Հյուսիսային Կորեան երբեք չի հրաժարվի իր միջուկային զենքից

Հյուսիսային Կորեան երբեք չի հրաժարվի իր միջուկային զենքից
Հյուսիսային Կորեան երբեք չի հրաժարվի իր միջուկային զենքից։ Այս մասին հայտարարել է նախկին հյուսիսկորեական դիվանագետ Տե Յունհոն, որը Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Կորեայի դեսպանի պաշտոնը լքել է 2016 թվականին եւ ապաստան է խնդրել, փոխանցում է AFP–ն։

Նրա կարծիքով՝ դիվանագիտության եւ բանակցությունների ներկայիս զարգացումները կավարտվեն ոչ թե «անկեղծ եւ լրիվ զինաթափմամբ», այլ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի նվազմամբ։ Նրա համոզմամբ՝ Հյուիսային Կորեան կմնա միջուկային երկիր։

Հիշեցնենք, որ հունիսին պետք է կայանա ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերը կդառնան քննարկման հիմնական թեման։

Հյուսիսային եւ Հարավային Կորեաները անցած ամիս հաստատել են իրենց հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, իսկ Փհենյանը հայտարարել է, որ կփակի միակ հայտնի միջուկային փորձարկման պոլիգոնը։

Վաշինգթոնը պնդում է «Հյուսիսի ամբողջական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման» շուրջ։ Փհենյանն էլ հայտարարում է, որ իրեն միջուկային զենք պետք չի լինի, եթե վարչակազմի անվտանգությունը երաշխավորվի։

Սակայն, Տե Յունհոն գտնում է, որ Հյուսիսային Կորեան կպնդի, որ միջուկային զինաթափման գործընթացը երկրի կործանմանը կբերի։ Մարդիկ պետք է հասկանան, որ Հյուսիսային Կորեան հուսահատորեն կառչում է իր միջուկային ծրագրից։ Փհենյանը չի տեսել սահմանված պատժամիջոցների ավերիչ ուժը, որը կսպառնար Հյուսիսային Կորեայի միլիոնավոր բնակչության գոյության միջոցների աղբյուրներին։

Be the first to comment on "Հյուսիսային Կորեան երբեք չի հրաժարվի իր միջուկային զենքից"

Leave a comment

Your email address will not be published.


*