ՀՀԿ-Ն՝ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ԴԵՄ, ՔՊ-Ն՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ

ՀՀԿ-Ն՝ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ԴԵՄ, ՔՊ-Ն՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ

Հեղափոխությունն ավարտվեց ու ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Գևորգ Կոստանյան, Անդրանիկ Հարությունյան) շրջանառության մեջ դրեցին ժողովրդահաճո մի նախագիծ, որով առաջարկում են բացառել շարժական տեսանկարահանող սարքերի գործունեությունը։ Սա համացանցում անմիջապես ընկալվեց որպես ՀՀԿ-ի կողմից ուշացած բարի գործ ժողովրդի համար՝ «բա ո՞ւր էիք մինչև հիմա» կոնտեքստում։ Չնայած՝ նկատենք, որ նախագիծը քննարկվել էր դեռ հեղափոխությունից առաջ՝ ապրիլի 3-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում և արժանացել հավանության, ու թերևս ընթացակարգային առումով այն հիմա դրվեց շրջանառության մեջ։

Նախագծի մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով․ «Նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։ Այլ կերպ ասած, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս»։

Բայց իշխող կուսակցությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի», այս հարցում այլ առաջարկներ ունի՝ չքննադատելով, իհարկե, ՀՀԿ-ականների առաջարկը։ ՔՊ անդամ, Ալեն Սիմոնյանը, ով ԱԺ-ում պետք է զբաղեցնի Նիկոլ Փաշինյանի թափուր մանդատը, այս առնչությամբ մեզ հետ զրույցում նախ նկատեց՝ ՀՀԿ-ն նման լավ քայլեր անելու համար մի ամբողջ տասը տարի ուներ։ Ապա ավելացրեց․ «Էստեղ շատ ավելի մեծ խնդիր կա, որին պետք է լուծում տրվի ու ես պատրաստվում եմ էդ հարցը բարձրացնել։ Կա մի խնդիր, որը վերաբերում է արդեն առկա տուգանքներին։ Խոսքը մոտ տասը միլիարդ դրամի մասին է։ ՀՀ քաղաքացիները տասը միլիարդի չվճարված տուգանք ունեն, ու էդ տասը միլիարդ դրամը նաև ծանրաբեռնում է հանրապետության դատական համակարգը, բանկային համակարգը։ Ակնհայտ է, որ էդ մարդիկ չեն կարող էդ գումարը վճարել։ Ու ես ենթադրում եմ, որ նաև իմ կողմից նախաձեռնություն կլինի, որպեսզի համաներում լինի այդ տասը միլիարդի հետ կապված»։

**-Նկատենք, որ այդ տուգանքների միջոցով համալրվում է բյուջեն, այլ հարց է, որ այդ տուգանքները շատ դեպքերում անհարկի էին լինում։ Դուք այս հանգամանքը հաշվի առե՞լ եք, հատկապես, որ տասը միլիարդը քիչ փող չէ։ **

-Այո, հաշվի առել ենք։ Տեսեք, խոսքը այն գումարների մասին է, որն արդեն ակնհայտ է, որ քաղաքացին չի կարողանալու վճարել։ Այսինքն՝ ինքը մնացել է դրա տակ, ու ակնհայտ է, որ ինքն անվճարունակ է։ Հիմա, ենթադրենք էդ մարդը 1-1.5 մլն դրամանոց մեքենա է քշում, գյուղից գալիս ինչ-որ ապրանք է ծախում կամ տաքսի է քշում, հիմա իր հաշիվների վրա կալանք է դրած, որովհետև ինքը երկու միլիոն դրամի տուգանք ունի՝ իր մեքենայի գնից բարձր, ինքը չի կարողանում էդ գումարը վճարել, չի կարողանում վարկ վերցնի, որ, ենթադրենք, պարարտանյութ առնի, ինչ-որ բան աճեցնի, ու փաստացի մենք էդ մարդուն ոչնչացնում ենք։ Էդ տասը միլիարդը վերաբերում է մոտավորապես 100-120 հազար քաղաքացու։ Իսկ էն մարդիկ, որոնք կարմիր լույսի տակով են անցել կամ այլ խախտում են արել, նրանք հիմնականում վճարել են էդ տուգանքները։

-Այստեղ մի մտավախություն էլ կա, սրանով արդյոք չի՞ խրախուսվելու օրինազանցությունը։

-Չէ, չի խրախուսվելու, որովհետև դա վերաբերելու է անցյալին, այսինքն՝ հետադարձ ուժ է ունենալու, ու դա չի նշանակում, որ ամեն օր համաներում է լինելու։ Դա վերաբերում է էն մարդկանց, ովքեր էսպես թե էնպես չեն կարողացել վճարել։ Բնական է՝ չի խրախուսվելու, ու էն կարգը, որ գործել է, շարունակելու է գործել, այսինքն՝ մարդկանց հաշիվների վրա կալանք է դրվելու, ու դա շարունակելու է գանձվել հօգուտ պետության։

Be the first to comment on "ՀՀԿ-Ն՝ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ԴԵՄ, ՔՊ-Ն՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ"

Leave a comment

Your email address will not be published.


*