարցը, թե սա ի՞նչ հեղափոխություն է, եթե հեղափոխության նպատակի ձևակերպված գաղափար չկա: Հեղափոխություն բառը մեր կրթության բերումով, սովորաբար, կապվում է «հասարակարգ» բառի հետ, «հասարակարգ» բառն իր հերթին առնվազն մարքսիզմի տեսության շրջանակներում կապվում է ռեսուրսների, արտադրական միջոցների սեփականության և աշխատանքի ու բաշխման կազմակերպման սկզբունքների հետ: Արդյունքում, եթե «հասարակարգի» փոփոխության խնդիր չկա, չկա նաև հեղափոխություն, եղածն ընդամենը իշխանափոխություն է:

Հեղափոխակա՞ն ակտ էր մեր ոչ վաղ անցյալի՝ ԽՍՀՄ կազմալուծումը: ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ տարբեր կերպ են գնահատում այդ երևույթը: Ոմանք՝ «ազատագրական», ոմանք՝ «ազգային-ազատագրական», ոմանք՝ «կայսրությունից անկախության», և շատ քիչ անդրադարձ կա «հասարակարգի փոփոխության» մասին, չնայած, Բելառուսից զատ, բոլոր հանրապետություններում արտադրական միջոցների պետական սեփականությունից անցում կատարվեց սեփականության այլ` գլխավորապես` «մասնավոր սեփականության» և տնտեսության ազատականացման ձևին, իսկ տնտեսության ազատականացման ձևի կողմնակիցները ստացան ընդհանուր «լիբերալներ» բառը՝ տարընթերցումներ մտցնելով նաև «լիբերալ» բառի հարաբերականորեն կայունացած ընկալումներում: Այնուամենայնիվ, ԽՍՀՄ կազմալուծումը քիչ է կապվում «հասարակարգի փոփոխություն»՝ «հեղափոխություն» բառերի հետ, չնայած կազմալուծումից հետո տեղի ունեցածը, մեծ հաշվով, մեր մշակույթում և եզրութաբանությունում ընդունված հասարակարգի հեղափոխություն էր՝ պայմանական կամ ԽՍՀՄ սոցիալիզմից կապիտալիզմի:

Այսօր Հայաստանում տեղի ունեցողը համարյա բացառապես ունի «հեղափոխություն» անունը՝ իր տարբեր կցորդային ձևակերպումներով, որոնք կարելի է դասակարգել իրենց բնութագիչներով.
1. Ձևի, մեթոդի և զգացմունքայնության-հուզականության բնութագրիչներ՝ «թավշյա հեղափոխություն», «խաղաղ հեղափոխություն», «անարյուն հեղափոխություն», «բաց ձեռքերի հեղափոխություն», «մերկ ձեռքերի հեղափոխություն», «ձեռքերի հեղափոխություն», «ծափերի հեղափոխություն», «ուսապարկերի հեղափոխություն», «քայլերի հեղափոխություն», «քայլելու հեղափոխություն», «քայլելու գաղտնիքը», «քայլողների հեղափոխություն», «հետիոտների հեղափոխություն», «բարձր տեխնոլոգիաների հեղափոխություն», «ցանցային հեղափոխություն», «ապակենտրոն հեղափոխություն», «դուխով հեղափոխություն», «ուրախ հեղափոխություն», «տոնական հեղափոխություն» և այլն:

2. Սոցիալական բնութագրիչներ՝ «ժողովրդական հեղափոխություն»/«ժողովրդի հեղափոխություն»/«ժողովրդական շարժում», «երիտասարդական հեղափոխություն», «ուսանողների հեղափոխություն», «երիտասարդ սերնդի հեղափոխություն», «հայկական երիտասարդական հեղափոխություն», «անկախության սերնդի հեղափոխություն» և այլն:

3. Օգտագործվող եզրույթների երրորդ մասն ունի արժեքային բնութագիչներ` «արդարության հեղափոխություն», «ազատության հեղափոխություն», «վերածննդի հեղափոխություն», «զարթոնքի հեղափոխություն», «արժանապատվության հեղափոխություն», «սիրո հեղափոխություն», «սիրո և համերաշխության հեղափոխություն», «սիրո և բաց սրտերի հեղափոխություն», «ապրելու հեղափոխություն», «հայկական գարուն» և այլն: Արժեքային բնութագիչների այս ցանկին կարելի է ավելացնել նաև իշխող քաղաքական կուսակցության հնչեցրած «ատելության հեղափոխություն»-ը: Վերջինս կարելի է մեկնաբանել ինչպես իշխող կուսակցության դիրքային ինքնընկալում՝ իրենք ատեցին այս հեղափոխությունը, այնպես էլ՝ այս հեղափոխության ընթացքում իրենց նկատմամբ ատելության դրևորումներ տեսան:
Արժեքային եզրույթներից ուշագրավ է քաղաքական ենթատեքստ ունեցող «ազատություն» եզրը, որը մոտ մեկ շաբաթ ուղեկցվում էր հանրահավաքներում հնչող «ազա՛տ, անկա՛խ Հայաստան» վանկարկումներով: Այս՝ սովորաբար ազգային ազատագրական շարժումներն ուղեկցող պահանջները արտաքուստ կարող են տարօրինակ թվալ, եթե Հայաստանի ներքին ընկալումն այն հասկանալի չդարձներ, թե ումի՞ց կամ ինչի՞ց էին ցանկանում «ազատվել» և «անկախանալ» ցուցարարները: Սկզբունքորեն կարելի է ասել, որ ուզում էին ազատվել ներքին քաղաքականության կուսակցական մենատիրությունից, որն իր հերթին, ըստ Հայաստանի ընդդիմադիր բնակչության և հեղափոխության տրամաբանության, տանում էր Հայաստանի ինքնիշխանության՝ անկախության մակարդակի նվազման:

4. «Դրսից» տրվող անունների մեջ գերիշխեց «հայկական» և/կամ «հայաստանյան» անունը: Մասնավորապես, ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող եզրերից՝ «գունավոր», «մայդանային», «վարդերի» անունները լուրջ արձագանքներ չունեցան, ավելի շատ օգտագործվեց «հայկական հեղափոխություն» անունը, բայց ռուսերենում դա նաև «հայաստանյան»-ն էր, ռուսերենի «армянская революция» կարող է թե´ ազգային-էթնիկական նշանակել, թե´ ազգային-պետական:

Ինչպես տեսնում ենք, ոչ մի «իզմ» չկա, հասարակարգային ոչ մի հեղափոխականության գաղափարախոսություն չկա, նույնիսկ հեղափոխական եզրութաբանության մեջ հայտնի բառ չկա կամ, լինելու դեպքում, երկիմաստ է (ազատություն, անկախություն):

Բայց իրականում գաղափարախոսություն կա, և այդ գաղափարախոսությունը կարելի է անվանել «արժեքների փոփոխության գաղափարախոսություն»: Կարծում եմ` հայկական հեղափոխությունը կարելի է անվանել արժեքների հեղափոխություն: Հիմնական խնդիրը քաղաքական և հասարակական մշակույթի արժեքների փոփոխությունն է, որոնք արտացոլված են հեղափոխության արժեքային բնութագրիչներում` «արդարության հեղափոխություն», «ազատության հեղափոխություն», «վերածննդի հեղափոխություն», «զարթոնքի հեղափոխություն», «արժանապատվության հեղափոխություն», «սիրո հեղափոխություն», «սիրո և համերաշխության հեղափոխություն», «սիրո և բաց սրտերի հեղափոխություն», «ապրելու հեղափոխություն»: Հեղափոխության գաղափարը, նպատակը, իմաստը հասարակական նոր մշակույթի ձևավորումն է, և այն իսկապես կարելի է անվանել արդարության, մարդու արժանապատվության, կարևորման, արժևորման, հասարակական համաձայնության հեղափոխություն: Սա, մի կողմից, շատ դժվար, մյուս կողմից՝ հեշտ հեղափոխություն է: Այս կարգի հեղափոխության մեծագույն շեշտը դրվում է արդյունավետ գործող իրավական համակարգի և «էլիտաների» վրա՝ ով/ովքեր կհամարվեն «էլիտա», ովքեր կլինեն «պատվի ասպետները», ինչը կընկնի բարոյականության հիմքում՝ պատվախնդրությու՞նը, թե արկածախնդրությունը, թալա՞նը, թե աշխատանքը, համընդհանուր իրավու՞նքը, թե «էլիտար իրավունքը»: Սա ՀՀ նոր կառավարության հիմնական անելիքն է բոլոր ոլորտներում՝ տնտեսության, իրավունքի, տարածքային կառավարման և այլն:

Բայց ես այստեղ շատ մեծ եմ տեսնում մշակույթի և կրթության նախարարությունների դերը, որոնք, իմ կարծիքով, պիտի մշակեն Հայաստանի կարևորագույն հասարակական-մշակութային արժեքները ձևակերպելու և դրանց հասնելու խնդիրները: Քանի դեռ հեղափոխության նպատակները հստակ են:

Be the first to comment on "Հրանուշ Խառատյան․ «Հայկական հեղափոխությունը արժեքների հեղափոխություն է»"

Leave a comment

Your email address will not be published.


*